Իտալիայի նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, Իտալիայի անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ջաննի Լետայի հրավերով Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 23-ից 26-ն այցելել է Իտալիայի Հանրապետություն: Իտալացի բարձրաստիճան պաշտոնյաների` Ջաննի Լետայի , ներքին գործերի նախարար Ռոբերտո Մառոնիի, եւրահամայնքային քաղաքականության նախարար Անդրեա Ռոնկիի, պետական կառավարման եւ նորամուծությունների նախարար Ռենատո Բրունետայի , պաշտպանության պետական քարտուղար Ջուզեպպե Կոսիգայի , արտաքին գործերի պետական քարտուղար Ալֆրեդո Մանտիկայի , Սենատի փոխնախագահ Վանինո Կիտիի, Ներկայացուցիչների պալատի պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Էդմոնդո Չիրիելլիի հետ հանդիպումների ընթացքում ձեռք են բերվել հայ-իտալական երկկողմ համագործակցության մի շարք գործնական պայմանավորվածություններ, մասնավորապես` հայ-իտալական համագործակցությունը խորացնելու մասին համաձայնագրեր կստորագրվեն պաշտպանության, անվտանգության, ոստիկանության, տնտեսական, մաքսային, արտակարգ իրավիճակների ոլորտներում: Հայ-իտալական հարաբերությունները խորացնելու նպատակով հատուկ հանձնաժողով կստեղծվի, որպեսզի ձեռք բերված պայմանավորվածությունները գործնական քայլերի վերածվեն: Իտալացի պաշտոնյաներն ընդունել էն Ա. Բաղդասարյանի հրավերը` այցելել Հայաստան եւ տեղում քննարկել համագործակցության ողջ ներուժն օգտագործելու ուղիները:
Այցի ընթացքում քույր քաղաքների վերաբերյալ հուշագիր է ստորագրվել Պրիվերնո եւ Գավառ, Նարդո եւ Գյումրի քաղաքների միջեւ: Առաջիկա 2-3 ամիսների ընթացքում սպասվում է եւս 4 քաղաքների եւ մարզերի միջեւ համագործակցության համաձայնագրերի ստորագրում:
Ա. Բաղդասարյանը հանդիպել է նաեւ Իտալիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:
Նա հարցազրույց է տվել Իտալական հեղինակավոր «Իլ մեսաջեռո», «Լա ստամպա», «Լա Ռեպուբլիկա» օրաթերթերին եւ «Ափկոն», «Անսա», «Սենատո օնլայն» էլեկտրոնային թերթերին: