Բուշեհր քաղաքում ավարտվել է իրանական առաջին ատոմակայանի կառուցումը: Այդ մասին հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը, վկայակոչելով այցով Իրանում գտնվող «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոյի խոսքերը: Մինչեւ գործարկումը պետք է իրականացվեն մի շարք բարդ գործողություններ:
Ասոշիեյթեդ պրես գործակալության տվյալներով, ԱԷԿ-ում սկսվում են թեստային փորձարկումներ:
Կիրիենկոն պարզաբանել է, որ այդ փորձարկումները ենթադրում են ռեակտորում վառելիքի նմանակային կասետների տեղադրում: Ռեակտորի փորձնական բեռնավորմանը կհաջորդեն ջրաբաշխական փորձարկումները եւ մյուս համակարգերի ստուգումները:
Բուշեհրի ԱԷԿ-ը կառուցվել է ռուսական «Ատոմստրոյէքսպորտ» ընկերության մասնակցությամբ: 2007-ի դեկտեմբերին սկսվել էր Ռուսաստանից միջուկային վառելիքի մատակարարումը իրանական ատոմակայանի համար: Հաղորդվում է, որ բանեցված վառելիքը հետ է ուղարկվելու Ռուսաստան: