Կինովավերագրող Արա Վահունին 60-70-ականների մտավորական շարժման ամենաինքնատիպ դեմքերից էր արվեստային իր խառնվածքով, մտածողությամբ, ստեղծագործությամբ, արտիստիկ կեցվածքով, մարդկային նկարագրով, նաեւ արտաքին հագուկապովՙ մշտապես ճերմակով, անբաժանելի ցիլինդրով: Ամենակարեւորըՙ վավերագրողի իր ինքնատիպ կինոմտածողությունը խորհրդային կինեմատոգրաֆիայի կարծր դիմադրությունների պայմաններում կարողացել է պահպանել: Բազմաշնորհ արվեստագետ, որի տաղանդը դրսեւորվել է արվեստի տարբեր տեսակներում, կինեմատոգրաֆիայից բացի գրականության մեջՙ դրամատուրգիայի, կերպարվեստումՙ գծանկարի (դիմանկար, երգիծաշարժ) ժանրերում: Նրա վավերագրական ֆիլմերում, չնայած հեղինակային տեքստի բացակայությանը, կադրի խոսուն արտահայտչականությունը, ռեժիսորական դիտողականությունն ու գրականության մարդու, հոգեբանի տեսնող հայացքը ստեղծել են պատկերային այնպիսի համադրություններ, որտեղ իրական փաստը վերածվում է գեղարվեստական իրողության: Հեղինակային տեքստը լրացվում է փիլիսոփայական մեկնաբանությամբ ֆիլմի լուռ դիպաշարով: Արա Վահունին մտավորականի իր հայացքը երեւույթին, ժամանակին ներկայացնում է համադրությունների անսպասելի լուծումներովՙ հրաշալի օգտագործելով կադրեր, դեմքեր, պատկերներ հայտնաբերելու ռեժիսորական ձիրքը: Այդպիսին են նրա Երվանդ Քոչարին նվիրված «Էլեգիա», կույր զուռնաչու մասին պատմող «Կանչը», «Մուսալեռ-88», «Վիշապի տարի», «Տոհմածառ», «Հույս, հավատ, սեր», «Քոչարի» ֆիլմերը: Ա. Վահունու վերջինՙ «Էլեգիա» ֆիլմը «Ոսկե ծիրանի» «Հատուկ մրցանակին» է արժանացել:
Մայրաքաղաքի հոգեւոր միջավայրը, մշակութային Երեւանը 60-70-ականներին իր ծաղկման բարձունքում էր, այդ շրջանում մեր արվեստի երեւելիների կողքին Արա Վահունին կարողացել է պահպանել իր ինքնատիպ ձեռագիրն ու նկարագիրը: «Քաղաքի սիմվոլը, իր ժողովրդի հրաշալի ներկայացուցիչն էր բոլոր առումներով: Ճերմակ, լուսավոր կերպար, որտեղ լինում էր, լամպը ոնց որ ինքը լիներ: Թիվ մեկ դոկումենտալիստըՙ դիտողականությամբ, նաեւ նուրբ, դասական հումորի բացառիկ օժտվածություն ուներ, պորտրեիստ-նկարիչ, դրամատուրգ», երեկ Ազգային գրադարանում Արա Վահունու ծննդյան օրվա առիթով կազմակերպված հուշ-ցերեկույթին ասաց արձակագիր Վահան Տեր-Ղազարյանը :
Հուշ-ցերեկույթի ոգին ու մթնոլորտը շատ ներդաշնակ էր իրենՙ Արա Վահունուն, նրա աննկատ բացակայությամբՙ թեթեւ, լուսավոր: Տնօրենըՙ Դավիթ Սարգսյանը ամբողջական ներկայացրեց Արա Վահունու մտավորական, մարդկային նկարագիրը, ստեղծագործական ընթացքըՙ որպես մեկը մեր քաղաքի 60-70-ականների հոգեւոր կյանքը հարստացնող անհատականություններից: «Նրա վավերագրական ֆիլմերը կյանքի պարզ արտացոլանք չեն: Կյանքի բազմազանության մեջ տեսնում էր անտեսանելին, ընտրում էր այնպիսի դեմքեր, կադրեր, իրադրություններ, որ երեւույթը ընդհանուրից տանում էր մասնավորի եւ հակառակը»:
Հավաքված էին ռեժիսորի վաղեմի ընկերները, մտերիմները: Բանաստեղծ Արտաշես Ղազարյանը Արա Վահունուն ներկայացրեց դիմադրող-մտավորականի, ժամանակի, իրականության դեմ մաքառող արվեստագետի կերպարով. «Նրա գործը ավերակվող, կործանվող ժամանակներում կանթեղը վառ պահելու գերխնդիր ու ճիգ էրՙ տագնապած, հոգսաշատ մարդու առաջ դուռ բացելու»:
Քանդակագործ Վաչե Պետրոսյանը ցերեկույթի ավարտին ցուցադրված «Քոչարի» ֆիլմի նկարահանման դժվարություններին անդրադարձավ (ստեղծագործական-աշխարհայացքային առումով) եւ ընթերցեց ընկերոջ հիշատակին գրած «Ճերմակ մարդը» բանաստեղծությունը:
Ինչպես միշտ նման հանդիպումներում հետաքրքրական են կյանքային հուշերը, որոնք ավելի մտերմիկ են դարձնում կերպարը, ավելի հասկանալի, ջերմ: Ահարոն Ադիբեկյանը , Բագրատ Ալեքյանը , Վանուշ Շահրամազյանը հիշեցին անցյալից դրվագներ, փոքրիկ, գեղեցիկ հուշեր «իր ապրած ամեն օրը կինո, սցենար, հեքիաթ դարձնող» մի մարդու մասին, որի ոչ միայն ստեղծագործական ձեռագիրն էր ինքնատիպ, այլ ապրելու կերպը, մարդկանց հետ հարաբերվելու արվեստը:
Արտիստիկ խառնվածքով արվեստագետի ամբողջական դիմանկար ստեղծեց Վարուժան Խաստուրի ՙ բանաստեղծական պաթոսով, գեղարվեստորեն հագեցած գրավոր տեքստը: Շատ կարճ, բայց գեղեցիկ էր ռեժիսոր Ռուբեն Շահնազարովի խոսքը. «Բնավ չեմ հանդիպել այդպիսի կենսախինդ, պայծառ, անսովոր, թեթեւ, գեղեցիկ, իսկական հայ մարդու: Այդպիսին էր նաեւ Տիգրան Լեւոնյանը, որի հետ Արա Վահունին բարեկամություն էր անում: Երեւանը կորցրեց երկու ընտիր մտավորականի, այլեւս երբեք նրանց չենք տեսնի Երեւանի փողոցներում. տխո՜ւր է»:
Ավարտին ցուցադրվեց Արա Վահունու «Քոչարի» ֆիլմը:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ