Թուրքիայի պետնախարար Էգեմեն Բաղըշը Շիշլիի հայկական դպրոցում հանդիպել է Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ինչպես հաղորդում է «Ջիհան» գործակալությունը, թուրք պետնախարարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, հայտարարել է. «Մենք դարեր ի վեր այս հողերում կիսել ենք հաց ու ջուր: Միասին ապրել ենք լավ եւ վատ օրեր»: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` Էգեմեն Բաղըշն ընդգծել է, որ իրենք մեծ կարեւորություն են տալիս Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը: «Այս հարցում Թուրքիայի հայ համայնքին համարում եմ կարեւոր կամուրջ», ասել է Բաղըշը: Էգեմեն Բաղըշը այցելել է նաեւ «Ակօս» շաբաթաթերթի խմբագրություն եւ հանդիպել թերթի գլխավոր խմբագիր Էթյեն Մահչուփյանի հետ, հաղորդում է «Նոյյան տապանը»: