Երեւանի քաղաքապետի աթո՞ռը, թե՞...
Պետության հիմնական գործառույթներից մեկը հասարակական կարգի պահպանումն է եւ իր քաղաքացիների անվտանգության ապահովումը: Փորձը ցույց է տալիս, որ զանգվածային անկարգությունների դեպքում պետությունը պարտավոր է համարժեք գործողություններով կանխել դրանք, այլապես յուրաքանչյուր պետություն կընկնի պերմանենտ ցնցումների մեջ: Նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին քաջածանոթ է պետության այս գործառույթը: 1996 թ. նա նույնիսկ առիթ է ունեցել իր մաշկի վրա զգալու հասարակության եւ իշխանության երկփեղկվածության հետեւանքները: Նորանկախ Հայաստանում առաջին անգամ հասարակության զանգվածային դժգոհությունների եւ անկարգությունների դեմ օրինական ուժ կիրառելու պատասխանատուն հենց ինքն է եղել: Նման դեպքերում որպես կանոն իշխանությանը հաջողվում է, երբեմն նաեւ ցավալի կորուստների գնով, ճնշել անկարգությունները եւ հաստատել կարգուկանոն: Նման իրադարձություն ցավոք տեղի ունեցավ նաեւ 2008 թ. մարտի 1-ին, բայց այս անգամ Տեր-Պետրոսյանը, ճակատագրի հեգնանքով, հայտնվել էր բարիկադի մյուս կողմում: Չկենտրոնանալով մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների մանրամասների վրա, այնուհանդերձ խիստ կարեւոր է հստակ ստանալ մի հարցի պատասխան. գիտակցելով այս ամենը եւ շատ լավ հասկանալով, թե իրադարձությունների նմանատիպ զարգացումները ինչի են հանգեցնելուՙ ինչո՞ւ Տեր-Պետրոսյանը գնաց իշխանություններին ուժի կիրառման դրդելու ճանապարհով, ո՞րն էր ի վերջո նրա հիմնական նպատակը: Չէ՞ որ քաղաքական վերածննդի հենց սկզբից Տեր-Պետրոսյանը որդեգրեց արմատական մոտեցումներ, որի արդյունքում գրեթե ամեն օր նրա թիմի անդամների, նրանց սպասարկող լրատվամիջոցների կողմից հասարակությանը ներարկվում էր ատելություն, անհանդուրժողականություն, թշնամություն: Եվ այս ամենն ուղեկցվում էր վիրավորանքների, զրպարտանքների, շատ դեպքերում ապատեղեկատվության տարածմամբ:
Վերլուծելով Տեր-Պետրոսյանի քաղաքական ակտիվության ուղին սկսած 2007-ի սեպտեմբերից, կարելի է արձանագրել, որ նրա կողմից պետությանը սպառնացող արտաքին մարտահրավերներին կամ հասարակությանը հուզող հիմնախնդիրներին համապատասխան լուծման տարբերակ առաջարկելու խնդիր դրված չէր:
Տեր-Պետրոսյանի ընտրած մարտավարությունը, ելույթների բովանդակությունը, կիրառած հնարքները եւ քաղաքական տեխնոլոգիաները ցույց տվեցին, որ նա ուներ կա՛մ անձնական շարժառիթներՙ ասենք վրեժխնդրություն, սեփական իշխանության տարիներին թույլ տված սխալների սրբագրում, ՀՀՇ եւ նրա լիդերների վերածնունդ, կա՛մ պետականության հիմքերը խարխլելու, պետության ներսում եւ դրսում ապագա նախագահի հեղինակությունն ու դիրքերը թուլացնելու, լեգիտիմության ճգնաժամ առաջացնելու նպատակ:
Պետք է ընդունել, որ տերպետրոսյանական թիմը որոշ մասով կարողացավ հասնել իր առջեւ դրված նպատակներին: Ժամանակին բավականին մեծ հեղինակություն ունեցող ընդդիմադիր քաղաքական գործիչներ, ինչպիսիք Ա. Զ. Սարգսյանը կամ Ստ. Դեմիրճյանն էին, այսօր մղվել են հետին պլան, եւ դաշտում ընդդիմության խոսափողի դերում հանդես են գալիս հիմնականում ՀՀՇ նախկին ղեկավարներն ու ներկայացուցիչները: Մյուս կողմից պետք է ընդունել, որ նախագահական ընտրություններից հետո երկրում իրականում ստեղծվել էր բավականին ծանր քաղաքական իրավիճակ. համընդհանուր անհանդուրժողականություն, հոռետեսություն, անվստահություն վաղվա օրվա նկատմամբ, Հայաստանի նկամամբ արտաքին ուժերի, մասնավորապես` եվրոպական կառույցների դիրքորոշումների խստացում: Սակայն նույն Լ. Տեր-Պետրոսյանը հետագայում տեսնելով ու գնահատելով իշխանությունների ձեռնարկած քայլերը եւ դրանք կյանքի կոչելու վճռականությունը, մյուս կողմից հանրահավաքների մասնակիցների նոսրացող շարքերը` միանձնյա որոշում կայացրեց դադարեցնելու հանրահավաքները, ինչն ակնհայտ դժգոհություն առաջացրեց նրա թիմակիցների շրջանում: Հետագայում պարզ դարձավ, որ հանրահավաքները դադարեցնելու նպատակահարմարության` նրա կողմից բերված փաստարկները ուղղակի անհիմն էին:
Եվ ահա մոտենում է մարտի 1-ը: Տեր-Պետրոսյանը եւ նրա թիմը նորից ակտիվացել են: Բնականաբար, այս անգամ եւս կարեւոր է հասկանալ այս թիմի իրական նպատակները: Իհարկե, նրանք բարձրագոչ խոսքեր պետք է ասեն երկրի եւ ժողովրդի առջեւ ծառացած հիմնախնդիրները լուծելու իրենց վճռականության մասին, սկսած գործը վերջնակետին հասցնելու մասին եւ այլն եւ այլն: Սակայն մեկ բան պարզ է. նրանք, նախորդ տարվա մարտի սկզբի իրադարձությունները շահարկելով եւ հասարակության դժգոհ հատվածին ակտիվացնելով, փորձելու են Երեւանի քաղաքապետի սպասվող ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնել: Շատերը կարող են հարցնել` բայց չէ՞ որ այս թիմը իր ամբողջ ռեսուրսն օգտագործելով չկարողացավ հաղթել նույնիսկ Կենտրոնի թաղապետի ընտրություններում, էլ ի՞նչ հույսով կարող է գնալ Երեւանի քաղաքապետի ընտրություններին: Պատասխանը մեկն է` ոչ մի: Հետեւաբար մեկ բան պարզ է. Լ. Տեր-Պետրոսյանը եւ նրա թիմը Երեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու են ոչ թե հաղթելու, այլ մեկ անգամ եւս Հայաստանում անցկացվող ընտրությունների ընթացքի եւ արդյունքների վրա ամեն գնով ստվեր գցելու, անհանդուրժողականության եւ անվստահության մթնոլորտը խորացնելու, ներքաղաքական իրավիճակը ապակայունացնելու եւ «պղտոր ջրում ձուկ որսալու» նպատակով:
ԱՐՏԱՎԱԶԴ ՍԱՀԱԿՅԱՆ