«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2009-03-03 | #37, 2009-03-04 | #38, 2009-03-05


ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ

«Ցեղասպանության ուսումնասիրություններ եւ կանխարգելում» պարբերականի նախաձեռնությամբ Վաշինգտոնի Վուդրո Վիլսոնի անվան գիտնականների միջազգային կենտրոնում մարտի 13-ին տեղի է ունենալու մի գիտաժողովՙ քննարկելու ցեղասպանության կանխարգելմանն ուղղված հատուկ աշխատանքային խմբի պաշտոնական զեկուցագիրը, տեղեկացնում է Զորյան ինստիտուտի «Ցեղասպանության եւ մարդու իրավունքների ուսումնասիրությունների միջազգային հաստատությունը» (ՑՄԻՈՒՄՀ):

Աշխատանքային խումբը ստեղծվել էր 2007-ին Մ. Նահանգների Հոլոքոսթի թանգարան-հուշահամալիրի, Ամերիկյան դիվանագիտական ակադեմիայի եւ Մ. Նահանգների խաղաղության ինստիտուտի (բոլորն էլ ոչ կառավարական հիմնարկություններ) նախաձեռնությամբՙ նախկին պետքարտուղար եւ ապա ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Մադլեն Օլբրայթի եւ Քլինթոնի երկրորդ պաշտոնավարման ընթացքում պաշտպանության նախարար Ուիլյամ Քոհենի համանախագահության ներքո: Խմբում ընդգրկված էին հիսունից ավելի միջազգային ճանաչման արժանացած դիվանագետներ, քաղաքական գործիչներ, կառավարությունների եւ զինվորականության ներկայացուցիչներ:

Զեկուցագիրը, որը պաշտոնապես ներկայացված է եղել 2008-ի դեկտեմբերին, քննարկման ենթարկվելուց հետո թույլ է տալու Միացյալ Նահանգներին իր միջազգային գործընկերների աջակցությամբ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել կանխելու հետագա ցեղասպանությունները:

«Ամբողջ աշխարհն է համաձայն, որ ցեղասպանությունն անընդունելի է, բայց մենք շարունակ ականատես ենք լինում զանգվածային կոտորածների: Անհրաժեշտ է խոսքից գործի անցնել եւ չթույլատրել անընդունելի արարքների գործադրումը», նշված է զեկուցագրի առաջաբանում:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4