«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2009-02-28 | #36, 2009-03-03 | #37, 2009-03-04


«1915-ԻՑ Ի ՎԵՐ ՀԱՅԵՐԻ ՀԵՏ ԵՐԲԵՔ ԱՅՍՔԱՆ ՄՈՏ ՉԵՆՔ ԵՂԵԼ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՄԱՆ ՀԱՆԳՐՎԱՆԻՆ»

«Զաման» թերթին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը

Երեկ «Ազգը» տեղեկացրել էր, որ ապրիլի 16-ին աշխատանքային երկօրյա այցով Երեւան կժամանի Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանըՙ մասնակցելու «Սեւծովյան տնտեսական համագործակցություն» կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին: Նույն օրվա համարում «Հայաստանի հետ պատմական առիթ ենք ստեղծել, թող երրորդ երկրները չվնասեն գործընթացին» վերնագրով «Զաման» թերթն էլ տեղեկացնում է. «Հայկական սփյուռքը փորձում է ճնշման ենթարկել նախընտրական քարոզարշավի ընթացքում «ցեղասպանության» պնդումները ճանաչելու խոստում տված նախագահ Բարաք Օբամային: Զուգահեռաբար ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում պատրաստվում է հայկական բանաձեւի նախագիծ: Մինչ Անկարան թուրքական թեզը բացատրելու համար խմբեր է կազմավորում, որ դեսանտ իջեցնի Վաշինգտոնում, արտգործնախարար Բաբաջանը ԱՄՆ-ի ուշադրությունը հրավիրում է Երեւանի հետ Անկարայի դիվանագիտական ակտիվ շփումների վրա, զգուշացնում է երրորդ երկրներին, որ չվնասեն գործընթացին եւ պատրաստվում է հարցի զգայնության մասին իրազեկել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, որը մարտի 7-ին կայցելի Թուրքիա»:

Դեսանտի մասին «Զամանը» չի մանրամասնում, պարզապես ասենք, որ փետրվարի 12-ին վերադառնալով Վաշինգտոնից, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակությունը Կոնգրեսում վարած բանակցությունների եւ ԱՄՆ-ի հրեական 13 կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումների մասին հաշվետվություն էր ներկայացրել վարչապետ Էրդողանին: Արդյունքներն ամենեւին հուսադրող չէին Թուրքիայի համար: Չի բացառվում, որ նույն արդյունքին հանգեցնի նաեւ թուրքական դեսանտի իջեցումը Վաշինգտոնում: Դա հենց «Զամանի» տված հարցազրույցում Բաբաջանն է ասել: Անկախ Բաբաջանից, դժվար չէ կռահել, որ դեսանտի իջեցման եւ դրա արդյունքների վրա մեծ նշանակություն են ունենալու պետքարտուղար Քլինթոնի Թուրքիա այցն ու հանդիպումը Բաբաջանի հետ:

«Զամանի» մարտի 3-ի համարում հրապարակված հարցազրույցն ընդարձակ է, հիմնականում վերաբերում է Պաղեստինի հիմնախնդիրներին: Թերեւս այդ առումով պատահական չէ, որ Բաբաջանը դա տվել է Շարմ-էլ-Շեյխում Գազայի իրավիճակին նվիրված միջազգային համաժողովին մասնակցելու համար Եգիպտոս ուղեւորվելուց առաջ: Հատկանշական է, որ թուրքական թերթը հարցազրույցի խնդրանքով Բաբաջանին դիմելիս, Պաղեստինի, Գազայի, «Համասի» նման տարածաշրջանի առանցքային հիմնախնդիրների հետ է համադրել Հայոց ցեղասպանությունը, դրանով էլ ընդգծել է ցեղասպանության հարցի կարեւոր նշանակությունը Թուրքիայի համար: Ելնելով այս հանգամանքից, ուշադրության ենք ներկայացնում Թուրքիայի արտգործնախարար Բաբաջանի հարցազրույցի ցեղասպանության հարցին առնչվող հատվածը.

- Հնարավո՞ր է, որ Թուրքիան ապրիլի 24-ի նախօրյակին «անակնկալ» մատուցի Հայաստանի հարցում:

- Հայերի հետ երկկողմ հարաբերություններին բազմակողմանի անդրադարձող եւ դրանց նորմալացումը նախատեսող գործընթացի մեջ ենք: Գործընթացը ծավալվում է, թեեւ դրա ավարտին դեռ չենք հասել, սակայն այդ ուղղությամբ առաջանում ենք:

- Ո՞րն է այս գործընթացի վերջնական նպատակը:

- Իհարկե, Հայաստանի հետ հարաբերությունների վերջնական նորմալացումն է: Զուգահեռաբար ծավալվում է նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ մեկ այլ գործընթաց, որտեղ քննարկվում են Լեռնային Ղարաբաղին (ադրբեջանցի) փախստականներին, Հայաստանի հետ Ղարաբաղի հաղորդակցության ապահովմանն առնչվող խնդիրներ:

- Ձեր կարծիքով, հնարավո՞ր է, որ ապրիլի 24-ին ԱՄՆ-ում կատարվի Թուրքիայի համար անախորժ զարգացում:

- Չեմ կարող ասել, թե հարց չի ծագի: Ծագման ռիսկն, իհարկե, պահպանվում է:

- Վարչապետ Էրդողանը Վանում հանրահավաքի ժամանակ զգուշացրեց ԱՄՆ-ին, որ լուրջ վնաս կկրեն երկու երկրների ռազմավարական հարաբերությունները:

- Նրանք այդ մասին արդեն գիտեին:

- Ի՞նչ կարող է անել Թուրքիան այս վիճակում:

- Մենք սխալ ենք համարում այն, որ երրորդ երկիրը, այսինքնՙ ԱՄՆ-ը, այդ հարցում մոտեցում դրսեւորի, նախագահը հայտարարություն անի կամ Կոնգրեսը որոշում ընդունի, երբ ինքներս հայերի հետ քննարկում ենք այդ բոլոր հարցերը:

- Դա ինչպիսի՞ ներգործություն կունենա ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերությունների վրա:

- Ներգործություն անպայման կունենա: Չպետք է վնասել Հայաստանի հետ ծավալվող գործընթացին: Այս պահին պատեհ առիթ է ստեղծված: Ուղղակիորեն Հարավային Կովկասում հարաբերությունների նորմալացմանն առնչվող այս գործընթացների ծավալումը (Թուրքիա-Հայաստան/Ադրբեջան-Հայաստան) միշտ չէ, որ կարելի է իրականացնել:

- Այս ամենը ինչպե՞ս եք բացատրելու ԱՄՆ-ին:

- Հինգ հոգանոց խմբեր ենք կազմավորել, առաջիկա երեք-չորս շաբաթներին առանձին կմեկնեն ԱՄՆ եւ մեր թեզերը կբացատրեն հարցին առնչվող գործընկերներին: Մարտի 7-ին Թուրքիա է ժամանում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, այս խնդիրները բացատրելու եմ նրան:

- Ո՞րն է մեր գլխավոր թեզն այս հարցում:

- Հայկական բանաձեւի հարցում մենք ամերիկացիների հետ սպառնալից ոճով չենք խոսում, թե բանաձեւը Կոնգրեսում անցկացնելու դեպքում մենք էլ փոխարենը հակաքայլի կդիմենք: Պարզապես նրանց բացատրում ենք Հարավային Կովկասում տիրող իրավիճակը: Երբեք այնքան մոտ չի եղել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա խնդիրների լուծումը: Ներկա պահին մենք հայերի հետ 1915-ից ի վեր հանգուցալուծման ամենամոտ հանգրվանում ենք: Չեմ ասում կարգավորել ենք, բայց հետեւողականորեն մոտենում ենք կարգավորմանը:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4