Վրաստանում եւ Ադրբեջանում երկու հայտնի լրատվամիջոցներ` «Իմեդի» հեռուստաընկերությունը եւ Day.az ինտերնետային պարբերականը, վաճառել են իրենց բաժնետոմսերը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: «Իմեդի»-ի սեփականատեր Ջոզեֆ Կեյը «Իմեդի»-ի բաժնետոմսերի 90 տոկոսը վաճառել է Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «Ռակեն Ջորջիա Գրուփ» ընկերությանը, իսկ 10 տոկոսը պահել է իրեն: Նա ասել է, թե «Իմեդի»-ի բաժնետոմսերը վաճառում է, քանի որ իր մյուս բիզնեսները ֆինանսավորման կարիք ունեն: Իսկ Ադրբեջանում վաճառվել են Day.az եւ Today.az լրատվական գործակալությունները: Դրանց գլխավոր խմբագիր Էլնուր Բաիմովը նշել է, թե վաճառքի որոշումը կայացրել է հիմնադիրը, ինքը մանրամասներին տեղյակ չէ, նոր սեփականատիրոջ հետ չի աշխատելու: Փետրվարի 18-ից այս գործակալությունները չէին գործում, ինտերնետային էջում գրվում էր, թե ժամանակավորապես փակ են տեխնիկական պատճառներով: Որոշ փորձագետներ չեն բացառում, որ այս գործարքը կարող է կապ ունենալ մարտի 18-ին երկրում անցկացվելիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ: