«Գիրքը ապրանքային տեսքով մտքի, հոգու եւ զգացմունքի համաձուլվածք է», այսպիսի բնորոշում տվեց գրքին «Իրավունք» հրատարակչության հիմնադիր Թաթուլ Բադասյանը : Նրա նախաձեռնությամբ հրատարակվում է «Համաշխարհային պոեզիա» մատենաշարը: Ծրագրված 100 գրքից լույս է տեսել արդեն 16-ը, իսկ 4-ը պատրաստ են տպագրության:
«Գրքերը մեր ազգի հիշողությունն են, որոնց հանդեպ, սակայն, արհամարհական վերաբերմունքն այսօր ամենուր է: Վերջին տարիներին մեր աչքի առաջ փակվեցին շուրջ 300 գրադարաններ եւ 70 գրախանութներ: Ուսումնասիրում ենք համաշխարհային փորձը եւ տեսնում, որ զարգացած երկրներում մարդիկ անընդհատ ավելի ու ավելի մեծ գրադարաններ են հիմնում: Անգլիայում անցած տարի հրատարակվել է 250.000 անուն գիրք. այս ցուցանիշը վերջին 20 տարում առաջին անգամ գերազանցեց ԱՄՆ-ի ռեկորդըՙ 175.000 գիրք: Այս փաստերը ցույց են տալիս, որ այն մտայնությունը, թե համակարգիչը կարող է փոխարինել գրքին, միֆ է», գտնում է Թաթուլ Բադասյանը:
Հատկապես համաշխարհային պոեզիա հրատարակելը մի քանի պատճառներ ունի. «Նախ, մեր մոտ երբեք չի ձեռնարկվել համաշխարհային պոեզիայի հրատարակման գործը: Տպագրվել է 20-րդ դարի հեղինակների պատմվածաշար, իսկ պոեզիայից` միայն անհատ հեղինակներ: Եվ երկրորդ, այս գրքերով մենք ցանկանում ենք բարձրացնել ե՛ւ ստեղծագործողների, ե՛ւ ընթերցողի գրական ճաշակը: Ամեն անգամ հաղորդակից լինելով համաշխարհային պոեզիային, մարդ ինքը ձգտում է կատարյալին»:
Նշենք, որ մինչեւ այժմ տպագրվել են Հաֆեզի, Օմար Խայամի, Շելլիի, Պուշկինի, Լերմոնտովի, Լորկայի, Չարենցի եւ այլ հեղինակների գործերից: Հեղինակների շարքում կան այնպիսիք, որոնք հայերեն տպագրվում են առաջին անգամ:
Թ. Բադասյանը նշեց, որ պետք չէ միանշանակ ընդունել այն տարածված կարծիքը, թե հասարակությունն այսօր չի կարդում. «Կարդացող մարդը միշտ էլ կարդում է, առանց գրքի չի կարող: Չի կարող նաեւ անտարբեր լինել գրքերի աշխարհի նորությունների հանդեպ: Երբ գրադարանների համար գնումներ ենք կատարում, ես տեսնում եմ, թե ինչ վերաբերմունք ունի այսօր երիտասարդությունը գրքերի հանդեպ: Ծնողներից մնացած ժառանգությունից ուզում են ազատվել որքան հնարավոր է շուտ»:
Բայց դե սա էլ պետք չէ որպես բացարձակ ճշմարտություն ընդունել բոլոր երիտասարդների համար: Թերեւս ճշմարտությունն այն է, որ այսօր մարդիկ քիչ են կարդում, ինչն ունի իր բացատրությունը: Մարդիկ են փոխվում, արժեքները, կյանքի տեմպը:
«Նոյյան տապան» գրախանութի գրքերի բաժնի վարիչ Հայկ Մկրտչյանի խոսքով այսօր ավելի շատ պահանջարկ ունեն մանկական գրքերը, ուսումնական ձեռնարկները. «Գեղարվեստական գրքերի պահանջարկը շատ չէ, եւ իմ կարծիքով դրա պատճառներից են գների բարձր լինելը եւ այսօրվա հայկական գեղարվեստական գրքերի ոչ համապատասխան գեղարվեստական մակարդակը»:
Ըստ Թաթուլ Բադասյանի, մենք գրքի հանդեպ պետք է վերականգնենք այն վերաբերմունքը, որ ունեին մեր նախնիները: «Եթե ծնողը հասնի այն բանին, որ երեխան սիրի գիրքը, նրան էլ դաստիարակության ոչ մի մեթոդ պետք չի: Գրքերում նա կգտնի չարն ու բարին եւ ճիշտ կդաստիարակվի»:
ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ