Հայաստանի ԿԸՀ-ն հաստատեց Երեւանի ավագանու մայիսի 31-ի ընտրությունների անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Ըստ այդմ, ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացնեն մարտի 17-ից մինչեւ մարտի 22-ը: Գրանցումը կատարվելու է ապրիլի 26-ից մինչեւ մայիսի 1-ը: Գրանցված քաղաքական ուժերը նախընտրական քարոզչություն կկարողանան իրականացնել մայիսի 2-ից մինչեւ մայիսի 29: Ինքնաբացարկի իրավունքից քաղաքական ուժերը կարող են օգտվել մինչեւ մայիսի 21-ը ներառյալ: Քվեարկությունը կկայանա մայիսի 31-ի ժամը 08:00-20:00-ին: Ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփվեն մինչեւ հունիսի 7-ը: Երեւանի ավագանու առաջին նիստը կկայանա հունիսի 8-ին, ուր եւ ավագանու կազմից կընտրվի Երեւանի քաղաքապետը: Ավագանու ընտրություններն անցկացվելու են բացառապես համամասնական ընտրակարգով` քաղաքական ուժերի ընտրական ցուցակներով: Ընտրվելու են ավագանու 65 անդամներ: Ընտրվել կարող է 21 տարին լրացած, վերջին 3 տարում Երեւան քաղաքում մշտապես բնակվող յուրաքանչյուր ոք: Երեւանի ավագանու անդամների մանդատները բաշխվելու են կուսակցությունների եւ դաշինքների թեկնածուների ընտրական ցուցակների միջեւ, որոնք ստացել են, կուսակցությունների դեպքում` առնվազն 7 տոկոս, դաշինքների դեպքում` առնվազն 9 տոկոս կողմ քվեարկած քվեաթերթիկներ: Երեւանի քաղաքապետ կարող է դառնալ 30 տարին լրացած, ՀՀ քաղաքացիություն ունեցող եւ ավագանու անդամ այն անձը, որը չունի այլ պետության քաղաքացիություն: