Լինարեսի շախմատի մրցաշարում Լեւոն Արոնյանը 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց: 7-րդ պարտիայում Արոնյանը սպիտակներով խաղում էր ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկի հետ: Այդ անհաջողությունից հետո Արոնյանը մրցաշարային աղյուսակում նահանջեց եւ 3,5 միավորով Անանդի հետ բաժանում է 4-5-րդ տեղերը:
Աղյուսակը 5 միավորով միանձնյա գլխավորում է Ալեքսանդր Գրիշչուկը, որը ոչ-ոքի խաղաց Անանդի հետ: 4-ական միավորով նրան հետապնդում են Կառլսենն ու Իվանչուկը: Կառլսենը հաշտություն կնքեց Ռաջաբովի հետ: Ոչ-ոքի ավարտ ունեցավ նաեւ Դոմինգես-Վան Յուե պարտիան: Դոմինգեսը վաստակել է 3 միավոր, իսկ Ռաջաբովն ու Վան Յուեն 2,5 միավորով եզրափակում են աղյուսակը:
7-րդ տուրով ավարտվեց Լինարեսի մրցաշարի առաջին շրջանը: 8-րդ տուրում Արոնյանը սեւերով կմրցի Կառլսենի հետ: Առաջին շրջանում նրանց պարտիան ավարտվել էր ոչ-ոքի: Կկայանան նաեւ Գրիշչուկ-Դոմինգես, Իվանչուկ-Վան Յուե, Ռաջաբով-Անանդ պարտիաները:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ