Երեկ տարօրինակ իրավիճակ էր տիրում քաղաքի դրամի փոխանակման կետերում, որտեղ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կտրուկ բարձրացել էր մինչեւ 411 դրամ, ապա իջել մինչեւ 380: Հենց այդ խուճապից բնակչությունը «հարձակվել» էր մթերային խանութների ու սուպերմարկետների վրա: Վերջիններս փակել էին իրենց ցանցի մի քանի խանութներՙ նոր գնապիտակներ ամրացնելու համար, իսկ մյուսները շարունակում էին առեւտուրն արդեն որոշ ապրանքների գները թանկացրած:
«Երեւան սիթի» խանութի առջեւ արդեն գնումներ կատարած տիկնոջ հետ զրույցից պարզվեց, որ բուսական յուղը նախորդ օրվա հետ համեմատած թանկացել էր 100-200 դրամով, շաքարավազըՙ 220-ից դարձել էր 250 դրամ, կենդանական յուղը 350 դրամով էր թանկացել եւ այսպես շարունակ: Իսկ թե ինչո՞ւ էր 10 հատ ձեթ, շաքարավազ, ալյուր, բրինձ, ոսպ եւ այլն գնել, բացատրեց. «Փողս այդքանի բավականացրեց»:
Ներս մտնելով, նկատեցի, որ իրոք, ժողովուրդը լիքը զամբյուղներով մոտենում էր դրամարկղին ու դժգոհում. «Ամեն ինչն էլ թանկացրել են, բա ո՞ւր են այս երկրի տերերը, որ չեն կանխում: Մի երկու օր էսպես մեզ կկլպեն, հետո, էդ ո՞նց էր, հա հիշեցի, հանձնաժողովը մի քանի կոպեկ կտուգանի խանութպաններին, էլի տուժողը մենք ենք լինելու... », վրդովված ասում էր երկարամյա մանկավարժ Վարդան Սողոմոնյանը:
Երբ ձեթի վաճառքի դարակների մոտ իրար ձեռքից շշեր փախցնելը փորձում էի նկարել, այդ պահին խանութի աշխատակից, «կերած-խմած» սեւազգեստ մի երիտասարդ սկսեց բղավել ու արգելել նկարել, պահանջելով ջնջել նկարածը: Երբ փորձեց ձեռքերին ազատություն տալ, հիշեցրի, որ մամուլի օրենքով իրավունք չունի խոչընդոտելու իմ աշխատանքին, սակայն ո՞ւմ էի ասում, նա կյանքում բացի կոպտությունից այլ բան չէր սովորել: Լավ էր, որ վեճը չսաստկացավ, խանութի մեկ այլ աշխատակից միջամտեց, անգամ պատասխանեց ինձ հուզող հարցերին ու միասին շրջեցինք սրահում: Չնայած երիտասարդը պնդում էր, որ բոլոր մթերքների ամենօրյա առեւտուր է, սակայն ականատեսի աչքը հստակեցրեց, որ խուճապ էր, այն էլՙ ինչպիսի:
Գնորդ Սաթենիկ Ավետիսյանը ասաց. «Երկու ժամ է չեմ կարողանում խանութից դուրս գալ, մոտիս գումարը չի բավարարում գնումներիս, տնից փող եմ ուզել, որ հասցնեն, երբ տեսա, թե մարդիկ 5 հատով, 10 հատով ձեթ, բրինձ... ինչ ասես, որ չէին փախցնում դարակներից»:
Իսկ թե ինչո՞ւ մեկ գիշերվա ընթացքում դրամը արժեզրկվեց ու գները սկսեցին աճել, թողնում ենք ղեկավարների խղճին, քանզի այլ երկրներում տնտեսական ճգնաժամը հաշվի առնելով, գները իջնում են, իսկ մեր երկրում աճում ու աճում են... արհեստականորեն: Ու հարց է ծագումՙ մինչեւ ե՞րբ...
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ