Գյումրու «Արագած» մարզամշակութային կենտրոնի դահլիճում տեղի ունեցած տարեկան ժողովում իր 2008 թվականին կատարած աշխատանքներն ամփոփեց «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը: Համագործակցելով արտասահմանյան տարբեր երկրների քույր կառույցների, նաեւ տեղական գործընկերների հետ, կազմակերպությունն արդեն շուրջ մեկուկես տասնամյակ իրականացնում է դժվարին պայմաններում ապրող քաղաքացիներին եւ հասարակական խմբերին աջակցության բազմատեսակ ծրագրեր Հայաստանի Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի մարզերում եւ Երեւան քաղաքում: 2004-2008 թթ. այդ ծրագրերն ունեցել են հիմնականում սոցիալական, կրթական եւ առողջապահական ուղղվածություն:
«Հայկական Կարիտասի» անցյալ տարվա գործունեության մեջ զգալի տեղ ունեն երեխաներին եւ ընտանիքներին ուղղված ձեռնարկները: Դրանցից են «Շիրակի եւ Լոռու մարզերի յոթ ընտանեկան կենտրոնների (մանկատների եւ հատուկ դպրոցների) կարողությունների զարգացում», «Սոցիալական աշխատանք դեռահասների հետ Վանաձորում», գերմանական «Բարեկամություն», «Արեգակ» ցերեկային խնամքի կենտրոն բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների համար Գյումրիում», «Նարեկ» կրթական կենտրոն Մեծ Սեպասար գյուղում», «Երիտասարդների եւ նրանց ընտանիքների սոցիալական վերականգնում Վանաձորում», «Ընդդեմ ընտանեկան բռնության» հանրային իրազեկության քարոզարշավի, «Օժանդակություն կարիքավոր ընտանիքներին» եւ մի շարք այլ ծրագրեր, որոնք ընդհանուր առմամբ նպատակ են ունեցել նպաստելու երեխաների երջանիկ մանկության ապահովմանը, առողջ ընտանիքների կերտմանը: Կազմակերպության առանձնակի ուշադրության ոլորտում են ծերերի հիմնախնդիրները: «Տնային խնամք ծերերի համար», «Տաք ձմեռ ծերերի համար», «Բարեկեցիկ եւ արժանավայել կյանք ծերերի համար» ծրագրերից առաջին երկուսը գործում են 2002, երրորդը` 2006 թվականից, դրանցից ընդհանուր առմամբ օգտվել է տարեկան 500-600 մարդ Գյումրի, Վանաձոր եւ Գավառ քաղաքներում: Բացի դրանից, Գյումրիում գործում է 200 ծերերի ցերեկային խնամքի, սննդի եւ ժամանցի կենտրոնը, Տաշիրում` հաշմանդամ ծերերի ցերեկային հոգածության կենտրոնը 60 շահառուների համար: Իսկ Գյումրիում «Կարիտասի» հովանու ներքո անվճար գործող` առողջության առաջնային պահպանման կենտրոնում անցյալ տարի գրանցվել է հիվանդների մոտ 4300 այցելություն: Շիրակի մարզկենտրոնում գործում է նաեւ կարի արտադրամաս կանանց համար:
Համայնքների, մասնավորապես հեռավոր գյուղերի զարգացմանն աջակցելու են կոչված «Արամազդ», «Ծնողները հանուն կրթական բարեփոխումների», Ծխական հասարակական խորհուրդների, «Ջրամատակարարում եւ սանիտարիա» ծրագրերը: Հետաքրքրական ծրագրային աշխատանք է կատարվել նաեւ հօգուտ փախստականների եւ հայրենիք վերադարձողների վերաինտեգրման, հաշմանդամների խնդիրներին հանրության իրազեկման, ապօրինի միգրացիայի, թրաֆիկինգի եւ թմրամոլության կանխարգելման:
Նշված ծրագրերի մեծ մասը կշարունակի գործել այս տարի եւս: «Հայկական Կարիտասի» 2009-2013 թթ. ռազմավարական ծրագրերով դրանք կծավալվեն նաեւ նոր` մարդու իրավունքների պաշտպանության, արտակարգ իրավիճակներին պատրաստվածության եւ դրանց արձագանքման ուղղություններով:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ