«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#31, 2009-02-24 | #32, 2009-02-25 | #33, 2009-02-26


ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԱՆԵՑ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՆ

Երեկ ֆուտբոլի ֆեդերացիայում կայացավ 2009-ի Հայաստանի գավաթի խաղարկության վիճակահանությունը: Ինչպես հայտնի է, այս տարի գավաթի մրցաշարին մասնակցում են միայն բարձրագույն խմբի ութ ակումբները: Վիճակահանությամբ գավաթի քառորդ եզրափակիչում կհանդիպեն հետեւյալ զույգերը. «Փյունիկ»-«Կիլիկիա», «Ուլիս»-«Գանձասար», «Բանանց»-«Արարատ», «Միկա»-«Շիրակ»: Առաջին հանդիպումները կկայանան մարտի 17-ին եւ 18-ին զույգերում առաջինը նշված թիմի խաղադաշտերում: Պատասխան հանդիպումները կկայանան ապրիլի 7-ին եւ 8-ին: Կիսաեզրափակիչ փուլում վերը նշված առաջին երկու զույգերի հաղթողները կմրցեն միմյանց հետ, 3-րդ եւ 4-րդ զույգերում հաջողության հասած թիմերն էլ միմյանց միջեւ մրցավեճում կվիճարկեն եզրափակիչի ուղեգիրը: Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենան ապրիլի 14-ին եւ 15-ին, պատասխան խաղերը կկայանան ապրիլի 21-ին եւ 22-ին: Գավաթի տերը հայտնի կդառնա մայիսի 9-ին:

Բարձրագույն եւ առաջին խմբերի առաջնությունների խաղացանկը կազմելու համար վիճակահանությամբ թիմերը համարակալվեցին: Ըստ հերթականության, բարձրագույն խմբի թիմերի միջեւ 1-8-րդ համարները բաշխվեցին հետեւյալ կերպ. «Շիրակ», «Միկա», «Բանանց», «Ուլիս», «Կիլիկիա», «Փյունիկ», «Գանձասար», «Արարատ»: Բարձրագույն խմբի առաջնությունը մեկնարկելու է մարտի 21-ին: Տուրերն անցկացվելու են 2 օրում: Մեկնարկային տուրում կմրցեն հետեւյալ զույգերը. «Շիրակ»-«Արարատ», «Գանձասար»-«Միկա», «Փյունիկ»-«Բանանց», «Կիլիկիա»-«Ուլիս»:

Առաջին խմբի մրցաշարում հանդես են գալու 10 թիմեր, որոնցից 8-ն ուժեղագույնների խմբի ակումբների դուստր թիմերն են: Մյուս երկու թիմերըՙ «Էրեբունի-Դիլիջան» մարզական ակումբի «Իմպուլսը» եւ «Հայկ» ակումբի «Լեռնային Արցախը», որը ներկայացնում է Գորիսը, կպայքարեն բարձրագույն խմբի ուղեգրի համար: Վիճակահանությամբ առաջին խմբի թիմերը հետեւյալ հերթականությամբ բաշխվեցին. «Իմպուլս», «Շիրակ-2», «Փյունիկ-2», «Լ. Արցախ», «Գանձասար-2», «Բանանց-3», «Շենգավիթ», «Միկա-2», «Բանանց-2», «Փյունիկ-3»:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4