«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#33, 2009-02-26 | #34, 2009-02-27 | #35, 2009-02-28


Ո՞ՒՄ ՄՈՏ Է ՎԱԶՈՒՄ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»

«Եթե Սուքիաս Ավետիսյանը ներողություն չխնդրի, ապա մենք ստիպված ենք լինելու դրան տալ իրավական մի ինչ-որ լուծում, որովհետեւ «Ժառանգության» կողմից որեւէ մեկը, որեւէ հարցով նախագահի մոտ չի վազել», երեկ ԱԺ-ում խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը :

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է հանրապետական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի օրերս արած այն հայտարարությանը, ըստ որի, թեեւ ընդդիմադիր պատգամավորները պարբերաբար ընդգծում են, որ ՀՀ նախագահը լեգիտիմ չէ, սակայն հենց ինչ-որ խնդիր է ծագում, անմիջապես «վազում են» նրա դուռը` համագործակցության:

«Այն` ինչ մղձավանջային երազներում տեսնում է այդ անձը (Սուքիաս Ավետիսյանը), չի համապատասխանում իրականությանը», նշեց Լ. Ալավերդյանն ու հավելեց. «Ընդհանրապես ձմեռային այս քառօրյան նկատելիորեն տարբերվում է այն առումով, որ հանրապետական կուսակցության որոշ անդամներ իրենց պահում են ոչ քաղաքավարի, իսկ սա նշանակում է, որ նրանք իրենց մեջ մեղքի այնպիսի զգացում ունեն, որ նման անճոռնի հարձակումները համարում են լավագույն պաշտպանությունը: Մենք «մայլի տղայի» մակարդակով այդ զրույցների մեջ չենք մտնելու»:

Ընդդիմադիր պատգամավորը դժգոհեց, որ լրատվամիջոցները այդ միջադեպից սկանդալ են սարքում, ապա հավելեց, որ տեղի ունեցածը «անքաղաքավարի եւ կրթված մարդուն անհարիր դրսեւորում է եւ այն պետք է դառնա հասարակական պարսավանքի առարկա»:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4