Հովհաննես Թումանյանի ծննդյան 140-ամյակին նվիրված գիտաժողով էր անվանի գրողի թանգարանում, որը լավ էր նախապատրաստել հաստատության ղեկավարությունը, բայց... դահլիճում նստած էին 12-15 հոգի` ներառյալ զեկուցողները, իսկ գրողներ չկային:
Այդ օրն առավոտյան փորձեցի ճշտել գիտաժողովը սկսելու ժամը եւ զանգահարեցի գրողների միություն: Առաջին պատասխանը մխիթարական չէր. «Չգիտեմ, զանգահարեք (այսինչ համարով)»: Զանգահարեցի այդ համարով. դարձյալ հանկարծակիի եկածի պատասխան: Զարմանք կտրեցի, լսելով, որ չգիտեին այդ միջոցառման, էլ ուր մնաց ժամի մասին: Պատասխանում էին գրողների միության արվեստի բաժնից: «Ինչպե՞ս թե, դուք չգիտեք Թումանյանական օրերի շրջանակներում Թումանյանի թանգարանում անցկացվող գիտաժողովի մասի՞ն»: «Ոչ, չգիտեմ: Եթե թանգարանում է, զանգեք թանգարան»: Բայց բարի գտնվեց տալ թանգարանի հեռախոսահամարը:
Վերջապես ժամը ճշտեցի եւ գնացի: Թանգարանում իրոք հոբելյանական տրամադրություն, անձնակազմը ոտքի ու պատրաստակամ, իսկ դահլիճում... մի քանի հոգի: Կարծեցի, թե մեր գրողները ուշացած կգան, նրանք ուշ են արթնանում (Պուշկինն սկսում էր աշխատել լույսը չբացված): Ավա՜ղ, չեկան: Ակամա հիշեցի մեկ ժամ առաջվա խոսակցություններս գրողների միության աշխատակիցների հետ եւ հասկացա անտարբերությունը:
Գրողների միության ղեկավարությունից, անդամներից ոչ ոք չկար, իսկ ժուռնալիստների միությունից նախագահ Աստղիկ Գեւորգյանն էր եկել: Թումանյանն ավելի շատ գրո՞ղ էր, թե ժուռնալիստ (թեեւ փայլուն հրապարակախոս ու պոլենիստ էր):
Ի դեպ, գրողների միության նախագահը նախորդ երեկոյան Արմեն Դուլյանի 25 րոպե հաղորդման ժամանակ 25 անգամ կրկնեց, որ իրենք քափ ու քրտինք աշխատում են, ժամանակ չունեն: Ամենայն հայոց բանաստեղծի հոբելյանին նվիրված գիտաժողովին մասնակցելու ժամանակ էլ չունեցա՞ն, միության շուրջ 350 անդամներից ոչ մեկը ժամանակ չունեցա՞վ գալու եւ լսելու, թե ինչպես հայոց վշտի ողբերգակը ցրտաշունչ փետրվարի Սեմյոնովկայի բքերի միջով, ձյան բարդերը ոտքով ճեղքելով, հակառակորդ կողմերի գնդակների տարափի տակ շտապում էր Երեւան` հաշտեցնելու եղբայրասպան ամբոխներին խելագարված (Գրիգոր Ջանիկյանի զեկուցումից): Սկսնակներից մինչեւ «վարպետները» սա կարդալու ժամանակ (ու հավես) չունեն անշուշտ, լսել էլ չուզեցի՞ն:
Հոմերի, Գյոթեի հետ հավասար քեֆի նստած, մեծարանք տված ու առած մեր հմուտ, հանճարեղ լոռեցին իր հոբելյանի օրերին (140-ամյա) արժանի չեղա՞վ հայ գրողի տարրական ուշադրությանը, էլ չասենք մեծարանքին:
ՄԱՆՎԵԼ ՄԱՐԳԱՐՅԱՆ