«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#32, 2009-02-25 | #33, 2009-02-26 | #34, 2009-02-27


ՕԲԱՄԱՅԻ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՕԳՏԱՎԵՏ ԼԻՆԵԼ

ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբաման հեռախոսային երկու խոսակցություն ունեցավ անցյալ շաբաթ Թուրքիայի ղեկավարներիՙ նախագահ Գյուլի եւ վարչապետ Էրդողանի հետ: Այդ առթիվ թուրքական մամուլի չափազանցված ոգեւորություններին է անդրադառնում «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:


Մեր օրերում, երբ Թուրքիան քաղաքական լուրջ խնդիրների առաջ է կանգնած, մի կողմից Գազայի հակամարտությունում «Համասին» պաշտպանելով եւ Իսրայելին ու ամերիկահրեական կազմակերպություններին դեմ գնալով, մյուս կողմիցՙ Կիպրոսին մղելով վետո օգտագործելու իր ԵՄ անդամակցության գործընթացումՙ Հյուսիսային Կիպրոսի բռնազավթումը շարունակելու համար, երկրի ղեկավարներ Գյուլն ու Էրդողանը հուսահատ քայլերով փորձում են ամեն հնարավորություն օգտագործելՙ փրկելու երկրի իմիջը եւ ընտրազանգվածի վստահությունը շահելու նախքան առաջիկայում սպասվող տեղական ընտրությունները, որոնք վճռորոշ կարող են լինել:

Փետրվարի 16-ին նախագահ Օբամայի երկու հեռախոսազանգերի վերաբերյալ «Կրկնակի գովասանք Անկարայի հասցեին» վերնագրով հոդվածում «Սաբահ» թերթը գրում էր, թե Օբաման Գյուլին իբր ասել է. «Մենք գնահատում ենք տարածաշրջանում Թուրքիայի ստանձնած դերակատարությունը: Դուք կարեւոր ջանքեր եք ներդնում Աֆղանստանում եւ Կովկասում», իսկ Էրդողանին. «Ուզում եմ նշել, որ Ձեր անձնական ղեկավարությունը կենսական նշանակություն ունի Մերձավոր Արեւելքում խաղաղության հաստատման գործընթացում»:

«Սաբահը» նաեւ տեղեկացնում էր, որ «25-30 րոպե» տեւած հեռախոսազրույցի ժամանակ նախագահները քննարկել են Աֆղանստանին, Պակիստանին, Կովկասին, Մերձավոր Արեւելքին եւ Եվրոմիությանն առնչվող հարցեր: Օբաման «ընդգծել է Թուրքիայի ռազմավարական համագործակցության կարեւորությունը» եւ ավելացրել, որ «Ամերիկան միշտ ըմբռնումով է վերաբերվելու Թուրքիայի խնդիրներին»: Նա իբր հույս է հայտնել, որ իր վարչակազմը «կհամագործակցի Թուրքիայի հետ ամենատարբեր, այդ թվումՙ Մերձավոր Արեւելքում խաղաղության հաստատման, PKK-ի ահաբեկչական կազմակերպությանը վերջ դնելու եւ Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման հարցերում»:

Ըստ «Անատոլու» լրատվական գործակալության, Էրդողանը մատնանշել է, թե ինչքան «զգայուն է Հայաստանի եւ Մերձավոր Արեւելքի հետ հարաբերություններ հաստատելու գործընթացը, եւ ակնկալել, որ Մ. Նահանգներն արդար եւ անկողմնակալ կեցվածք ընդունելովՙ չի խաթարի իրենց (Ամերիկայի եւ Թուրքիայի) երկու երկրների միջեւ գոյություն ունեցող հարաբերությունները»:

«Հյուրիեթը» լրացուցիչ մանրամասներ ավելացնելով, գրել էր, որ «1915-ի դեպքերի քննարկումն առաջնային տեղ էր զբաղեցնում» Էրդողանի հետ հեռախոսազրույցում: Ենթադրվում էր, որ Գյուլն Օբամային հորդորել էր «Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը չքննարկել Կոնգրեսում»:

Ըստ «Հյուրիեթի», Մ. Նահանգների նախագահը «ողջունել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ընթացող երկխոսությունը եւ նշել, որ տվյալ հանգամանքներում ինքը կխուսափի այնպիսի քայլեր ձեռնարկելուց, որոնք կխոչընդոտեն այդ ջանքերին»:

Վերոնշյալ լրատվություններում երկու լուրջ խնդիրներ կան.

1) Հաշվի առնելով թուրք ղեկավարների անձնական շահագրգռվածությունն ու թուրքական ԶԼՄ-ների հակվածությունըՙ չափազանցելու կամ խեղաթյուրելու իրողությունները, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ հեռախոսային զրույցների բովանդակությունը ճշգրտորեն է ներկայացված վերոնշյալ թերթերում: Սպիտակ տունն իր պաշտոնական հայտարարության մեջ Հայաստանի կամ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ոչ մի ակնարկ չէր կատարել:

2) Թուրք ղեկավարները հավանաբար սխալ են ըմբռնել նախագահ Օբամայի զանգելու նախաձեռնության եւ օգտագործած բառերի իմաստները: Օբաման քանիցս խոսել է ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ նոր մոտեցումներ որդեգրելու իր պատրաստակամության մասին: Սպառնալիքների եւ կոշտ խոսքերի փոխարեն նա կողմնակից է օգտագործելու քաղաքավարի եւ հարգալից բառերՙ սիրաշահելու համար օտար պետական գործիչներին: Նա ձգտում է երկրի ներսում եզրեր գտնել Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցությունների դիրքորոշումներում, իսկ երկրից դուրսՙ հստակեցնել, թե ովքեր են բարեկամներ եւ ովքերՙ թշնամիներ:

Թուրքական վերոնշյալ հաղորդագրությունը կարդալով, հայերից շատերը դժգոհություն արտահայտեցին եւ հավանաբար սխալ եզրակացությունների հանգեցին Օբամայի հեռախոսային նախաձեռնության առնչությամբ: Իմ կարծիքով, Թուրքիայի առաջնորդների հետ սիրալիր եւ բարեկամական հարաբերությունների հաստատումը ոչ մի կերպ չի խանգարում, որ Օբաման շարունակի համակրել հայերին եւ հավատարիմ մնա Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր տված խոստումներին:

Ընդհակառակը, անձնական ջերմ հարաբերություններ մշակելը թուրք ղեկավարների հետ կհեշտացնի Օբամայի գործը: Անհրաժեշտության դեպքում նա կօգտվի համոզելու նուրբ ձեւերից եւ կկարողանա նրանց բացատրել, որ հիշատակության նման բանաձեւեր անցյալում (1975-ին եւ 1984-ին) էլ են ընդունվել, եւ նախագահ Ռեյգանը համապատասխան հայտարարություն է հրապարակել առանց խաթարելու թուրք-ամերիկյան հարաբերությունները:

Նման ջանքերին դեմ գնալն անմիտ քայլ կլիներ:

Թարգմ. Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4