Մելիքսեթ Խաչիյանը զբաղեցրեց 2-րդ տեղը
Հայաստանի չեմպիոն Արման Փաշիկյանին չհաջողվեց հաղթող ճանաչվել Մոսկվայում ավարտված շախմատի «Աերոֆլոտի» մրցաշարում: Դրա համար նրան անհրաժեշտ էր ավարտական տուրում գոնե ոչ-ոքի ավարտել պարտիան ֆրանսիացի Էթիեն Բաքրոյի հետ, որի վարկանիշը (2722) 101-ով գերազանցում էր Փաշիկյանի անհատական գործակիցը: Ցավոք հայ շախմատիստը սպիտակներով պարտություն կրեց: Դա մրցաշարում Փաշիկյանի անդրանիկ պարտությունն էր, որը փաստորեն ճակատագրական եղավ նրա համար: Փաշիկյանը ոչ միայն զրկվեց 1-ին տեղից, այլեւ մրցաշարային աղյուսակում 6 միավորով զբաղեցրեց միայն 9-րդ տեղը: Ճիշտ է, նա առաջատարներին զիջեց միայն կես միավորով:
Մրցաշարի հաղթող ճանաչվեց Էթիեն Բաքրոն, որը Ալեքսանդր Մոիսեենկոյի հետ վաստակել էր 6,5 միավոր, սակայն նրան գերազանցեց լրացուցիչ գործակիցների շնորհիվ: Մոիսեենկոն եւս ավարտական տուրում հաղթանակ տարավՙ առավելության հասնելով Վեյքի Չոույի նկատմամբ: Նա գրավեց 2-րդ տեղը: Բացի Փաշիկյանից, եւս 6 շախմատիստ վաստակեց 6 միավոր:
Հայ շախմատիստներից երկրորդ արդյունքը ցույց տվեց Գաբրիել Սարգսյանը: Նա 5,5 միավորով գրավեց 14-րդ տեղը: Գաբրիելն առանց պարտության անցկացրեց մրցաշարըՙ 9 պարտիաներից 7-ն ավարտելով ոչ-ոքի: Նման արդյունք գրանցվեց նաեւ ավարտական տուրում Ջիանչաո Չոյի հետ մրցավեճում: Հաշտություն կնքեցին նաեւ Կազգալաեւն ու Հայրապետյանը, Սոն եւ Անդրեասյանը, Վահանյանն ու Լին, Պետրոսյանն ու Չադաեւը: Հրանտ Մելքումյանը հաղթեց Պավել Սմիռնովին, իսկ Արտաշես Մինասյանը պարտվեց Ռաուֆ Մամեդովին:
Մեր մյուս շախմատիստների ցուցանիշներն այսպիսին են. Զավեն Անդրեասյանՙ 5 միավոր (20-րդ տեղ), Հրանտ Մելքումյանՙ 4,5 (42-րդ), Արտաշես Մինասյանՙ 4 (52-րդ), Տիգրան Պետրոսյանՙ 4 (58-րդ), Ռաֆայել Վահանյանՙ 3,5 (64-րդ), Ավետիք Գրիգորյանՙ 3 (71-րդ): Ուկրաինան ներկայացնող Յուրի Հայրապետյանը 5 միավորով գրավեց 22-րդ տեղը: Ռուսաստանցի Սերգեյ Գրիգորյանցը 4,5 միավորով 38-րդն էր, իսկ ԱՄՆ-ում բնակվող Վարուժան Հակոբյանը 4 միավորով զբաղեցրեց 50-րդ հորիզոնականը:
A2 մրցաշարում հաջող հանդես եկավ ԱՄՆ-ն ներկայացնող Մելիքսեթ Խաչիյանը: Ավարտական տուրում ոչ-ոքի խաղալով Ռոման Օվեչկինի հետ, Խաչիյանը վաստակեց 7 միավոր: Նույնքան միավոր իր օգտին գրանցեց ռուսաստանցի Ալեքսանդր Դանինը, որը հաղթեց Մարկոս Լիանեզային: Հաղթողին որոշեցին լրացուցիչ գործակիցները, որոնցով Դանինը գերազանցեց Խաչիյանին ու գրավեց առաջին տեղը: Հայաստանցի շախմատիստներից լավագույնը Դավիթ Պետրոսյանի արդյունքն է, որը 6,5 միավորով գրավեց 5-րդ տեղը: Դավիթն ավարտական տուրում ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Ալեքսանդր Ռահմանովի հետ: Հաշտություն կնքեց նաեւ Արա Մինասյանը, որը 5,5 միավորով գրավեց 15-րդ տեղը: Միակ հաղթանակը տոնեց Դավիթ Քալաշյանը, որը 5 միավորով զբաղեցրեց 32-րդ հորիզոնականը: Իսկ Լեւոն Բաբուջյանը պարտվեց ու 4,5 միավորով հանգրվանեց 46-րդ տեղում:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ