«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#31, 2009-02-24 | #32, 2009-02-25 | #33, 2009-02-26


ԱՆՏՈՆ ՓԻԼՈՅԱՆ

Գյումրու Վահան Թեքեյանի անվան թիվ 2 միջնակարդ դպրոցի մանկավարժական եւ աշակերտական հանրույթները ծանր կորուստ կրեցին: 61 տարեկան հասակում կյանքից հեռացավ վաստակաշատ մանկավարժ, բեղմնավոր աշխատանքային ուղի անցած, մարդկային անբասիր նկարագիր ունեցող դպրոցի տնօրեն Անտոն Սարգսի Փիլոյանը:

Անտոն Փիլոյանը ծնվել է 1948 թվականին: Միջնակարգ կրթությունը ստացել է Գյումրու թիվ 6 միջնակարդ դպրոցում: 1967 թվականին ընդունվել եւ 1971 թվականին ավարտել է Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ. ֆակուլտետը: Ուսանողական տարիներին աշխատել է միկրոէլեկտրաշարժիչների գործարանում որպես ավագ հսկիչ, ապա Շեւչենկոյի անվան թիվ 8 դպրոցում որպես ֆիզիկայի ուսուցիչ եւ լաբորանտ: Երկար տարիներ եղել է արհմիութենական կազմակերպության նախագահ, ակտիվորեն մասնակցել հասարակական աշխատանքներին: 1975 թվականին աշխատել է թիվ 28 միջնակարգ դպրոցում որպես փոխտնօրեն: 1992 թվականից Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցության անդամ էր, միաժամանակ մաս էր կազմում Հայաստանի Թեքեյան մշակութային միության վարչության: 1991 թվականից մինչեւ իր մահը Գյումրու Թեքեյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրենն էր:

Փիլոյանը մեծ ներդրում ուներ դպրոցաշինության գործում: Երկրաշարժից հետո կառավարության հանձնարարությամբ մեկնել է Վլադիվոստոկՙ Ուսուրիսկ քաղաք, որտեղից տեղափոխել է շինանյութ տնակային դպրոցների համար: Պարգեւատրվել է բազմաթիվ պատվոգրերով:

Հոգատար ու բարի ընկերոջ, վեհ ու վսեմ մարդու, խելացի ու գիտակ մանկավարժի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա նրա հարազատների եւ ճանաչողների սրտերում: Թող մայր հողը ջերմությամբ ու քնքշությամբ պարուրի նրան եւ գուրգուրի նրա սիրտն ու հոգին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4