Վրաստանի մշակույթի սեզոններ Հայաստանում
- Բազմաթիվ հրավերներ են եղել Հայաստանում ելույթ ունենալու, սակայն զբաղվածության պատճառով չեմ կարողացել ընդունել դրանցից եւ ոչ մեկը: Այս անգամ եկա ու չափազանց զարմացած եմ: Չէի էլ պատկերացնում, որ մենք այսչափ մոտ ենք ապրում` ավելի մոտ ենք, քան վրաստանյան մյուս բնակավայրերն ու Թբիլիսին: Եվ դա շատ ավելի է պարտավորեցնում, որպեսզի ճանաչենք միմյանց: Հարկե, որ սերունդներին այլ կերպ դաստիարակենք, որպեսզի չբավարարվեն հարեւան երկրի մասին հեռուստատեսությամբ տեսած-լսածով, որպեսզի անմիջականորեն ճանաչենք միմյանց ու երկու երկրների մշակույթները:
Այսկերպՙ հաճելիորեն զարմացած խոսեց ճանաչված պարուհի, Զ. Փալիաշվիլու անվան օպերայի եւ բալետի պետական թատրոնի բալետային խմբի գեղարվեստական ղեկավար Նինո Անանիաշվիլին , երեկ ՀՀ մշակույթի նախարարությունում հրավիրված ասուլիսին: Նա նաեւ փաստեց, որ չեն էլ կասկածել Հայաստանյան բարձրակարգ ընդունելությանն ու բացսիրտ հյուրասիրույթանը, որին արժանացել են նախօրեին երեկոյան Երեւան ժամանելով: Իսկ առիթը երկու երկրների մշակույթի նախարարությունների աջակցությամբ երեկվանից մեկնարկած եւ մարտից նոյեմբեր կայանալիք Վրաստանի մշակույթի սեզոնն է:
Հայ արվեստասերներին մարտին Վրաստանը ներկայանալու է Զ. Փալիաշվիլու անվան օպերայի եւ բալետի պետական թատրոնի մեկ գործողությամբ բալետներովՙ մարտի 3-ին Չայկովսկի «Սերենադ», վրացական ժողովրդական երգերի մոտիվներովՙ «Շարական», Մոցարտ «Վեց գերմանական պար», 5-ինՙ Վիվալդի «Green», Էտո, Յամագուչ, Տոշա «Երազներ Ճապոնիայի մասին»: Թատրոնի գեղարվեստական ղեկավարի առաջին եւ միակ ելույթը Հայաստանում կլինի հենց մարտի 5-ին, իր համար գրված ու բեմադրված բալետային ներկայացմամբ:
Դեռեւս 2004 թվականին, Թբիլիսիի բալետի թատրոնի զարգացման նպատակով Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հրավիրել էր հանրահայտ պարուհուն. «Շատ դժվար որոշում էր, բայց ընդունեցի ու թողեցի մոսկովյան ու ամերիկյան կյանքս եւ տեղափոխվեցի Թբիլիսիում ապրելու: Նախագահն իր բոլոր խոստումները կատարեց: Ներկայացումներ բեմադրելու եւ աշխատավարձ վճարելու փող ունեցանք: Բայց երկու ամիս (4 տարի առաջ սեպտեմբեր-հոկտեմբերին) թատրոնի ողջ աշխատակազմն աշխատեց անհատույց: Ստիպված եղա իմ անձնական միջոցներից բաժանել արտիստներինՙ նրանք պատրաստակամ էին, բայց անգամ տրանսպորտի համար գումար չունեին»:
Վերջին չորս տարիներին Զ. Փալիաշվիլու անվան օպերայի եւ բալետի պետական թատրոնում 30 ներկայացում է բեմադրվել, ինչն անհավանական կլիներ աշխարհի հանրահայտ թատրոններում: Այդ կարգի հաջողության պատճառն Անանիաշվիլու կարծիքով բացատրվում է պետական հոգածությամբ, աշխատակազմի մեծ պատրաստակամությամբ ու էնտուզիազմով եւ արդեն ոչ իր փաստմամբ, բայց փաստացիորեն ճանաչված պարուհու անձնական կապերի շնորհիվ, որոնք հնարավոր են դարձնում ռուսական, ամերիկյան բալետային դպրոցների հանրահայտ ներկայացուցիչների աշխատանքը Վրաստանի օպերայի եւ բալետի թատրոնում: Հայաստանում էլ հանդես են գալու նշյալ դպրոցների եւ ժամանակակից պարի սկզբունքներով պատրաստված ծրագրով: Թատրոնի պարացանկը ներառում է նաեւ համաշխարհային պրեմիերաներՙ Մարիուս Պիտիպայի, Ջորջ Բալանչինի, Ֆրեդերիկ Էշտոնի եւ վրացական պրոֆեսիոնալ բալետի հիմնադիրՙ պարող, պարուսույց եւ մանկավարժ Վախթանգ Ճաբուկիանիիՙ դասական բալետային գլուխգործոցներ:
«20 տարի շարունակ մոռանում էինք ճանապարհը դեպի թատրոն: Ու դա համատարած երեւույթ էր հետխորհրդային երկրներում: Մոսկվայում ամուսնուս հետ թատրոն էինք գնում ու լացը զսպել չէր լինումՙ դահլիճում 15 հանդիսատես էր, իսկ բեմումՙ հռչակավոր, հանճարեղ դերասաններ: Հիմա նույն թատրոն մուտք ունենալու համար հարկավոր է օրեր առաջ ադմինիստրատորին զանգել ու տոմսեր պատվիրել: Թբիլիսիում էլ իրավիճակը դրականորեն փոխվել է. դահլիճի կեսըՙ 500 մարդ ներկա է լինում ներկայացումներին», վստահեցրեց Նինո Անանիաշվիլին, միաժամանակ հույս հայտնելով, որ հայ գործընկերների հետ համագործակցության ծրագրեր կլինեն:
Իրՙ Նինո Անանիաշվիլիի ելույթների օրերին, որոնք Թբիլիսիում հաճախ չեն պատահում, օպերայի դահլիճը լեցուն է լինում, տոմսերնՙ օրեր առաջ վաճառված: Հանրահայտ պարուհին իր ծննդավայրում ամուսնու հետ տուն կառուցել սկսել էր տարիներ առաջ եւ ի վերջո ինչպես ինքն ասացՙ ոչ իզուր. պետք եկավ: Իսկ Թիֆլիսից գնացել էր դեռահասության տարիներիցՙ Մոսկվայի պարարվեստի ինստիտուտում ուսանելու: Վերադարձավ արտիստուհին որպես բազմաթիվ մրցանակների, կոչումների ու շքանշանների արժանացած հանրահայտ Նինո Անանիաշվիլի, որն իր հեղինակությունն ու մասնագիտական կարողությունները ներդնում է Զ. Փալիաշվիլու անվան օպերայի եւ բալետի պետական թատրոնի հաջողությունները օտարների համար էլ գնահատելի դարձնելու գործում: Տարվա կեսը հյուրախաղերի գտնվող թատրոնի գեղարվեստական ղեկավարը վստահ է. «Յուրաքանչյուր թատրոն հաջողություն կարող է ունենալ միմիայն ուշադրության, հոգատարության, աջակցության դեպքում միայն: Իսկ արվեստի անսահմանությունը միմյանց ճանաչելու հաշվին նույնպես պետք է ապացուցել եւ հույս ունեմ, որ Հայաստանում Վրաստանի մշակույթի սեզոնները հենց այդ խնդրի լուծմանը կնպաստեն»:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ