«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#32, 2009-02-25 | #33, 2009-02-26 | #34, 2009-02-27


ՊՐՈՖԵՍՈՐ ՋՈՀՋԵՆ ԱՐԱԲԻ ԻՆՔՆՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԵՐ Է ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Ըստ երեւույթին երկրում ճեղքված է տալիս էթնիկ խճանկարը

Մալաթիայի «Ինյոնյու» համալսարանի պրոֆ. Սալիմ Ջոհջեն առաջ է քաշել «արաբացած հայերի» թեզը, թերեւս դրանով էլ լրացրել է Թուրքական պատմական ընկերության նախորդ նախագահ Յուսուֆ Հալաչօղլուին: 2007-ի օգոստոսին, մասնակցելով Կեսարիայում գիտաժողովի, Հալաչօղլուն արել էր հետեւյալ աղմկահարույց հայտարարությունը. «Եկել եւ Անատոլիայում են բնակվել մահմեդականություն ընդունած այն մարդիկ, որոնք իրենց թուրք էին համարում: Հետեւաբար նրանց խճանկար համարելը ենթադրում է անգիտակցաբար տարաբնույթ խմբավորումների առաջացման պատճառ դառնալ երկրում: Այդ հարցում հատկապես զգոն պետք է լինեն քաղաքական գործիչները: Ուսումնասիրությունների արդյունքում տեսանք, որ քուրդ համարվող քաղաքացիներն ունեն թուրքմենական, իսկ ալավի քրդերը` հայկական ծագում: Թուրքիայի մարքսիստ-լենինյան կոմկուսի ռազմական թեւը հանդիսացող TIKKO-ի, PKK-ի նման երկրի մասնատմանը ձգտող կազմակերպությունների բազմաթիվ անդամներ քրդացած հայ «դյոնմեներ» են: TIKO-ի եւ PKK-ի ծավալած շարժումը ամենեւին էլ քրդական շարժում չէ, ինչպես մեզ է թվում»:

Այս հայտարարությանը բուռն հակազդեցություն էին ցուցաբերել ալավիներն ու քրդերը, ինչպես նաեւ որոշ թուրք մտավորականներ, որը ստիպել էր Հալաչօղլուին արդարանալ. «Ես չեմ ասել, որ բոլոր քրդերը թուրքմենական, իսկ ալավի քրդերն ամբողջությամբ հայկական ծագում ունեն: Դա քրդերի մոտ շուրջ 30 տոկոսին է վերաբերում... Ինչ վերաբերում է հայերին, ապա 1915-ին տեղահանությունից փրկվելու համար մահմեդականացածների թիվը 1920-ականներին մոտ 100 հազար էր: 1936-37 թթ. պետությունը տուն առ տուն բացահայտել է բոլորին: Ցուցակներն իմ ձեռքում են: Ես կհրապարակեմ, եթե պետական իշխանությունները ցանկանան»:

Մեր հայրենակից Հրանտ Դինքի սպանությունից հետո «Աքսիյոն» հանդեսին տված հարցազրույցում Հալաչօղլուին հաստատել էր Ինյոնյու համալսարանի պատմության ամբիոնի պրոֆեսոր Ջոհջեն, ասելով. «Թուրքիայում ազգային ինքնությունը քողարկող հայերի թիվը 80-100 հազար է: Նրանք հատկապես թաքնվել են քրդերի եւ ալավիների մոտ»: «Ազգը» 2007-ի օգոստոսին արձագանքել էր Հալաչօղլուի հայտարարություններին: Ակնհայտ է, որ նա վերագրելով ալավի քրդերին հայկական ծագում, փորձում էր երկրի քուրդ եւ զազա բնակչությանը տարանջատել PKK-ից եւ TIKKO-ից, խզել նրանց կապը, վարկաբեկել այս կազմակերպությունների գլխավորած շարժումը, թե դա ծավալում են հայ «դյոնմենները», միաժամանակ մահմեդականություն ընդունած հայերին սաստելու միջոցով կանխել ազգային ինքնագիտակցության վերականգնումը, որպեսզի նրանք չվերադառնան նախնյաց արմատներին:

Օրերս Ջոհջեն, ինչպես փետրվարի 25-ին նշել է «Թրակիա հաբեր» կայքէջը, հանդես է եկել արաբացած հայերի թեզով: Նա նշել է. «Այն, ինչ ասել էր Հալաչօղլուն, ճիշտ է եւ գաղտնիք էլ չի պարունակում: Պարզապես ոչ ոք այդ մասին չէր արտահայտվում: Տարիներ շարունակ ուսումնասիրել ենք կրիպտո հայերին եւ բազմիցս բարձրացրել այդ հարցը: Դա մենք չենք հորինել: Նրանց մասին բազմաթիվ վկայություններ կան ԱՄՆ-ի ներկայացուցիչների արձանագրություններում, որոնք իրադարձությունների ժամանակակիցն էին: Էրզրումում քրդերը ապաստան են տվել 500.000 հայի: Նմանապես Թունջելիում (Դերսիմ) 50.000 հայեր ապավինել են ալավիներին: Սրանք ալավի քրդեր են (նկատի ունի զազաներին): Նույնը կատարվել է Վարթոյում, Խնուսում եւ այլուր: 1841-1863 թթ. ամերիկացի միսիոներները ուսումնասիրություններ են կատարել: Դրանք վերաբերում էին էթնիկ եւ կրոնական պատկանելության հարցերին: Ուսումնասիրություններում ճշտված են ում ով լինելը: Ուսումնասիրությունները հեշտությամբ շարունակելու նպատակով ամերիկացիները պահանջում էին, որ «Աթաթուրք» համալսարանը բացվի Վանում: Սակայն Դեմոկրատական կուսակցության (իշխել է 1950-60 թթ.) ջանքերով համալսարանը բացվեց Էրզրումում»:

Այնուհետեւ Ջոհջեն ասել է, որ հայերը սոսկ չեն քրդացել կամ ալավի քուրդ դարձել: Ապա եւ ավելացրել է. «Հազարավոր հայեր միաժամանակ արաբացել են: Սղերդում, Հաթայում (Ալեքսանդրետի սանջակ), Ուրֆայում, Մարդինում բնակվող հայերը քողարկվել են արաբի ինքնությամբ: Ներկայումս նրանք արաբերեն են խոսում եւ փողոցում որպես արաբ ներկայանում: Տեղահանության ենթարկվել են հայ լուսավորչականները, դա բողոքական կամ կաթոլիկ հայերի վրա աննշան չափով է տարածվել»:

Վերջում պրոֆ. Սալիմ Ջոհջեն նոր հայտնագործություն է արել, թե կան նաեւ ասորի դարձած հայեր: Եթե հայերի թուրքանալու, քրդանալու, արաբանալու, այսինքնՙ մահմեդականություն ընդունելու պատճառը բնաջնջումից փրկվելն էր, թեեւ դա նրանց նույնիսկ տեղահանությունից չի փրկել, ապա 1915-ին բնաջնջման ենթարկվել են նաեւ ասորիները: Քանի որ ճակատագիրն անխուսափելի էր, ապա ինչ նշանակություն պիտի ունենար հայի համար ասորու ինքնությամբ սպանվելը:

Թուրքիայում իրականացված ասորիների ցեղասպանությունը հետզհետե ստանում է միջազգային հնչեղություն: Ելնելով դրանից, կարելի է ենթադրել, որ Ջոհջեն ասորիների մեջ հայեր հայտնաբերելով, ձգտում է աղավաղել ասորիների ցեղասպանությունը, տարրալուծելով դա «հայերի տեղահանության» մեջ: Ինչ վերաբերում է հայերի արաբացմանը, այս դեպքում էլ, ըստ երեւույթին, դեր է խաղում Թուրքիայում արաբների ինքնագիտակցության աճն ու նրանց հետզհետե կազմակերպվելը որպես ինքնուրույն էթնիկ խմբավորում: Ի դեպ, Թուրքիայում համայնքի տեսքով կազմակերպվում են նաեւ լազերը, չերքեզները, չեչենները եւ բազմաթիվ այլ խմբավորումներ: Այսինքն նախադրյալներ է ստեղծվում, որ ճեղքվածք տա Թուրքիայի բազմաէթնիկ խճանկարը, իսկ դա երկարաժամկետ հեռանկարում սպառնալիք է դառնալու թուրք ազգի այսպես կոչված միասնականությանն ու թուրքական պետության ամբողջականությանը:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4