Լեւոն Արոնյանը հաղթանակով սկսեց Լինարեսի մրցաշարի 2-րդ շրջանը` սեւերով պարտության մատնելով նորվեգացի Մագնուս Կառլսենին: Նրանց պարտիան 8-րդ տուրում վերջինն ավարտվեց: Կառլսենը համառորեն պաշտպանվում էր եւ ի վերջո, 93-րդ քայլում հանձնվեց: Դա 8-րդ տուրում գրանցված միակ արդյունավետ պարտիան էր: Ռաջաբով-Անանդ, Գրիշչուկ-Դոմինգես, Իվանչուկ-Վան Յուե պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:
9-րդ տուրում Արոնյանի մրցակիցն աշխարհի չեմպիոն Անանդն էր, որին հայ շախմատիստն առաջին շրջանում հաղթել էր: Այս անգամ մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին: Նույնպիսի արդյունք գրանցվեց նաեւ Իվանչուկ-Ռաջաբով, Վան-Յուե-Գրիշչուկ պարտիաներում: Միակ հաղթանակն իր օգտին գրանցեց Մագնուս Կառլսենը, որը սեւերով պարտության մատնեց կուբացի Լենիեր Դոմինգեսին:
9 տուրից հետո 6 միավորով միանձնյա առաջատարը Ալեքսանդր Գրիշչուկն է: 5-ական միավորով նրան հետապնդում են Արոնյանը, Կառլսենն ու Իվանչուկը: 4,5 միավոր ունի Անանդը, Դոմինգեսը, Ռաջաբովն ու Վան Յուեն 3,5-ական միավորով եզրափակում են աղյուսակը: 10-րդ տուրում Արոնյանը սեւերով կմրցի Ռաջաբովի հետ: Կկայանան նաեւ Գրիշչուկ-Իվանչուկ, Անանդ-Դոմինգես, Կառլսեն-Վան Յուե պարտիաները:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ