«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#33, 2009-02-26 | #34, 2009-02-27 | #35, 2009-02-28


ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՌՈՒՍԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՏ

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը հանդիպեց Ռուսաստանում գործունեություն ծավալող ավելի քան 100 հայազգի գործարարների հետ: ՀՀ վարչապետը ներկայացրեց համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա: Ճգնաժամի հետեւանքով աշխարհում ծավալվող իրադարձություններից հետո, ըստ Տ. Սարգսյանի, «աշխարհը կլինի բոլորովին այլ, քանի որ շատ օրինաչափություններ փոխվում են, եւ գործ ունենք ոչ թե ճգնաժամի, այլ քաոսի հետ»: Տ. Սարգսյանը նշեց, որ ներկայումս մեծանում է պետության դերը տնտեսական գործընթացներում: Խոսելով ճգնաժամի հետեւանքների մասին` նա ասաց, որ դրա արդյունքում կրճատվել են Հայաստանից արտահանման ծավալները, հատկապես` հանքարդյունաբերության ոլորտում: Վարչապետը նշեց, որ կրճատվում են արտաքին տրանսֆերտները, սոցիալական վիճակը վատանում է, գործազրկությունն աճում: Բացասական հետեւանքներից նա առանձնացրեց նաեւ այն, որ ավելանում են կոռուպցիոն ռիսկերը, կրճատվում են մասնավոր ներդրումները, արտահանվող ապրանքների գումարները երկու-երեք ամիս ուշացումով են հասնում երկիր: Այդուհանդերձ, ըստ վարչապետի, ճգնաժամի պայմաններում կան նաեւ դրական գործոններ` մակրոտնտեսական կայունությունը Հայաստանում պահպանվում է, ներքին ինֆլյացիոն ռիսկերը բարձր չեն, հաղորդում է «Արմենպերսը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4