Հատկապես վերջին ժամանակներս հայ մամուլում նյութեր են հրապարակվում այն մասին, որ հաղթելով իրական պատերազմում, մենք ադրբեջանցիներին տանուլ ենք տալիս լրատվական մարտադաշտում: Ներքին խոհանոցը բավարարելու հետ մեկտեղ ադրբեջանական ԶԼՄ-ները, իրոք, մեծ աշխատանք են կատարում իրենց «տեսակետները» տարբեր լեզուներով համաշխարհային հանրությանը մատուցելու գործում: Այս իմաստով բեղուն կարելի է համարել նրանց գործունեությունը ռուսերեն լեզվով, թեեւ, մյուս կողմից, շատ հրապարակումներ ապշեցնում են իրենց ծայրահեղ միակողմանիությամբ ու, առանց չափազանցության, պրիմիտիվությամբ:
Իհարկե, կարելի է հասկանալ «սիրող» ադրբեջանցի պատգամավորին, որը հայտարարում է, թե իրենց բանակը 48 ժամում կազատագրի «օկուպացված տարածքները» եւ կհասնի հայ-ադրբեջանական սահմանին: Թե ինչո՞ւ նրանք դա չեն անում, չի պարզաբանվում: Ըստ երեւույթին, դա արդեն պատգամավորի խելքի բանը չէ: Բայց արդյոք նրանից շատ ավելի խելացի՞ է ռազմական փորձագետ Մեհտի Մեհտիեւը, որի հարցազրույցը Day.az-ում հրապարակել էր նաեւ ռուսական մի լրատվամիջոց:
Մեհտիեւը եւս չի մոռանում Ադրբեջանում ծեծվող այն թեման, որ Ռուսաստանը սարի պես կանգնած է Հայաստանի թիկունքին, իսկ «խեղճ» Ադրբեջանը հույսը դրել է միայն իր սեփական զինված ուժերի վրա: Ընդսմին, գրավված տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու դեպքում նա չի պատրաստվում հատել Հայաստանի սահմանը, քանզի ռազմական գործողություններ կծավալվեն միայն համաշխարհային հանրության կողմից ճանաչված սեփական սահմանների շրջանակում: Ինչպիսի՜ մեծահոգություն: Գուցե դա գալիս է նրանից, որ, փորձագետի կարծիքով, ադրբեջանական բանակի ներկա մարտունակությունը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա, եւ այդ իմաստով զգալիորեն գերազանցում է հայկականին: Այսինքն, հաղթանակի կարելի է հասնել եթե ոչ 48 ժամում, ապա ամենակարճ ժամկետներում:
Սակայն հարցազրույցի գագաթնակետն է հաղթանակի գնի մասին նրա «փաստարկումները»: Մեհտիեւը գտնում է, որ հարձակում ձեռնարկող կողմը պետք է եռակի առավելություն ունենա հակառակորդի նկատմամբ, այսինքն` հայկական բանակի մեկ գումարտակի դիմաց իրենք պիտի ունենան երեքը: Զարգացնելով իր ռազմական «միտքը», փորձագետը հանգում է մի տարօրինակ հետեւության` նման ազատագրիչ գործողությունը ադրբեջանցիներից կպահանջի 10000 զոհ: Թե ինչու հենց տասը հազար, հայտնի չէ. Մեհտիեւը չի պարզաբանում: Զարմանալիորեն, նա չի խոսում նաեւ հայկական կողմի կորուստների մասին:
Կարդալով նմանատիպ «խորիմաստ» նյութեր, մտածում ես` իսկ գուցե ճի՞շտ ենք վարվում, որ չենք պատասխանում նրանց` չթեթեւացնելով մեր ծանր տեղը:
ԳԵՎՈՐԳ ԹՈՍՈՒՆՅԱՆ, ԵՊՀ, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 2-րդ կուրս