Տորոնտոյի Ռայըրսոն համալսարանի դահլիճում փետրվարի 18-ին կայացած դասախոսության ժամանակ տեղի է ունեցել մի միջադեպ, որի ընթացքում Կանադայի Հայ դատի ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Արիս Պապիկյանը նախանձախնդրությամբ եւ արժանապատվորեն հակադարձել է թուրք պրոֆեսոր Թուրքայա Աթաովի պատմական փաստերի աղավաղումները:
Ըստ ստացված հաղորդագրության, «ինչպես հաշտվել անցյալի հետ» թեմայով խոսելիս պրոֆեսորը աղավաղել է Հայոց ցեղասպանության փաստը եւ մեղադրել արեւմտյան աշխարհին հակաիսլամական, ռասիստական քաղաքականության համար: Երբ Պապիկյանը փորձել է ճշգրտումներ մտցնել, դահլիճում նստած թուրք ազգայնամոլներ փորձել են լռեցնել նրան, բայց Պապիկյանը հիշեցրել է, որ նրանք գտնվում են Կանադայում եւ խոսքի ազատությունը ամենից գնահատված իրավունքն է այդ երկրում, հատկապես ակադեմիական շրջանակներում:
Պապիկյանն այնուհետեւ անհերքելի փաստերով ուղղել է պրոֆեսորի «հայտարարությունները» եւ մատնանշել, որ նրա մեջբերած հեղինակները (Ջաստին Մկքարթի, Գունթեր Լեւի, Ստենֆորդ Շոու եւ Անդրու Մանգո) պատկանում են այսպես կոչված «վայ-պատմաբանների» շարքին:
Միջոցառման ավարտին Հայ դատի ազգային կոմիտեի նախագահ Ժիրայր Պասմաճյանը դատապարտել է թուրք ազգայնամոլների պահվածքըՙ ավելացնելով, որ նրանք այսօր էլ վարվում են նույն սկզբունքով, ինչ 100 տարի առաջ, եւ Հրանտ Դինքի սպանությունն ու Օրհան Փամուքի դեմ սպառնալիքները դրա ապացույցներն են:
Հ. Ծ.