Նախագահի աշխատակազմից հաղորդում են, որ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագրեր է ստորագրել Երվանդ Զախարյանին Երեւանի քաղաքապետի պաշտոնից ազատելու եւ Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական նշանակելու մասին: Երկրի ղեկավարի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանը նշանակվել է Երեւանի քաղաքապետ:
Տարածված հաղորդագրության մեջ կան նաեւ Գ. Բեգլարյանի կենսագրական տվյալները` ծնվել է 1964 թվականին, Երեւանում: 1971-78 թվականներին սովորել է Մ. Նալբանդյանի անվան թիվ 33 միջնակարգ դպրոցում: 1978-81 թվականներին սովորել եւ ավարտել է Երեւանի պետական համալսարանին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոցը: 1981-85 թվականներին սովորել եւ ավարտել է Երեւանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը` տնտեսագետի որակավորմամբ: 1985-86 թվականներին ծառայել է խորհրդային բանակում:
1993 թվականին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր: 2002-ին ընտրվել է Կենտրոն համայնքի թաղապետ: Վերընտրվել է 2005-ին եւ 2008-ի սեպտեմբերի 28-ին: Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ է: 2004-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Թաղապետարանական կառավարման սոցիալական հիմնախնդիրները» թեմայով, արժանացել է սոցիոլոգիական գիտությունների թեկնածուի կոչման: Կենտրոն համայնքի մտավորականների «Նարեկ» ակումբի պատվավոր նախագահն է: Ամուսնացած է, ունի երկու զավակ: Ծանոթ է «Չոռնի» մականունով: