«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#34, 2009-02-27 | #35, 2009-02-28 | #36, 2009-03-03


ԳԻՏՆԱԿԱՆԸ, ՔԱՂԱՔԱՑԻՆ

(Վ. Ե. Խոջաբեկյանի ծննդյան 80-ամյակի առթիվ)

Լրացավ հայ ականավոր տնտեսագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Եղիշի Խոջաբեկյանի ծննդյան 80-ամյակը:

Վ. Խոջաբեկյանը տնտեսագետների այն սերնդի ներկայացուցիչներից է, ովքեր ավելի քան 50 տարի աշխատել են ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտում եւ իրականացրել են բեղմնավոր ու բազմակողմ գիտական հետազոտություններ:

Վ. Ե. Խոջաբեկյանը ծնվել է 1929 թ. մարտի 2-ին Հայաստանի Հանրապետության Բասարգեչարի (այժմ Վարդենիս) շրջանի Չախրլու (այժմ Խաչաղբյուր) գյուղում: Գերազանցության դիպլոմով ԵՊՀ ավարտելուց հետո անցել է աշխատանքի Հայպետհրատում եւ 1960 թ. մինչեւ օրս աշխատում է ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտումՙ ավագ գիտաշխատող, գիտական քարտուղար, բաժնի վարիչ, փոխտնօրեն, տնօրեն, իսկ ներկայումսՙ տնօրենի խորհրդական:

Վ. Ե. Խոջաբեկյանը հեղինակել է ավելի քան 500 գիտական աշխատանքներ, որոնցից մեկ եւ կես տասնյակը մենագրություններ են: Դրանք հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն լույս են տեսել Երեւանում, Մոսկվայում, Կիեւում, Բեռլինում, Նյու Յորքում, Փարիզում, Աթենքում, եւ այլուրՙ նրան բերելով լայն ճանաչում:

Վ. Խոջաբեկյանի առաջին աշխատությունները նվիրված են աշխատանքի արտադրողականության տեսական հարցերին, ներարտադրական ռեզերվների բացահայտմանը եւ գնահատմանը:

Նա 60-ական թվականներից սկսած զբաղվել է եւ մեծ վաստակ ունի ժողովրդագրության ոլորտում: Նա այդ բնագավառի հիմնական ու առաջատար ուսումնասիրողն է Հայաստանում:

1968 թ. Մոսկվայում հրատարակվեց «Բնակչության ընդլայնված վերարտադրությունը եւ աշխատանքային ռեսուրսների օգտագործումը 1966-1985թթ. Հայկական ԽՍՀ-ում» տեսական հետաքրքրություն եւ կիրառական կարեւոր նշանակություն ունեցող Վ. Խոջաբեկյանի եռահատոր աշխատությունը: Նրանում առաջին անգամ երկարատեւ հեռանկարում գիտականորեն կանխատեսվել են հանրապետության բնակչության ու աշխատանքային ռեսուրսների վերարտադրությունը: ՀՀ ԳԱԱ նախագահությունը աշխատությունը որակել է որպես «տեսական մեծ հետաքրքրություն եւ կիրառական կարեւոր նշանակություն ունեցող» ուսումնասիրություն եւ որոշվել է «... աշխատանքը ներկայացնել ՀԽՍՀ պետպլանինՙ երաշխավորելով նրա օգտագործումը պլանավորման ժամանակ հանրապետության ժողտնտեսության հեռանկարում»:

Վ.Խոջաբեկյանը հանգամանորեն ուսումնասիրել եւ ժողովրդագրական քաղաքականության բազմաթիվ նոր հարցադրումներ, մտահղացումներ, առաջարկություններ եւ լուծումներ է տվել իր ուսումնասիրություններում:

1980-ական թթ. Վ. Խոջաբեկյանը ձեռնարկել է 1979-2016թթ. ամբողջ հանրապետության, քաղաքների, շրջանների եւ գյուղական վայրերի բնակչության ըստ սեռի, տարիքի, աշխատունակության եւ այլ հատկանիշների (ընդամենը 158 միավոր) հեռանկարային թվի կանխատեսման աշխատանքները:

Վ. Խոջաբեկյանի «Աղետ եւ մտահոգություն» մենագրությունում նա հանդես է եկել նոր խոսքով ու գիտական մտահղացումներովՙ աղետյալ շրջաններում ստեղծված արտակարգ իրավիճակի ժողովրդագրական հետեւանքները հաղթահարելու տեսությամբ: Քաղաքացի գիտնականի «Արցախը փորձության ժամին» (1991թ.) մենագրությունը նվիրվեց Ադրբեջանում եւ Լեռնային Ղարաբաղում իրականացվող հայաթափության քաղաքականության մերկացմանը:

Հանրապետության կառավարությանն են ներկայացվել Ադրբեջանից բռնագաղթված հայերի տեղաբաշխման, տարաբնակեցման, զբաղվածության, ինչպես նաեւ նրանց սոցիալ-տնտեսական անհետաձգելի խնդիրներին վերաբերող Վ. Խոջաբեկյանի գիտական զեկուցագրերը եւ հրապարակումները: Դրանցում առաջ քաշված հարցերն ունեն խիստ արդիական նշանակություն եւ իրենց արտահայտությունն են գտել 1993թ. մշակված «Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի ամրացման» նպատակային ծրագրում:

Նա մեծ տեղ է հատկացնում անցման շրջանում Հայաստանում աշխատանքի շուկան կարգավորող տնտեսական մեխանիզմների մշակմանը: Բացահայտվում են երկիրը ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու ուղիները:

Անվանի գիտնականը ժողովրդագրական հետազոտություններին միանգամայն նոր երանգ հաղորդեց իրՙ «Հայաստանի բնակչության վերարտադրությունը եւ տեղաշարժերը XIX-XX դարերում, XXI դարի շեմին» արժեքավոր մենագրությամբ: Աշխատությունը նվիրված է ժողովրդագրության, պատմության եւ ժողովրդական տնտեսության հիմնախնդիրների համապարփակ քննարկմանը: Այն վերաբերում է բնակչության աճի եւ տեղաշարժերի, էթնոժողովրդագրական գործընթացների առանձնահատկությունների եւ օրինաչափությունների բացահայտմանը:

Ակադեմիկոս Վ. Խոջաբեկյանն իր հետազոտություններում կարեւորել է առաջիկա 15-20 տարիներին ժողովրդագրական քաղաքականության հանգամանորեն մշակումը եւ կիրառումը:

ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտում նրա ղեկավարությամբ մշակվել են նաեւ մասնագիտական բազմաթիվ այլ խնդիրներ:

Նրա գործունեությանը բնորոշ է նաեւ այլ գիտական կազմակերպությունների հետ համագործակցությունը: Ժամանակին Վ. Խոջաբեկյանը Խորհրդային Միության ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի «ժողովրդագրության եւ աշխատանքային ռեսուրսների» պրոբլեմային խորհրդի անդամ էր: ԳԴՀ կենտրոնական տնտեսագիտության ինստիտուտի աշխատակիցների եւ Վ. Խոջաբեկյանի ուսումնասիրությունըՙ «Ժողովրդագրության հիմնախնդիրները եւ աշխատանքային ռեսուրսների վերարտադրությունը» վերտառությամբ, 1983թ. հրատարակվել է ռուսերեն: 1984թ. այն արժանացել է ԽՍՀՄ գիտատնտեսագիտական վարչության նախագահության համամիութենական մրցանակաբաշխության դիպլոմին: Խոջաբեկյանի հեղինակած բաժինը 1983թ. առանձին գրքով լույս է տեսել Բեռլինումՙ գերմաներեն:

1999թ. Ամերիկյան կենսագրական ինստիտուտի կողմից նա արժանացել է 1998թ. «Տարվա մարդ» կոչմանը:

Մեծ է Վ. Խոջաբեկյանի վաստակը նաեւ բարձրորակ տնտեսագետների պատրաստման գործում: Շուրջ կես դար դասախոսել է հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում: Նրա գիտական ղեկավարությամբ թեկնածուական ատենախոսություններ են պաշտպանել բազում ասպիրանտներ ու գիտաշխատողներ:

Ակադեմիկոս Վ. Խոջաբեկյանն իր բեղմնավոր գործունեության արդյունքում ստեղծել է հանրապետության ժողովրդագրության եւ աշխատանքային ռեսուրսների գիտական ուղղություն եւ շարունակում է դրա գիտական ղեկավարումը:

Երկար տարիներ Վ. Խոջաբեկյանը եղել է ՀՀ ԳԱԱ պատմության եւ տնտեսագիտության բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի տեղակալը, բաժանմունքի բյուրոյի անդամ, ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի գիտական, Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ատենախոսության պաշտպանության մասնագիտական խորհուրդների նախագահ, Հայկական հանրագիտարանի գիտախմբագրական, տարբեր ամսագրերի խմբագրական խորհուրդների, այդ թվումՙ «Պրոբլեմի տեորիի ի պրակտիկի ուպրավլենիա» միջազգային ամսագրիՙ ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի կողմից ներկայացուցիչ-անդամը եւ այլն: Այդ եւ ՌԴ ԳԱ «Օբշեստվո ի էկոնոմիկա» միջազգային ամսագրում, ինչպես նաեւ Հայկական հանրագիտարանի բազմաթիվ հատորներում եւ հայկական ամսագրերում հեղինակել է հարյուրավոր արդիական արժեքավոր հոդվածներ:

Վ. Խոջաբեկյանն իր ողջ գործունեության ընթացքում աչքի է ընկել սկզբունքայնությամբ, գիտական բարեխղճությամբ, աշխատասիրությամբ ու պարտաճանաչությամբ:

Վ. Խոջաբեկյանը արդյունավետ գիտահետազոտական աշխատանքներ կատարելու համար 2000թ. զետեղվել է «Նմուշներ Հայաստանից» վերտառությամբ Ամերիկյան կենսագրական ինստիտուտի բառարանում: «Գիտության բնագավառում ձեռք բերած ակնառու նվաճումների համար» պարգեւատրվել է Մովսես Խորենացու անվան մեդալով եւ բազմաթիվ պատվոգրերով:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասարակական բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

ՀՀ ԳԱԱ թղթակից¬անդամ, ՀՊՏՀ ռեկտորՙ ՅՈւ.Մ.ՍՈՒՎԱՐՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն, տնտ.դոկտոր, պրոֆեսորՙ Վ. Լ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4