«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2009-02-28 | #36, 2009-03-03 | #37, 2009-03-04


ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ ԸՆԴԴԵՄ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ» DVD-Ի

Սերդար Քայա անունով թուրք մի բժիշկ ռասայական թշնամանք հրահրելու մեղադրանքով դատական հայց է ներկայացրել ընդդեմ Թուրքիայի կրթության նախարարության եւ իր 11-ամյա դստեր դպրոցին, գրում է «Թայմս» թերթի փետրվարի 28-ի համարում Ստամբուլից Սունա Էրդեմը:

«Աղջիկս վրդովված ու սարսափած էր այդ վավերագրական ֆիլմը դիտելուց հետո: Նա անընդհատ ինձ հարցնում էր, թե իրո՞ք հայերը մեզ կոտորել են», ասել է նա: «DVD-ում բազմաթիվ զանգվածային գերեզմաններ, ոսկորների կույտեր եւ գանգեր կան: Նրանք հարգանք ու պատկառանք ներշնչող պապիկների հետ են հարցազրույցներ անցկացրել, եւ երբ այս վերջինները նշում են, թե հայերը թուրքերի գլուխները կտրում էին, դա մնում է երեխաների հիշողության մեջ», իր հերթին թուրք հոգեբան Սերդար Դեգիրմենջիօղլուն բացատրել է հայկական «Ակօս» թերթի խմբագրության աշխատակիցներին, երբ լուրը տարածվել է, որ վավերագրական այդ ֆիլմը ցուցադրվում է բոլոր դպրոցներում:

Կրթության նախարարությունը թեեւ դադարեցրել է «Սարը Գելին» ֆիլմի տարածումը, դա դեռեւս մնում է դպրոցների ուսումնական ծրագրերի մեջ: Որոշ պատգամավորներ խորհրդարանում այդ առթիվ հարց են բարձրացրել: «Էգիտիմ-Սեն» կրթական միությունը դատապարտել է ֆիլմը, իսկ «Պատմության հիմնադրամը» որակել է որպես «անհիմն քարոզչություն»: Հրանտ Դինքի հիշատակի առթիվ հիմնված մեկ ուրիշ հիմնադրամ նույնպես դատական հայց է հարուցել նշելով, որ «վավերագրական ֆիլմում «հայ» բառը հազարավոր անգամներ է հնչում եւ ամեն անգամ էլ բացասական ներիմաստով»:

«Թուրքական հասարակությունը թունավորված է ազգայնամոլական, ռասիստական վարակահարուցիչով», թեմային անդրադառնալով նշել է անկախ պատգամավոր Ուֆուք Ուրասը, իսկ «Թարաֆ» անկախ թերթի խմբագիր Ահմեդ Ալթանը ասել է. «Սպանում եք մեկ միլիոնից ավելի հայերի, Անատոլիայից ջնջում եք հայկական ամեն մի հետք, հափշտակում նրանց սեփականությունը եւ հետո երեխաներին տեսաերիզ եք ցույց տալիս, թե տեսեք հայերն ինչեր են արել մեզ: Դրանով մենք մեր երեխաներին մեկուսացնում ենք ամբողջ աշխարհից»:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4