«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#31, 2009-02-24 | #32, 2009-02-25 | #33, 2009-02-26


ՊԱԹԵՏԻԶՄԻՑ ԲԵՌՆԱԹԱՓՎԱԾ ՀԱՅԱՑՔ «ՍՊԱՐՏԱԿԻՆ»

Փետրվարի 14-ին Դյուսսելդորֆի Դոյչե օպեր ամ Ռայն անունը կրող թատրոնում կայացավ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի պրեմիերան: 2 ժամ տեւողությամբ գունեղ բեմադրությունն ավարտվեց հանդիսատեսի բռավոներով, վարագույրը մի քանի անգամ իջավ-բարձրացավՙ առիթ տալով ներկայացումը հավանած հանդիսատեսին 15 րոպե եւս շարունակել երեկոնՙ հոտնկայս, երկարատեւ, բուռն ծափերով ողջունելով գլուխ խոնարհող արտիստներին:

Բազմազգ բալետային խումբը, ուր փայլում էին մեր երկու հայրենակիցները` Սուսաննա Կայծը ու Արմեն Հակոբյանը, նույնքան բազմազգ հանդիսատես ուներ (ի դեպ թատրոնի դրամարկղի աշխատակցուհին, որ սպառել էր օրվա տոմսերի վաճառքը, կարծիք հայտնեց, թե «Սպարտակն» առեւտրային տեսակետից շահավետ կլինի): Մեր նշանավոր հայրենակցիՙ Դյուսսելդորֆի փողոցները երանգավորած «Սպարտակի» բալետային ազդագիրը անշուշտ ապահովել էր պրեմիերային հայերի ներկայությունը, բայց գերմանացիների կողքին մեծ թիվ էին կազմում նաեւ ռուսները կամ ռուս հրեաները, ովքեր ոչ միայն քաջ ծանոթ էին երաժշտական այս կտավին, այլեւ համեմատում էին իրենց տեսած «սովետական» բեմադրության հետ: Ճեմասրահում դժվար չէր համոզվել, որ ներկայացումը հավանած հանդիսատեսի լեզուն հիմնականում ռուսերենն էր: Դյուսսելդորֆի Կլարա Շուման երաժշտական դպրոցի տնօրենն ի պատասխան մեր հարցի անկեղծացավ, թե Խաչատրյանի իր նախընտրած ստեղծագործությունը թավջութակի կոնցերտն է, իսկ «Սպարտակը» թեթեւ ստեղծագործություն է:

Դյուսսելդորֆի թատրոնի բալետային մասը 13 տարի ղեկավարելուց հետո հունգար խորեոգրաֆ Յուրի Վամոշին այս տարի աշխատանքային ուրիշ հասցե է կանչում: Իսկ վերջակետն այս բեմում «Սպարտակն» է, մի նվիրական անդրադարձ, որն արդեն 1988-ից ի վեր տարբեր խաղաշրջաններում բեմ ու ծափեր է արձանագրել Բոննում, Բեռնում, Արենա դի Վերոնայում, իսկ 2009-ի փետրվար-հուլիսին Դյուսսելդորֆում, ապրիլի 30-իցՙ նաեւ Դույսբուրգում:

Մամուլում արձագանքները թեպետ շատ չեն, բայց եղածներն էլ փաստում են, որ Վամոշիՙ «Սպարտակով» վերջակետը միանշանակ չի ընդունվում: WDR-ի հակիրճ արձագանքը մեղմացնող հարցականով, այդուհանդերձ գոհունակ չես համարիՙ «իր հրաժեշտը մեռնո՞ղ հերոսի պատմությամբ»: NRZ թերթի հոդվածագիրն էլ քննադատության սլաքներն ուր ասես չէր ուղղել, թերեւս, ամենատարօրինակըՙ կարելի՞ է այսօր բեմ հանել հակաարեւմտյան քարոզչությանն ուղղված մի ստեղծագործություն, որի երաժշտական ու բեմական հենքը սոցռեալիզմն է:

Մոսկվայից հրավիրյալ դիրիժոր Ֆելիքս Կորոբովը, որ հրաշալի վերականգնեց մեր ականջներում նիրհող խաչատրյանական սիրուն ելեւէջները, իր ասելով սիրով է ընդունել Յուրի Վամոշի հրավերը: Ի դեպ, դյուսսելդորֆյան «Սպարտակը» ոչ միայն բեմադրական, այլեւ երաժշտական տարընթերցմամբ է մատուցվածՙ առանձին հատվածներ կրճատվել են եւ «ամբողջացվել» Խաչատրյանիՙ 1936-ին դաշնամուրի, 1946-ին թավջութակի եւ նվագախմբի համար գրված կոնցերտներից հատվածներով: «Ինչո՞ւ Խաչատրյանի «Սպարտակը» մեր հարցին ի պատասխան ռուս մաեստրոն պատասխանեց. «Խաչատրյանի երաժշտությունն այսօր հանիրավի մոռացության է տրվում, այքան էլ հաճախ չի կատարվում: Մոդան հաճախ դուրս է նետում իրապես արժեքավոր գործեր, «Սպարտակն» այդպիսիներից էՙ հրաշալի երաժշտություն: Կեղծ տպավորություն կարող է ստեղծվել, թե բարձր եւ արագ երաժշտություն է, իսկ իրականում շատ նուրբ է ու խորըՙ թաքուն սիրային էպիզոդներով»:

Առաջիկայում առավել մանրամասն կներկայացնենք Վամոշիՙ պատմական հայտնի այս կերպարը, իրադարձությունները վերապատմելու «ոչ ավանդական» հայացքի մասին, որն անշուշտ որքան էլ վիճելի, ամեն դեպքում արժանի է գնահատանքիՙ Խաչատրյանի երաժշտությունը եւս մեկ անգամ արեւմտյան բեմ վերադարձնելու համար:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Դյուսսելդորֆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4