2009թ. փետրվարի 16-ին Վրաստանի Հանրապետության Արդարադատության նախարարությունը պաշտոնական նամակով մերժեց արտոնել Ֆրանսիայի Հանրապետության փաստաբան, Փարիզի փաստաբանական կոլեգիայի անդամ` Պատրիկ Արապյանին ստանձնելու ջավախքահայ քաղաքական ակտիվիստ, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժման առաջնորդ` Վահագն Չախալյանի, ինչպես նաեւ նրա հոր եւ կրտսեր եղբոր պաշտպանությունը նրանց նկատմամբ ներկայումս ընթացող դատավարոթյունում:
Մերժման որեւէ հիմք` Վահագն Չախալյանի մորը` տկն Գայանե Չախալյանին հասցեագրված Արդարադատության նախարարության նամակում նշված չէ: Ընդհակառակը, նամակում ուղղակիորեն ասվում է, որ ներկայացվել են բոլոր պահանջվող փաստաթղթերը, բայց Արդարադատության նախարարությունը, «գործի հանգամանքները եւ ներկայացված նյութերի հիմնավորությունը քննելուց հետո, նպատակահարմար չի գտել» Պատրիկ Արապյանին ընթաող դատավարությունում որպես պաշտպան մասնակցությունն արտոնելը:
«Երկիր» միությունը գնահատում է այս մերժումը որպես վրացական իշխանությունների կողմից Վահագն Չախալյանի եւ նրա ընտանիքի անդամների Սահմանադրությամբ եւ օրենքներով երաշխավորված տարրական իրավունքների բացահայտ եւ կոպիտ խախտում: Այս փաստը եւս մեկ ապացույց է, որ ջավախքահայ գործչի նկատմամբ ընթացող դատավարությունը բացառապես քաղաքական է, ավելին` նրա ընթացքը բացահայտորեն ուղղորդվում եւ համաուղղվում է վրացական իշխանությունների կողմից:
Վրացական իշխանությունները այս մերժմամբ եւս մեկ անգամ ապացուցում են, որ Վահագն Չախալյանի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու նպատակով նրանք չեն խորշի ո՜չ հակաօրինական միջոցներ օգտագործելուց եւ ո՜չ էլ խայտառակ խախտումներ կատարելուց:
Ելնելով վերոնշյալից` «Երկիր» միությունը կոչ է անում միջազգային կառույցներին եւ իրավապաշտպան կազմակերպություններին համապատասխան գնահատական տալ փաստաբանի գրանցման մերժման փաստին եւ ճնշում գործադրել վրացական իշխանությունների վրա` Վահագն Չախալյանի, նրա հոր եւ կրտսեր եղբոր նկատմամբ շինծու գործով դատավարությունը դադարեցնելու եւ Վահագն Չախալյանին ազատ արձակելու նպատակով: