Հարգելի «Ազգ» օրաթերթի խմբագիր
Տպագրելով լիբանանահայ աւանդական կուսակցություններուն պառակտման մասին յօդուածը, պրն խմբագիր, մի՞թե չըբռնեցիք ոմն Համո Մոսկոֆյանի զրպարտութիւններուն թիրախը ու ամբաստանութիւններուն ընդմէջէն հետապնդած ու իրեն ապսպրուած վտանգներուն եւ հետեւանքներուն լրջութեան չափը: Ես որպէս շրջանաւարտ (1984-ին) Երեւանի բժշկական համալսարանէն, շատ կը ցաւիմ, որ Լիբանանի նախընտրական այս օրերուն աւելի զուսպ ու հեռատես ըլլայիք....քան հանրածանօթ թափառաշրջիկի մը սուտերը քաջալերեիք: Առիթէն օգտուելով, ձեր բոլորին կը վստահեցնեմ, որպէս Լիբանանի շրջանի ՍԴՀԿ նախկին ատենապետ, որ լիբանանահայ կուսակցութիւններուն իրավիճակը, ի մասնաւորի նահատակ վարչապետ Ռաֆիկ Հարիրիի կողմնակիցներուս, ոչ մէկ ներքին պառակտում գոյութիւն (թեեւ ցանկացողներ կան) ունի: Դժգոհութիւններ, թեկնածուներու նախընտրութիւն... այս բոլորը բնական եւ դեմոկրատական երեւույթ են: Այնպէս որ, անհոգ եղէք, փոթորիկները ետեւում են: Դժբախտաբար աշխարհի որ թերթերն ալ ընթերցենք, չենք հանդիպած տակաւին ձեր եւ ձեր նման հայաստանեան թերթերուն «յատուկ» բամբասանքներու ու շինծու սուտերու նուիրուած յատուկ էջեր: Պրն խմբագիր, ճիշդ պիտի ըլլար նախքան որեւէ նյութ մամուլին յանձնելը ստուգեիք աղբյուրը: Կը պահանջենք անմիջապէս հերքել թույլ տրուած ձեր սխալը:
Տօքթ. ՄԱՑԱԿ ՓՈԼԱՏԵԱՆ
Բեյրութից ստացված կից նամակը, որի ընթերցումը հնարավոր դարձնելու համար բազմաթիվ սխալներ ենք ուղղել` քերականական, ուղղագրական ու կետադրական, հրատարակում ենք պարզապես ցույց տալու, որ Լիբանանում կան մարդիկ ու թերեւս շրջանակներ, ովքեր համաձայն չեն մեր թերթի փետրվարի 14-ի համարում Համո Մոսկոֆյանի «Խորհրդարանական ընտրությունների «նախընթաց» փոթորիկը զարգանում է նաեւ լիբանանահայ համայնքում» վերնագրով թղթակցության պնդումներին եւ չեն ընդունում լիբանանահայ քաղաքական կազմակերպությունների ներսում պառակտումների առկայությունը: Արդարեւ, պարզապես ուրախ պիտի լինեինք, եթե Հ. Մոսկոֆյանի պնդումներն անհիմն լինեին: Սակայն միայն այն փաստը, որ մեր ամենակարգապահ կուսակցության` ՀՅԴաշնակցության շարքերից անգամ անջատված խմբավորում է ի հայտ եկել նախընտրական տարբեր պլատֆորմով ու թեկնածուներով, ինչը ուղեկցվել է նույնիսկ զինված ընդհարմամբ, որի հետեւանքով կա առնվազն մեկ ծանր վիրավոր, ինչպես նաեւ նկատի ունենալով «Նահատակ վարչապետ Ռաֆիկ Հարիրիի կողմնակիցների» ճամբարից գրեթե ամեն օր հրապարակվող անջատողական կոչերն ու հայտարարությունները, ապա հարգարժան նամակագրի որակումները` իբր «այս բոլորը բնական եւ դեմոկրատական երեւույթ են», ստիպված ենք ընդունել խիստ վերացականորեն: Հետեւաբար, կարծում ենք, որ որեւէ սխալ թույլ չենք տվել, ուստի չենք կարող որեւէ բան հերքել: Միայն կարող ենք հույս հայտնել, որ, ինչպես բժիշկ Մացակ Փոլատյանն է գրում. «Փոթորիկները ետեւում են»: Ինշալլահ:
«Ազգ»