«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#33, 2009-02-26 | #34, 2009-02-27 | #35, 2009-02-28


ՆՈՐ ՖԻԼՄԱՇԱՐՙ ՀԱՊԱՑՈՒՅՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ

  «Հայոց Արեւելից կողմերի պատմություն. Արցախ» փաստավավերագրական ֆիլմաշարը ժամանակագրությամբ պայմանավորվածՙ ունենալու է 15 մաս եւ մեզ ու գլխավորապես օտարներին պատմելու է Արցախի մասինՙ սկսած հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը: Ֆիլմաշարն ունենալու է 5 լեզվական տարբերակՙ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն: Ինչպես երեկ հրավիրված ասուլիսում տեղեկացրեց ֆիլմաշարի պրոդյուսեր Աիդա Ահարոնյանը , այն հեռուստատեսությամբ ցուցադրելուց զատ, DVD տարբերակներով տարածվելու է արտերկրում: Ֆիլմաշարի առաջին մասը պատրաստ կլինի ապրիլի վերջին, իսկ ողջ ֆիլմաշարն ավարտելու ժամկետների մասին խոսելը վաղ համարվեց:

ԳԱ ակադեմիայի թղթակից անդամ, դոկտոր, պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանը , որ նաեւ ֆիլմաշարի գիտական ղեկավարն է, տեղեկացրեց. «Հայոց Արեւելից կողմերի պատմություն. Արցախ» ֆիլմաշարի նպատակն է ցույց տալ, որ Հայոց Արեւելից կողմերը եղել են Հայաստանի անքակտելի մաս, արցախահայությունըՙ հայ ժողովրդի մասնիկ: Տարիներ շարունակ բաց ենք թողել քարոզչության հարցը, որն, ըստ էության, անհրաժեշտ էլ չի մեզ, քանի որ միմիայն փաստերով ներկայանալը լի ու լի բավարար կլինի: Սակայն բուն տեղեկատվական դաշտում էլ տարիների բացթողումներ ունենք: Այս ֆիլմաշարը հենց այդ բացը լրացնելու միջոց կլինի»:

Ֆիլմաշարի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Գրիգորյանն էլ հավաստեց, որ ֆիլմաշարը դյուրընկալության նպատակով կունենա նաեւ խաղարկային հատվածներ, իսկ արտաքին աշխարհին առավել հավաստի ներկայանալու նպատակով մեծապես կարեւորվելու է ազգությամբ ոչ հայ մասնագետների ներգրավումը ֆիլմում. «Միջազգային կարծիք ձեւավորելու համար խիստ կարեւոր է այլազգի հայագետների խոսքը: Բնականաբար, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ողջ մտավորականության առավել գիտակ ու հեղինակավոր անձինք նույնպես ծանրակշիռ ներկայություն կունենան ֆիլմում»:

Ֆիլմաշարի խորհրդական, ՀՀ մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանն էլ հարկ համարեց տեղեկացնել, որ ֆիլմաշարը ներկայացնելու է ողջ պատմամշակութային հենքն ու արժեքներըՙ յուրաքանչյուր դիտողի համար կասկածի տեղ չթողնելով նշյալ տարածքիՙ Արցախի ի սկզբանե հայկականության առնչությամբ. «Կսկսենք պատմել քարե դարի մշակութային ժառանգությունից մինչեւ Վանի հայոց թագավորության, քրիստոնեական առաջին համայնքների ձեւավորման, վաղ քրիստոնեական հուշարձանների ստեղծման ժամանակաշրջան, մինչեւ մեր օրեր: Կներկայացնենք Արցախի մշակույթը հնարավոր ամբողջությամբՙ զարդարվեստ, գորգագործություն, ձեռագրերի, խաչքարերի արվեստը»: Հակոբ Սիմոնյանը նաեւ փաստեց, որ հնագույն խաչքարերն հենց արցախի տարածքում են գտնվում:

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանն իր խոսքում ընդգծեց. «Ֆիլմաշարը ազդեցիկ պետք է լինի եւ հանրամատչելիության նպատակով պետք է նկարահանվի «Discovery» հաղորդաշարի մոտեցումներովՙ հիմնված փաստերի ու գիտական ապացույցների վրա, հնարավորին ուշագրավ ու թեթեւ պետք է մատուցի բովանդակությունը: Հարկ է աշխարհին ցույց տալ, թե ովքեր են Արցախի իրական տերերը, ով է այդ հողի իրական տերն ու մշակը, ով է ստեղծել այդ տարածքի պատմությունն ու մշակույթը»: Սրբազանը նաեւ փաստեց, որ ֆիլմի յուրաքանչյուր մաս լինելու է ամբողջականՙ տվյալ ժամանակը ներկայացնելու տեսանկյունից:

Ինչպես տեղեկացրեց ֆիլմաշարի գլխավոր պրոդյուսեր Աիդա Ահարոնյանը, նախապատրաստական աշխատանքներն արդեն իսկ ավարտվել են եւ մեկնարկել է նկարահանումների փուլը պետական ու մասնավոր տարբեր ընկերությունների հետ, եւ գլխավորապես «Պարադիզ» ընկերության տեխնիկական աջակցությամբ: Ֆիլմաշարի աշխատանքներին աջակցում են ՀՀ պաշտպանության նախարարությունըՙ ի դեմս նախարար Սեյրան Օհանյանի, Արցախի թեմը, գործարարներ Միխայիլ Բաղդասարովը, Գագիկ Ծառուկյանը, Բարսեղ Բեգլարյանը, «Երկրագիտության եւ քարտեզագրության կենտրոնը», գլխավոր հովանավորությունն էլ ստանձնելու է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը:

Ֆիլմաշարը նախաձեռնվել եւ ստեղծվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հ.Գ. Այս կարգի ֆիլմաշարերը մեր ոչ բարեկամ դրացուն տեղեկատվական դաշտում նկատելիորեն տանուլ տալու ընթացքը գուցե թե մի փոքր դանդաղեցնեն, սակայն հարկ է այսչափ կարեւոր աշխատանք ձեռնարկելիս նկատի առնել նաեւ աշխարհի ժամանակակից պահանջներն ու ընկալումները: Իհարկե, ֆիլմաշարի նախաձեռնումն ու իրականացումը ողջունելի էՙ վաղուց էր պետք: Սակայն հազիվ թե մեր օրերում ոչ գիտնական մեկը, թող որ չափազանց հարուստ ու ինքնատիպ մշակույթ եւ պատմություն ունեցող երկրամասի լինելիությանն ու տեսակին ծանոթանալու նպատակով, 15 մասի դիտման համար ենթադրվող ժամանակ կամ ցանկություն ունենա: Լայն հասարակությանը Արցախի հայկականությունն իրազեկելու համար առավել նպատակային կարող էր դիտվել կարճ տեւողություն, դիպուկ եւ հակիրճ ասելիք ունեցող ֆիլմերը: Հատկապես, որ նշյալ ասուլիսի ընթացքում այդպես էլ հստակ չխոսվեց ֆիլմաշարի հանդեպ լայն հասարակության (Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից դուրս) հետաքրքրությունն առաջացնելու, իրազեկման, գովազդման, տարածման ծրագրերից եւ դաՙ համապատասխան հարցն ուղղելու պարագայում անգամ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4