Լինարեսի շախմատի մրցաշարի 6-րդ տուրում կենտրոնականը երկու առաջատարներիՙ Ալեքսանդր Գրիշչուկի եւ Լեւոն Արոնյանի մրցավեճն էր: Հաղթանակի դեպքում մրցակիցներից յուրաքանչյուրը լավ հնարավորություն կստանար «պոկվելու» հետապնդողներից: Ցավոք Արոնյանին ոչ միայն չհաջողվեց առավելության հասնել մրցակցի նկատմամբ, այլեւ 38-րդ քայլում սխալ թույլ տվեց, ինչը պարտության պատճառ դարձավ: 41-րդ քայլում սպիտակներով խաղացող Գրիշչուկը զինվոր շահեց, հետո Արոնյանը ստիպված էր որակ զոհաբերել: 50-րդ քայլում Գրիշչուկը եւս մեկ զինվորի առավելություն ստացավ: 59-րդ քայլում Արոնյանը ստիպված էր կանգնեցնել ժամացույցը:
Լեւոնը մրցաշարում անդրանիկ պարտությունը կրեց: 3,5 միավորով նա Մագնուս Կառլսենի հետ բաժանում է 2-3-րդ տեղերը: Իսկ միանձնյա առաջատար դարձավ Ալեքսանդր Գրիշչուկը, որն ունի 4,5 միավոր: Անանդն ու Իվանչուկը վաստակել են 3-ական միավոր, Դոմինգեսն ունի 2,5 միավոր: Աղյուսակը եզրափակում են Ռաջաբովն ու Վան Յուենՙ 2-ական միավոր:
Տուրում գրանցված 2-րդ հաղթանակն իր օգտին գրանցեց Մագնուս Կառլսենըՙ պարտության մատնելով Վիշվանաթան Անանդին: Իվանչուկ-Դոմինգես, Վան Յուե-Ռաջաբով պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: 7-րդ տուրում Արոնյանը կմրցի Իվանչուկի հետ: Կկայանան նաեւ Անանդ-Գրիշչուկ, Ռաջաբով-Կառլսեն, Դոմինգես-Վան Յուե պարտիաները:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ