«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2009-02-28 | #36, 2009-03-03 | #37, 2009-03-04


ԻՍԿԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻՑ 5 ՐՈՊԵ ՊԱԿԱՍ

ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Երեկ, փաստորեն, Հայաստանի Կենտրոնական բանկն արեց այն, ինչը, եթե այնուամենայնիվ պետք է աներ, հարկ է, որ ավելի նախապատրաստված ու քայլ առ քայլ աներ: ԿԲ-ն ընդամենը գնաց իրադարձությունների հետեւից` ընդառաջ գնալով դեռ անցած շաբաթավերջին նկատելի դոլարի խուճապային գնաճի միտումներին եւ լողացող դարձրեց դոլարի արժեքը: Չգիտենք` վերլուծելու նյութ է, թե որքանո՞վ են օբյեկտիվ կամ սուբյեկտիվ խուճապ ստեղծող գործոնները: Վերլուծաբաններ կան, որոնք լրջորեն հավատացած են, որ ընդդիմադիր մամուլն այդ բոլորում ունի իր մեղքի բաժինը` ֆոն ստեղծելով խուճապային տրամադրությունների համար, եւ անգամ Տեր-Պետրոսյանի` մարտի 1-ի հանրահավաքում հնչեցրած ելույթի տնտեսական հատվածն էլ է նպաստել այդ խուճապի մեծացմանը: Այսպես թե այնպես` խուճապը մեր բնակչությանը սովորաբար շատ արագ է վարակում, եւ երեկ անգամ իրենց փոքրիկ գումարները դոլարի վերածելու բնակչության ճիգերը երեկոյան բերեցին նրան, որ դոլարը փոխանակման կետերում վաճառվում էր 400 եւ ավելի ուշՙ 380-365 դրամի սահմանագծում: Սա, եթե մեկ-երկու օրում չկարգավորվի (եթե առաջին պահի խուճապը չանցնի), կարող է շղթայական ռեակցիայով բերել բազմաթիվ ծառայությունների եւ առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացմանը, եւ բնակչության չիրազեկվածությունը կարող է էլ ավելի սրել իրավիճակը: Այս պահին, մեր կարծիքով, ինչ-որ օպերատիվ կառույց կառավարության անունից պետք է ամենօրյա տեղեկատվություն տրամադրի բնակչությանը, որտեղ շատ հստակ իրողությունները կտարբերակվեն խուճապային տրամադրությունները սաստկացնող զանազան ասեկոսեներից եւ ապատեղեկատվությունից, այդպիսով` գոնե ընդհանուր գծերով մեղմելով վիճակը կամ կառավարելի պահելով խուճապի աստիճանը:

Բոլոր դեպքերում` այս պահին եւ այսուհետեւ բոլոր քաղաքական գործընթացները մղվում են հետին պլան կամ ստորադասվում են տնտեսական իրողություններին, եւ անգամ` հենց կախված են լինելու այդ իրողություններից: Հայաստանի կառավարությունն, իրոք, նեղ դրության մեջ կարող է հայտնվել, եւ հարկ կա ամեն օր սրբագրումներ ենթադրող օպերատիվ միջոցառումների քայլեր մշակել, այլապես այս իրավիճակից օգտվողների եւ վիճակն ավելի վատթարացնողների պակաս չի զգացվելու, տուժողն էլ լինելու է նախեւառաջ աշխատավարձով եւ թոշակով ապրող հասարակ մարդը: Օրինակ` ի՞նչ կերպ են հատուցվելու արժեզրկվող դրամի` աշխատավարձային կորուստները, այդ մասին մտածող լինելո՞ւ է, կամ արդյոք արժեզրկմանը համարժեք փոխհատուցում կարո՞ղ է լինել աշխատող բնակչությանն այլ, ոչ դրամական միջոցներով: Բայց այս բոլորը դեռ նոր է ուրվագծվելու, մինչ այդ հիշենք, թե ի՞նչ ունեինք դոլարի արժեքը լողացնելուց մի պահ առաջ:

Երկու իրողություն, որոնք թեեւ կարելի է քաղաքական համարել, բայց ակնհայտորեն առավել հեռուն գնացող գործընթացների սկիզբը կարող են համարվել:

Նախ` քաղաքապետի քվազիընտրությունը, որը կարող է իշխանական ուժերի ներքին տարաձայնությունների պատճառ դառնալ, քանզի անգամ կոալիցիոն գործընկերներն այս առանցքային պաշտոնում քաղաքապետ ընտրող ավագանի ձեւավորելու համար ամեն մեկն իր սեփական համամասնական ցուցակն է դեմ տալու: Բնականաբար մայիսի 1-ից սկսվող պաշտոնական քարոզարշավի ժամանակ եւ դրանից էլ առաջ ականատեսն ենք դառնալու վերստին միմյանց հետ շուն ու կատու դարձած կոալիցիոն գործընկերների: Դա նույնիսկ կարող է պատճառ դառնալ կոալիցիայի ոչեւս լինելուն: Իսկ Հանրապետականի ձիու քայլը` իրենց համամասնականի ցուցակի առաջին երկու տեղերը զբաղեցնողների` Գագիկ Բեգլարյանի եւ Տարոն Մարգարյանի անունների հրապարակումը, նույնպես դրա պատճառ կարող է դառնալ, քանի որ, այնուամենայնիվ, հատկապես հնաբնակ հանրապետականներից շատերը հակված էին Երվանդ Զախարյանին տեսնել քաղաքապետ... գոնե ընտրությունների ընթացքում, եւ ինչու չէ` նաեւ հետո: Բայց այն, որ խոսվում է, թե հենց Գ. Բեգլարյանն է նշանակվելու քաղաքապետ, որն էլ կապահովի իր սեփական ընտրությունը` Հանրապետականի ցուցակին հարկավոր ձայները վարչական ռեսուրսով բերելով, թույլ է տալու աջուձախից Հանրապետականին ուղղված քննադատության մեծ դոզա: Բեգլարյանի «կալիբրի» ղեկավարը գուցե թաղապետ որպես հարմար է (որպես թաղապետի էլ նրան քննադատողների պակաս չկա), բայց երկրի առաջին թոփ-հնգյակի մեջ լինելուն բոլորովին չի ձգում` միջպետական մակարդակով երկիր ու մայրաքաղաք ներկայացնելու խնդիր կա, ինտելեկտ ու միջազգային միջին որակի գործչի նշաձող գոնե պիտի ապահովի: Այս թեկնածուն կարող է Հանրապետականի աքիլլեսյան գարշապարը դառնալ` ոչ մի կերպ անգամ քարոզարշավային մակարդակով չմրցակցելով այլ, մի քիչ գոնե ինտելեկտուալ որեւէ ուրիշ մրցակցի հետ:

Ազգի ընդդիմադիր հատվածն էլ եթե միանա քաղաքապետի ընտրության գնացքին` ասենք Ստեփան Դեմիրճյանով-բանով, ապա այդ պահին ճգնաժամի ճիրաններում լիովին հայտնված հասարակության պառակտման այս լրացուցիչ առիթը կարող է ավելացնել ընդհանուր բեւեռացումը եւ մինուսներ բերել հենց իշխանությանը, որը, փաստորեն, փոխանակ հակվի հասարակության համար ընդունելի թեկնածուի, այսպիսի հայտածումներով ավելի է բարդացնում իր վիճակը:

Իսկ նույն ճգնաժամին ապավինած եւ չնայած բավական հանրահավաքայիններ ունեցող Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքում կրկին սպասողական դիրք որդեգրեց` չթաքցնելով, ճգնաժամն իր սեւ գործն անելու է, թուլացնելու է իշխանությանն այն աստիճան, որ դրանից հետո իշխանությանը տիրանալը միայն տեխնիկայի գործ կլինի: Անցած տարվա մարտի 1-ից առաջ «Հիմա, հիմա» սնող ընդդիմության առաջնորդը հանկարծ ու «լուսավորվել է» եւ հավատացրել, որ կոնգրեսի բառապաշարում այսուհետեւ բացակայելու են գրոհ, ապստամբություն, հեղափոխություն հասկացությունները, դրանք այսուհետեւ հնամաշ գաղափարներ են եւ պետք է դուրս մղվեն մեր երկրի քաղաքական օրակարգից: Քանի դեռ այդպես չէ, Հայաստանն իրավական, ժողովրդավարական պետություն դառնալու հեռանկար չի կարող ունենալ: Մինչեւ հիմա նրա համար ակնհայտ չէր, որ հեղափոխության արդյունքում ժողովրդավարություն չի ծնվում, այլ... մի բռնապետությանը փոխարինում է մեկ այլ բռնապետություն, ուժով նվաճված իշխանությունը ուժով էլ պահում են եւ այլն: Եվ իշխանափոխության սահմանադրական ճանապարհն է մատնանշում: Ախ, խելոքացել, ո՞նց է խելոքացել Տեր-Պետրոսյանը, եւ այդ մասին արդյոք չէ՞ր կարող գլխի ընկնել, ասենք, 2008 թվականի փետրվարի 28-ին, երբ դեռ անմեղ զոհեր չէին եղել: Իսկ հիմա հանկարծ մարգարեացել է: Լուրջ, պատասխանատու, ինստիտուցիոնալ ընդդիմության ստեղծում է մատնանշում` որպես հաջողության հասնելու միակ գրավական ու կողքի քաշված: Երեւում է, այդ գործով էլ զբաղվելու է, մինչեւ տնտեսական ճգնաժամով նեղն ընկած իշխանությունն իր խոսքերով գլուխ չհանի ու տապալվի. «Չեմ բացառում, որ առաջիկայում վարչախումբը կարող է հայտնվել այնպիսի ճարահատյալ վիճակում, որ հարկադված լինի ողջ կազմով հրաժարական տալ, չեմ բացառում, որ մեզ առաջարկեն ազգային համաձայնության կամ, ավելի ճիշտ, ազգային փրկության կառավարություն կազմել»:

Գիտեք, չէ՞, ինչպես են անտառի մեծ որսորդ վագրին (իմա` տնտեսական ճգնաժամին) ուղեկցում շնագայլերը ու հագենում նրա թողած մնացորդներով: Երեւում է` տնտեսական ճգնաժամից մեր «հակահեղափոխականները» չեն երկնչում, վաղուց դոլարով են արել իրենց ունեցածը եւ հուսով են հերթական անգամ օգտագործել տնտեսական ճգնաժամի խփած մնացյալ հասարակությանը:

ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4