Չնախատեսված ազատությունների թյուր ընկալումները, ազատության իլյուզիան մեզ պարուրեց կեղծիքի այնպիսի թանձր շպարով, որ այս խորը թմբիրից կամ դեպրեսիայից դուրս գալը շատ ջանքեր է պահանջելու: Բայց մինչ այդ լավ է խուճապ առաջացնելըՙ ափսոս, որ միայն սեփական մաշկի վրա զգալու պարագայում: Կեղծ ազատությունները վայելելու չտեսի անհագուրդությունից էր, որ այսօր չարի ծաղիկներըՙ կյանքի մոլախոտը առատորեն տարածվել է մեր շուրջըՙ շնչահեղձ անելու աստիճան: Պետք է արձանագրել այս իրավիճակը, մթնոլորտըՙ որպես բարոյական ճգնաժամի հետեւանք: Այս պարագայում խոսել որեւէ ասպարեզում առաջընթացի մասինՙ ինքնախաբկանք է: Դիլետանտիզմը, կեղծիքը սպառնում է մեր կյանքից վտարել ապրելու ամենահիմնական գրավականըՙ վստահությունը, հույսը: Միջակությունն այսօր տոնում է իր փառավոր հաղթանակը, եւ դրա ջատագովները լիուլի հագուրդ են տալիս իրենց անձնական ճղճիմ նկրտումներին, ցածր ճաշակին:
Չարիքի արմատներն, իհարկե, անտեսանելիի տիրույթում են, հոգեւոր (բարոյական) հարթություններում: Բայց երբ խոսում ես այս մասին, աչքի փուշ ես դառնում, կամ անհասկանալի: Առարկայորեն դրսեւորվելու պարագայում, հեշտ է արդեն: Հայկական հեռուստաեթերն, օրինակ, առարկայական էՙ որպես չարի ծաղիկների սերմացանի լավ օրինակ, այդ սերմերը նա անխոնջ տարածում է այս փոքրիկ երկրի խեղճ մարմնի ամեն անկյունումՙ ամեն արժեքավորը, լավը, ազնիվը սպանելու:
Վերջին շրջանում հայկական TV-ները իրենց սլաքն ուղղել են Հայաստանի գրողների միության դեմ: Հեռարձակում են վարկաբեկիչ հաղորդումներ եւ մի քանի անգամ կրկնում: Ակնհայտ է, որ երբ մամուլի որեւէ հրապարակում կամ հեռուստահաղորդում հետեւողական ու սեւեռուն է, ուրեմն հետեւում ինչ-ինչ շահեր, ծրագրեր կան: Մտավորականությանը վարկաբեկող հասարակական կարծիք ձեւավորելու հեռուստատեսությունների այս քաղաքականությունը համընդհանուր ծրագրի մի վտանգավոր մաս է կազմումՙ ազգային մեր ինքնությանը ակնհայտորեն սպառնող: Այդ մտահոգությամբ երեկ ՀԳՄ վարչությունը ընդլայնված նիստ էր հրավիրել: Լեւոն Անանյանը ներկայացրեց ստեղծված իրավիճակը, մթնոլորտը: Թարգմանիչ-հրապարակագիր Արմեն Հովհաննիսյանը առաջարկեց ստեղծագործական միությունների, մտավորականության դեմ կազմակերպված այս արշավանքները կանխող հայտարարության տեքստով դիմել հանրապետության նախագահին:
Արմեն Մարտիրոսյանը նկարագրեց, թե ինչպես է կազմակերպվել Հ1-իՙ ներշնչանքի կամ մուսայի մասին հաղորդումը: Լրագրողները մտել են աշխատասենյակ, իրենց բերած օղու շիշը դրել սեղանին, թե ինչ մուսա, առանց օղու, կոնտեքստից կտրված մեջբերումներով վարկաբեկիչ հաղորդում սարքել:
Ելույթ ունեցողների խոսքը հիմնականում հեռուստալրագրության էթիկան խախտելու եւ պարկեշտության սահմաններն անցնելու մասին էր: Երեւի դրան չդիմացան ու բոլոր օպերատորները միանգամից հավաքեցին սարքերըՙ հեռանալու: Քննարկման մասնակիցները վրդովված փորձեցին կանխել դա: Բարեբախտորեն հնչեց նաեւ կարծիք, որ հասարակական կարծիք ձեւավորում է ոչ միայն հեռուստատեսությունը, այլ նաեւ մամուլը: Էդուարդ Միլիտոնյանն ասաց, որ կան թերթեր, որոնք ազգային, մարդկային, բարոյական արժեքներ են պաշտպանում եւ ուշադրություն դարձրեց հատկապես ներքին խնդիրներինՙ ինքնադատության կարգով, նկատելով, որ գրողները նույնպես թերանում են, քիչ են գրում, հրապարակախոսում: Կազմակերպչական հարցերից բացի, նրա կարծիքով, ՀԳՄ-ն պետք է կարողանա գրողին եւ նրա ստեղծագործությունը ներկայացնել, տարածել: Նմանապես Սուրեն Դանիելյանը ստեղծված վիճակը պայմանավորեց նաեւ գրողների պասսիվությամբ, անտարբերությամբ, նախաձեռնության պակասով:
Պատկերավոր ներկայացրեց իրավիճակը Արեւշատ Ավագյանը . «Հանձինս հեռուստատեսությունների Երեւան են բերվել տրոյական ձիեր: Ամեն օր եթերից հայոց տներն է մտնում մեր հոգեկերտվածքը խեղող ամեն տեսակ աղբ»:
Կարպիս Սուրենյանը գրողի, գրելու հանդեպ հնուց եկած քամահրանքի մասին խոսեց: Երեւույթի պատճառը ազատության թյուր ըմբռնումը համարեց եւ հիշեց հռոմեացի պատմիչ Տակիտոսիՙ Արտաշեսյան դինաստիայի անկումի եւ Արշակունիների դեռեւս չհաստատված մի կարճ ժամանակաշրջանի մասին ասած խոսքերը, թե նրանք ոչ թե ազատ են, այլ անտեր: Իսկ ամենակարեւորը գլոբալիզացիայիՙ հոգեւոր մթնոլորտը քանդելու ծրագիրն է, աշխարհը վերածելու մի բանջարանոցի, ուր միայն դդումներ են աճում:
Պրագմատիկ էր Հովհաննես Գրիգորյանը ՙ այս ամենի պատճառը համարելով գրողների միությանՙ քաղաքի կենտրոնում գտնվող շենքը: Այն միտքը, թե երկրի ղեկը խաժամուժի ձեռքն է ընկել խեղաթյուրված ազատությունների արդյունքում, ուր օլիգարխն իր շահն ունի, դիլետանտն ու անտաղանդըՙ իրենց, եւ լրագրողին պետք չէ մեղադրել, նա էլՙ իրեն հանձնարարածն է անումՙ մի քանի դրամի դիմաց, հարաբերական է, քանի որ հասարակությունները քայքայվում են այն դեպքում նաեւ, երբ յուրաքանչյուր քաղաքացի խուսափում է իր բաժին պատասխանատվությունից:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ