Ազգն ընդհանուր տարածքային, տնտեսական եւ այլ կապեր ու գործոններ ունենալուց առաջ մշակութաբանական երեւույթ է, ուստի այս գիտակարգով անվանվող տեսակը չի կարող ոտնձգություն անել ուրիշի մշակույթի վրա: Հայոց պատմահայրը վրացիների մասին հիշում է երկու-երեք անգամ, հենց հոգեւոր-մշակութային կամ ներքին անմիաբանության մեջ հարեւանի ունեցած դերի համատեքստում (խորհրդանշական հարաբերություն): Դրանցից առաջինը կապվում է վրաց դարձի հետ, երբ Հռիփսիմյանց կույսերից «երանելի Նունեն» խորհուրդ է հարցնում Գրիգոր Լուսավորչից իր հետագա անելիքի մասին. «Նա հրաման ստացավ կուռքերը կործանել, ինչպես արել էր եւ ինքը, եւ կանգնեցնել պատվական խաչի նշանը, մինչեւ որ Աստված հովիվ տա նրանց առաջնորդելու»:
Մյուսը կապվում է Մաշտոցյան գրի հետ, եւ այս վկայության մեջ քիչ կարեւոր չէ այն, որ Մեսրոպին Վրաստանում տրվում է ընդառաջման լայն հնարավորություն. «Մեսրոպը, Վրաստան գնալով, նրանց համար էլ ստեղծում է նշանագրեր մի ոմն Ջաղայի հետ, որ հունարենի եւ հայերենի թարգմանիչ էր. օժանդակություն գտնելով նրանց Բակուր թագավորից եւ Մովսես եպիսկոպոսից»: Եվ երրորդը, ուր ակտիվ էին հարեւանները. «Արշակը, վրացական գնդով գալով, իր մտերիմներից էլ սակավաթիվ զորք է հավաքում եւ պատերազմ է սկսում նախարարների դեմՙ Արշակավան դաստակերտի վրեժն առնելու համար»:
Եղիշեն եւս վրացիներին հիշում է որպես հայերի հարեւանությամբ կամ նրանց կողքին գտնվող մի ուժՙ Հազկերտի օրհասի դեմ, քանի որ պարսից արքայի թուղթն անմիջապես հասնում է հայոց, վրաց, աղվանից եւ այլ աշխարհներ, եւ հետագա դեպքերը ճակատագրով դատապարտվածների քայլեր են, ուր թեկուզ երերուն միասնականությունն ինքնին անխուսափելի էր, մանավանդ որոշող դերն անընդհատ մնում էր հայերի վրա: Այսպեսՙ Անգղից հետո հայոց զորքը երեք գնդերի է բաժանվում, առաջինը շարժվում է դեպի Ատրպատականի սահման, երրորդը մարզպան Վասակի հետ մնում է երկրի ներսում. «Երկրորդ գունդը տվին հայոց Վարդան զորավարի ձեռքը, որ վրաց սահմանից անցնի Ճորա մարզպանի վրա, որ եկել էր Աղվանից եկեղեցիներն ավերելու»: Հասկանալի է, որ թեկուզ այս չափի դաշինքը պիտի մտահոգեր երկպառակտիչ ուժերին, եւ այլ չարագործությունների հետ առանձնապես դժվար չստացվեց այն, որ Վասակ Սյունեցին «քանդեց նաեւ վրաց աշխարհի միաբանությունը հայերից»:
Ղազար Փարպեցին Վահան Մամիկոնյանի եւ Աշուշա բդեշխի բարեկամության եւ իր կապի հետեւանքով փորձում է երկու կողմերը հավասարակշռելու միտում հանդես բերել, եւ պարսիկների դեմ Վահանի անընդմեջ կռիվները, որոնց մի մասը Վրաստանում էր, եւ այնտեղ է զոհվել Խորենացու մեկենաս Սահակ Բագրատունի մարզպանը եւս, կարողանում են քողարկել Աշուշա եւ Վազգեն բդեշխների բուն էությունը, որի խորհուրդը մնում է «Շուշանիկի վկայաբանության» բարդ համաձուլվածքում:
Թվում է ոչ պարզորոշ, բայց բավականին ընկալելի կապերի այս տրամաբանությունը շարունակվում է մինչեւ 7-րդ դար: Աղվանքի եւ վրաց հոգեւոր-մշակութային յուրօրինակ կցորդի այս վիճակը հասկանալի է դարձնում պատմագրական զսպվածությունը: Եթե Մովսես Կաղանկատվացին «Պատմություն Աղվանից աշխարհի» գործում անթաքույց նվիրումով է ընդգծում այդ կապվածությունը, ապա վրաց հարաբերության մեջ իշխողը յուրօրինակ անշարժությունն է մինչեւ Կյուրոն կաթողիկոսի ջանքերով եկեղեցիների անջատումը, որն, անշուշտ, վրացիների հոգեւոր ինքնուրույնության եւ մշակութային, թեկուզ ուշացած, բայց անհրաժեշտ ինքնահաստատման կարեւոր քայլերից էր:
Ուխտանես եպիսկոպոսն իր «Պատմությիւն Հայոց» գրքի առաջին հատվածը, Խորենացու հետեւողությամբ, սկսում է Ադամից եւ հասցնում 7-րդ դար: Երկրորդ հատվածը նա ուղղակի վերնագրել էՙ «Պատմութիւն բաժանման Վրաց ի Հայոց»: Այս հատվածը հատկանշվում է ոչ այնքան պատմական փաստի, որքան հերոսների հարաբերության դրամատիզմով եւ ունի գեղարվեստական արժեքՙ անկախ վավերականությունից, եւ ամենակարեւորըՙ ամեն ինչ հասկանալի չափի մեջ է ու բանականորեն բացատրելի: Հայոց Մովսես կաթողիկոսը, ում մոտ սովորել եւ ում կողմից օծվել է Կյուրոնը, երբ լսում է իր սանի եւ հավատակցի քաղկեդոնական հակումների մասին, «սուգ առեալ»ՙ փորձում է մեղմ հանդիմանել նրան եւ «սիրոյ պատճառաւ» գրում է իր թուղթը. «Յառաջագոյն իսկՙ մինչդեռ առ մեզն էիրՙ խօսեցաք ընդ քեզ բան խրատու եւ մխիթարութեան, որպէս սիրելի եղար եւ աթոռակիցՙ որպէս եւ եսդ» («Առաջ էլՙ քանի դեռ մեզ մոտ էիր, ասել ենք քեզ խրատի եւ մխիթարության խոսք, քանի որ սիրելի ես եղել եւ աթոռակից, ինչպիսին որ կաս»): Խրատատու հովանավորի մտերմությունը չի խանգարում փաստերով հիմնավորելու Կյուրոնի կապը հերձվածողների հետ եւ պահանջի պես խնդրելու. «Մի մեկներ ի միաբանութենէ մերմէ եւ մի թողուր զուսումն մանկութեան» («Մի՛ հեռացիր մեր միաբանությունից եւ մի՛ թող մանկության ուսումը»), քանի որ դժվար կլինի հաղթահարել հարազատ ցավը. «Արդ զայսոսիկ ի բազում վշտաց եւ ի նեղութենէ սրտի գրեցի առ քեզ»): «Ահա սրանք շատ վշտերից եւ սրտի նեղությունից գրեցի քեզ»: (Կյուրոնի պատասխանը մնում է հոգեբանական նույն վիճակների մեջ, ուր զգալի է ոչ այնքան եղածը թաքցնելու դիվանագիտական խաղը, որքան հավատարմությունը հաստատող հարազատական նվիրումը. «Եվ որ հոգացեալ էիք զմեզ խրատական վարդապետական բանիւ, նա եւ յանդիմանեալ էիք որպէս Տէր եւ Վարդապետ եւ Հայր հոգեւոր, որպէս եւ էքդ, իսկ երկիրպագի եւ շնորհակալ եղէ ձեր հոգեւոր սիրոյդ» («Որ խրատական վարդապետական խոսքով հոգացել էիք մեզ համար, նաեւ հանդիմանել էիք մեզ, որպես տեր, ուսուցիչ եւ հոգեւոր հայր, որպիսին եւ կաք, դրա համար երկրպագում եմ եւ շնորհակալ եմ ձեր հոգեւոր սիրու»:
Մովսես կաթողիկոսի մահից հետո հաջորդում է Աբրահամը, եւ փոխվում են հարաբերության ձեւերը: Կյուրոնն ավելի անկաշկանդ է, երբեմն կտրուկ, չի թաքցնում իր հակումներն ու ծրագիրը, վստահ է իր գործի կարեւորության մեջ: Աբրահամ կաթողիկոսը փորձում է իրավիճակը դիվանագիտորեն մեղմել. «Սրբասիրի Տեառն Կիւրոնի Վրաց Կաթողիկոսի... Արդ այժմ ոչ է պարտ ձեզ օտարութիւն ի մէջ արկանել երկոցունց աշխարհացս» («Սրբասեր տեր Կյուրոն վրաց կաթողիկոսին... Ահա այժմ պետք չէ, որ դուք օտարություն գցեք երկու երկրների միջեւ») եւ այլն: Կյուրոնը փորձում է պահպանել սառը քաղաքավարական երանգըՙ բացատրելով նաեւ, որ ինքը Մովսես կաթողիկոսին ունկնդիր է եղել միշտ եւ չի փորձել թշնամություն սերմանել, այժմ էլ պահպանում է «խոնարհ երկրպագութիւն եւ սիրով ողջոյն» դիմելաձեւերը: Իսկ երբ Աբրահամին թվում է, թե վճռական լինելու հիմքեր ունի եւ կարող է դիմումի մեջ կտրուկ լինել, ինչպեսՙ «Մի ախտանալ զախտ ուրացողաց, զի մի ընդ նոսա պատժիցիս» («Ուրացողների ախտով մի վարակվիր, որ նրանց հետ չպատժվես»), Կյուրոնը եւս ավելի վճռական է դառնում, ուղղակի նշում, որ հայերը չեն ուղղահավատը, եւ ինքը նրանց մոտ չի օրհնվում, եւ առանց էական ավերումների կամ հոգեբանական ցնցումներով միայն մեկընդմիշտ կտրում է կապերը. «Եթէ կամիք եւ եթէ չկամիքՙ հաւատ մեր այդ է... Բայց վասն այսր դատաստանի աւելի առ իս մի ինչ գրեք եւ մի աշխատ լինիր. ապա թե ոչ, պատասխանի ոչ ընդունիս» («Ցանկանում եք, թե չեք ցանկանում, մեր հավատը դա է. բայց, հանուն այս դատաստանի, էլ ինձ ոչինչ մի գրեք եւ մի չարչարվեք, եթե ոչ, պատասխան չեք ստանա»):
Հաջորդ դարերում ստեղծելով «խուցուրի» կրոնական գիրն ու եկեղեցագործառնական երկերՙ վրացիները քայլ առ քայլ մոտեցան հոգեւոր-մշակութային ինքնահաստատմանը, որի վերելքը կապվեց 11-12-րդ դարերի հետ, երբ Դավիթ Շինարարի ու Թամար թագուհու ջանքերով հզորանում է Քարթլիի թագավորությունը, եւ այստեղ կրկին վճռական դեր են խաղում հայազգի Զաքարյան իշխանները: Որպես ամիրսպասալար եւ աթաբեկՙ նրանք փաստորեն վրաց թագավորության կայուն սյուներն էին եւ այս հարաբերության մեջ նաեւ Հյուսիսային Հայաստանի ինքնուրույնությունն ապահովող ուժերը, եւ այստեղ գուցե բնական է, որ Լոռի-Փամբակը հոգեւոր-մշակութային առումով ենթարկված լինի վրաց ազդեցությանը:
Չմանրամասնելով հետագա քաղաքական ու մշակութային կապերի ու վայրիվերումների պատմությունըՙ նկատենք, որ դասագրքային թվացող այս պատմական ճշմարտությունները կարող էին դառնալ շահարկումների, գուցե տգետ, բայց վտանգավոր նկրտումների առիթ, որ ունենալով պատմական հիմնավորումներՙ շատ ավելի սրվեցին 19-րդ դարում եւ 20-րդ ու 21-րդ դարերի սկզբներին: Գործե՞ց պարտապանի հին բարդույթը, ուժե՞ղ էր հայերից ավելի ուշ կորցրած պետականության եւ շատ ավելի ուշ «ազգ» կատեգորիայի հատկանիշների ձեռքբերման կարոտախտը, դրա կողքին նաեւՙ հասկանալի խանդը, որ միշտ տալու բան ունեցող հայը հիմա էլ իր մայրաքաղաք Թբիլիսիի տնտեսական ու մշակութային դեմքն է, կարծես, որոշում:
Դեռ Խաչատուր Աբովյանն էր իր ընդգրկուն մարդասիրության մեջ զարմանքի շեշտով նշում, որ վրացիները եւս, օգտվելով հայերի ծանր վիճակից, «քաղցած անգղների նման» հաճախ էին հարձակվում «արդեն պատրաստի որսի վրաՙ իրենց ստոր կրքերինՙ ընչաքաղցությանը եւ կրոնական անհանդուրժողականությանը հագուրդ տալու համար»:
Սրանք են դառը ճշմարտությունները, որքան էլ նվիրյալ թիֆլիսեցի Թումանյանի հոգու ճաճանչները պոռթկային, թե. «Մենք հին փառքերով ու նոր ցավերով/ Ազգականներ ենքՙ իրար խորթացած» («Հաշտություն» բանաստեղծությունը): Եվ մղձավանջն ամենից ծանր պիտի ապրեր ու ամենաոչբանական դրսեւորումները տեսներ (մինչեւ այժմ) մեծ մարդասերն ու նաեւ վրացասերըՙ Հովհաննես Թումանյանը, ում լուսավոր աշխարհում միշտ անխախտ էր հավատն առ այն, որ երկու դարավոր հարեւանները (որոնք եղբայրներ չեն, քանի որ նույն ծնողները չունեն) միշտ շեշտել են Հայոսի ու Քարթլոսի եղբայրության հոգեւոր իմաստը, որպեսզի «դրոշի, օջախի, ճշմարիտի» ճառաբանության տակ չխամրի առողջ հարեւանի անխաթար կապը:
Հովհ. Թումանյանը բազում առիթներ է ունեցել շեշտելու փոքր ազգերի մշակութային գոյաբանական իմաստը: Գործնական բովանդակությունը դպրոցի ու գրականության մեջ տեսնելովՙ նա ուղղակի ընդգծում է. «Ինձ համար լիուլի հերիք է հայ ժողովրդի կուլտուրական ազատությունը կուլտուրական ժողովուրդների եղբայրության մեջ» («Ահա թե ինչու» (1912) հոդված.- Ընդգծ.-Վ. Ս.): Երբ ցավով նկատում է, որ «Кавказскаяречь» թերթում ռուսը կամ վրացին ընդդիմանում են Սայաթ-Նովայի կամՙ Աբովյանի արձանների ստեղծման ուղղությամբ արվող քայլերին, այս տգիտությունն ու չարակամությունը վտանգավոր է դիտում նախ եւ առաջ իրենց ու իրենց ազգերի համար. «Այո՛, սրանք անգիտակից թշնամիներ են ամենից առաջ իրենց հայրենիքին ու ազգին» («Անգիտակից թշնամիներ» (1913) հոդված): Բայց ո՞ւր կտանի մեծ մարդասերի հավատամքը, թե. «Մեր ինքնաճանաչողության համար անհրաժեշտ է մեր հարեւան ժողովուրդների հետ ծանոթանալը» («Պետք է լսել» (1914). հոդվածը), եթե Rdp եղեռնի ծանր օրերին, երբ մորթվող ազգի գաղթականները մեռնում էին օտար պատերի տակ, նույն տխրահռչակ թերթում թՐցջՌվ ստորագրությամբ հոդված է տպվում, ուր հեղինակը «ասում էՙ հայերը, ռուսների հովանավորության տակ, Տաճկաստանից գալիս են, լցվում Կովկաս ու ճնշում բնիկներինՙ վրացիներին ու թուրքերին» («Աղետ է, ոչ թե քաղաքականություն» (1915) հոդվածը): Պատմությունն, իսկապես, վատ ուսուցիչ է: Իսկ Կովկասի ազգերից ով է բնիկ կամ, առավել եւս Աստվածաշնչյան, հեշտությամբ պարզ կդառնա, եթե ուշադիր կարդան Չորրորդ թագավորաց գրքի ԺԸ, ԺԹ ու Երկրորդ մնացորդաց գրքի ԼԲ գլուխները եւ Երեմիայի (գլուխ ԾԱ) ու Եզեկիելի (գլուխ ԼԸ) մարգարեությունները: Գուցե այն ժամանակ պարզ դառնա նաեւ, թե այս զառանցանքին աներեւակայելի կտտանքով պատասխանող հայը, ինչ լույս պիտի ունենա իր մեջ, որ մեկ տարի էլ չանցած, գրի.
Երբ խոսում են Վրաստանի
Թշնամանքից արյունոտ,
Զարմանք է ինձ պատում հայտնի,
Եվ խորին ցավ, եւ ամոթ:
Ո՞չ ապաքեն գիտեն նըրա
Ոսոխները մինչ անգամ,
Աղ ու հացն է սիրել միշտ նա,
Միշտ աշխարհքին բարեկամ:
«Վրաստանի համար» (1916) բանաստեղծությունը: Ժողովրդի ձայնն է իմաստունը եւ այն բարձրագոչող մեծերի խոսքը, եւ Թումանյանի խոսքի մեջ անգամ «թշնամանք» բառը տեղ չի գտնում. «Անախորժությունները առաջներում կղերականների կողմից է եղած, վերջերս էլՙ ինտելիգենցիայի պոլիտիկոսության» («Վերջին տեղատվությունը» (1918) հոդվածը): Եթե թշնամանքի խմորը հեշտությամբ է ջուր վերցնում, կարծես չպիտի զարմանալ, որ Վրաստանն իրենն էր համարում Ախալքալաքի, Բորչալուի, Ղազախի (շուտով Վրաստանն իր Բորչալուն կտա սիրելի հարեւաններ Ղազախին), Լոռու եւ Փամբակի շրջանները: Բայց տարածըՙ տարած, գոնե «պետք է էն տեսակ շրջանների խոսք չանել, ինչպես, օրինակ, Լոռին ու Փամբակն են, որոնք ոչ վրացական են եղած, ոչ էլ կարող են լինել, եւ միայն խնդիրը խճճում են, առանց էն էլ խախուտ պատը (որով երկու հարեւանները կարող էին ընդդիմանալ բազում օրհասների-Վ. Ս.) փչացնում» (ՀԹ):
Ուրեմնՙ ցավից բացի ինչը կարող է լինել լուսավոր էության արձագանքը, եթե ստիպված ես մեկնաբանել անընդհատ կատարվածի ոչ բանական իմաստը.
Շատ, շատ արցունք թափվեց մեզնում,
Մեն մի կաթիլն-մի խրատ,
Անլուռ, անդուլ էն է ասում.-
Ճամփա չունի գործը վատ...
(«Նվեր Վրաստանի բանաստեղծներին», 1919):
ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆ, Գրականագիտության դոկտոր, պրոֆեսոր