ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
«Ազգը» նախորդ համարում գրել էր մայրաքաղաքում տիրող խուճապային իրավիճակի մասին, որի պատճառը դրամ-դոլար փոխարժեքի կտրուկ տատանումն էր: Իսկ երեկ մի քանի մանր ու խոշոր մթերային խանութներում շրջելուց ու բնակչության հետ զրույցից տեղեկացավ ու նկատեց, որ խուճապային իրավիճակը ոչ թե հանդարտվել էր, այլ ավելի սրվել: Կրկին այցելելով Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Երեւան-սիթի» սուպերմարկետ, համոզվեցինք, որ նախորդ օրվա իրավիճակը շարունակվում էր` մարդիկ գնում էին ինչ պատահի ու ինչքան որ դրամը ներում էր: Հենց իմ աչքի առաջ բոլոր բաժինների երիտասարդ աշխատակիցները նոր գնապիտակներով, արագ-արագ փոխում էին հին գները: Մինչ քաղաքացիները վաճառասեղաններից զամբյուղներն էին լցնում մթերքները իրար ձեռքից խլելով, արդեն դրամարկղերում վճարում էին փոխված գների դիմաց ու ամեն մի նոր` րոպե առաջ փոխված գները զայրացնում էին գնորդներին: Ես երեւի այն «երջանիկներից» էի, որ հասցրեցի ձեթ, հնդկաձավար ու բլղուր գնել կիսով չափ թանկացված գնով, հետո այդ մթերքների գները մյուսները ստիպված էին վճարել կրկնակի: Այո, կրկնակի ու դեռ մի բան էլ ավելի:
Փորձեմ ներկայացնել մի շարք մթերքների նոր գները` համեմատական կարգով, որոնք կարողացա հայթայթել. նրբերշիկներ` 310-380 դրամ, 265-330, 410-530, տեղական օղիները թանկացել էին 20-30 տոկոսով, հնդկաձավարը` 290-ից դարձել էր 580 դրամ, երկար բրինձը` 740 դրամ, ոսպը` 780 դրամ, հաճարը` 510, ձավարը` 590 դրամ, կարմիր լոբին` 1020, սպիտակ լոբին` 780 դրամ, կես կլիոգրամները: Բրազիլական հավերը 890-ից` 940 դրամ, SABCO հավերը` 900-1040 դրամ, ԱՄՆ-ի հավերը` 820-940 դրամ, «Ֆազենդա բրոշ» հավերը` 940-1270 (1 կգ), իսկ 1,3 կգ 980-ից դարձել էր 1650 դրամ: Պահածոյացված եգիպտացորենը 250 դրամից դարձել էր 325 դրամ, կանաչ ոլոռը` 625-ից` 735, սունկը` 330-450 դրամ, Coopoliva ձիթապտուղը 500-ից 735 դրամ մեկ փոքր տուփը, իսկ 3 կգ տուփը` 3660-ից` 4395 դրամ, «Օլիմպ» ձիթապտղի 5 կգ տուփը` 1090-ից 1310 դրամ եւ այսպես շարունակ: Թանկացել էին թխվածքները, կարագը, երշիկները, մի խոսքով ինչ մթերք որ ունեին պահեստներում, բոլորը թանկացրած վաճառում էին խուճապային իրավիճակն օգտագործելով:
Մինչդեռ բոլոր խանութպանները պարտավոր էին իրենց մոտ եղած ողջ տեսականին առանց գների բարձրացման վաճառել: Իսկ նոր մուտք եղած ապրանքների գները միայն թանկացնել, որպեսզի գնորդներից վերջին գումարները չքամեին ու մեկ-երկու օրում հարստանային:
Մի քանի փոքր խանութներ այցելելով ու զրուցելով տեղեկացանք, որ նման գնային քաղաքականություն չկար, դա բացատրում էին, որ «պահեստային ապրանք չունենք եւ փոքրաքանակ մթերքների գները բարձրացնելը ձեռնտու չէ: Մեր հաճախորդներին չենք ուզում կորցնել մի քանի կոպեկի համար»: Տկն Գայանեն, օրինակ, նշում էր, որ արդեն մեկ շաբաթ ծխախոտները մոտ 20 տոկոսով թանկ են խանութին հանձնում, իսկ երեկ «արդեն 10 դրամով ավելի մատնաքաշ հացը հանձնեցին եւ տեղեկացրին, որ ձուն, թխվածքները, կարագը, ալյուրը, շաքարավազը, պանիրը 20-30 տոկոս թանկ գնով են մատակարարելու: Մենք էլ մեր տոկոսը կավելացնենք (5-10): Ստացվելու է, որ մենք էլ ենք այդ ալիքի մեջ»:
Իսկ Հանրապետության փողոցում գտնվող «Զովք» սուպերմարկետում չգիտես ինչու միանգամից հարձակվեցին ինձ վրա, սկսեցին կոպտել, արգելել լուսանկարելը: Լուսանկարեցի այն տիկնոջ, որն անգամ ինձ սպառնում էր. «Դե փորձի մի բան գրել, կտեսնես, թե քո գլխին ինչ կբերենք, լսեցի՞ր, այ աղջի, դե շուտ, փասափուսեդ հավաքի ու...»: Նրան միացավ խանութի դեռ բեղ ու մորուս չծլած մի այլ աշխատակից ու ավելացրեց. «Այ կնիկ, դե փախի, քանի վատ բան չի եղել, եղա՞վ, լավ ենք անում, ինչ ուզում ենք, անում ենք, դուք ո՞վ եք, որ մեզ ասեք, թե գները խիա թանկ...»: Որքան էլ փորձում էի բացատրել, որ ես իմ մասնագիտական պարտքն եմ կատարում, սակայն ո՞ւմ ես ասում, կամ մի՞թե նմանների հետ արժե գլուխ դնել: Ի վերջո գտնվեց մի վաճառող, որը մյուսներից թաքուն, պոչիցս կպած կամաց ասում էր, որ առավոտյան ձեթի գինը 420 դրամից դարձել է 800 դրամ, իսկ օրվա վերջին այդ գնի վրա խաչ էին դրել ու նոր գինը դարձրել 640: Նույն բանը կատարել էին նաեւ տարբեր ձեթերի գների հետ, դրանք դարձնելով 620, 670, 850, 570, 800 դրամ: Գրեթե բոլոր ապրանքների գները թաքուն-թաքուն բարձրացրել էին ու ամպագոռգոռ բառեր ասում. «Ակցիա ենք անում.. խի՞ չեք գրում»: Ի դեպ, վերջին մեկ ամսում «Զովքը» մի քանի անգամ փակվել է ՀԴՄ կտրոններ չտրամադրելու համար: Իսկ թե ինչո՞ւ են այդպես ցավագին ընդունում լրագրողին ու վիրավորում. «Ումի՞ց ես փող վերցրել, ովա՞ քեզ ուղարկել, որ կպել եք մեզ, պոկ չեք գալիս: Մեկա, մենք մեր ուզածը կանենք, ինչքան էլ որ գաք ու գնաք», ճղճղան ձայնով անպատվում էր իր անձը թաքցնող լուսանկարի տիկինը:
«Զովքին» կից տնտեսական խանութում երկու զայրացած կանայք վիճում էին թե ինչո՞ւ օճառը 150 դրամից 280 դրամ է դարձել, ամաններ լվանալու հեղուկըՙ 980 դրամից 1540 եւ այդպես բոլոր ապրանքների գները 50-80 տոկոսով թանկացել էր: Դեռ ուսումնասիրում էի գները, երբ աղմուկ լսեցի, դուրս եկա եւ մյուսների հետ փորձեցի օգնել ուշագնաց տիկնոջը: Մոտակա դեղատնից սրտի կաթիլներ բերած տղամարդը հայհոյում էր, որ փոքրիկ շշի գինը դարձել է 1480 դրամ` 960-ի փոխարեն: Իսկ Տիգրան Մեծի պողոտայի 2 դեղատները փակվել էին ու ներսում աշխատողները գների նոր ցուցակն էին տպում ու փակցնում:
Բոլոր զրուցակիցներս զայրացած էին մեր պետական այրերի վարած նման ջայլամային քաղաքականությունից ու պնդում էին. «Եթե սրա դեմը չառնեն, ապա մենք ոտքի կելնենք ու ընդդիմությանը կմիանանք, թող ռադ ըլնեն, գնան, դրանց հերն էլ անիծած, էս ինչ օրի մեզ հասցրին»: 74-ամյա Սաթենիկ մայրիկը հուզված մոտեցավ ու ասաց. «Աղջիկ ջան, սրա վերջը ե՞րբ է լինելու: Լույսի, գազի, հոսանքի վարձը դեռ չեմ կարողանում վճարել, հիմա էլ մեզ սովի են մատնում թանկացնելով, բա ո՞նց սիրտս չվատանա: Անտեր ենք էս անկախ երկրում: Մի՞թե էսպիսի անկախություն էինք երազում, ոչ, 1000 անգամ ոչ: Մենք ոչ թե անկախացանք, այլ անտերացանք: Մնում է մի ելք` մեզ էլ` ժողովրդին, վաճառեն կամ 99 տարով վարձակալության տան ԱՄՆ-ին, Եվրոպային կամ ուրիշի, որ մեր դարավոր պատմական ազգը չկոտորվի ու չվերանա այս անճարակների գործունեությունից»:
Կարծում ենք` դեռ այս խմորը շատ ջուր կվերցնի, հաշվի առնելով, որ մեկ ամսից ջուրը, գազը, հոսանքն էլ կթանկանան:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ