«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2009-02-28 | #36, 2009-03-03 | #37, 2009-03-04


ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՈՐՈՇԵՑ «ԲԱՑ ԹՈՂՆԵԼ» ՓՈԽԱՐԺԵՔԸ

Կանխատեսվում է տարեկան միջին փոխարժեքը 360-380 դրամ 1 դոլարի դիմաց

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց ԿԲ խորհրդի նախօրեին ընդունած որոշումը: Համաձայն դրա, նկատի ունենալով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը եւ արձանագրելով, որ Հայաստանի բանկային համակարգը բավարար կապիտալիզացված է, գերիրացվելի եւ պատրաստ դիմակայելու ճգնաժամի մարտահրավերներին, ինչպես նաեւ առեւտրի պայմանների վատթարացումն ու կապիտալի ներհոսքի ծավալների նվազումը, ԿԲ խորհուրդը որոշել է սահմանափակել արտարժույթի շուկայում ԿԲ միջամտությունները եւ վերադառնալ լողացող փոխարժեքի քաղաքականությանը: Դա հնարավորություն կտա, որ փոխարժեքը ձեւավորվի մակրոտնտեսական իրավիճակին համապատասխան, ինչը կբարելավի մեր երկրի մրցունակությունն աշխարհում եւ կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Ինչպես նշեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ըստ միջազգային եւ տեղական փորձագետների հաշվարկների, այս տարվա ընթացքում դոլար-դրամ միջին փոխարժեքը կգտնվի 360-380 դրամ 1 դոլարի դիմաց միջակայքում: Միաժամանակ, ԿԲ խորհուրդը արժեզրկվող արժույթի պայմաններում իրատեսական համարեց գնաճի նպատակային թիրախի գերազանցման ռիսկերը: Ուստի խորհուրդը որոշեց նաեւ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 1 տոկոսով, սահմանելով այն 7,75 տոկոս:

Խոսելով լողացող փոխարժեքի վերադառնալու ԿԲ խորհրդի որոշման մասին, Արթուր Ջավադյանը նշեց, որ այս քայլին գնացել են, քանի որ բանկային համակարգն այժմ ունի բարձրՙ 700 մլն դոլարի լիկվիդայնություն եւ պատրաստ է բավարարել դոլարի պահանջարկը: Ըստ ԿԲ նախագահի, ճգնաժամի պայմաններում այլ ելք չկա: Նա միաժամանակ այն կարծիքը հայտնեց, որ տարեվերջին գնաճը կկազմի 8-9 տոկոս:

Արթուր Ջավադյանը հայտնեց նաեւ, որ ԿԲ-ն ունի 1 մլրդ 200 մլն դոլար համախառն արտաքին պահուստներ, որը բավարար ռեսուրս է ճգնաժամին դիմակայելու համար: Նա անհանդուրժելի համարեց այս կապակցությամբ ստեղծված խուճապը: ԿԲ կողմից 2008-ի ընթացքում շուկայում վաճառվել է այնքան դոլար, որքան գնվել է 2007-ին: Նա ասաց, որ Կենտրոնական բանկը արտարժութային շուկայում միջամտություն կիրականացնի, եթե լինեն կտրուկ տատանումներ:

Փոխանակման կետերում նախորդ օրերին ստեղծված իրավիճակին անդրադառնալով, ԿԲ նախագահն այն կարծիքը հայտնեց, որ դրանք ոչ թե պետք է ստվերային տնտեսությանը սպասարկեն, այլ ծառայություններ մատուցեն քաղաքացիներին եւ զբոսաշրջիկներին: ԿԲ-ն ներկայացրել է օրենսդրական նոր փաթեթ, որը խստացնելու է փոխանակման կետերի գործունեության պայմանները:

Երեկ բանկերի մասնաճյուղերում եւ փոխանակման կետերում արդեն սահմանվել էր 350-390 դրամ 1 դոլարի դիմաց շուկայական փոխարժեքը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4