«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2009-03-03 | #37, 2009-03-04 | #38, 2009-03-05


ՍՊԱՐԱՊԵՏԸ ՀԶՈՐ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԷՐ

Թեեւ Վազգեն Սարգսյան երեւույթն արդեն պատկանում է մեր երկրի ու ժողովրդի պատմությանը, բայց նա մեր այսօրվա ու ապագայի երթի վճռական մասնակիցն ու առաջնորդն է: Նրա նկատմամբ բնությունն, իրոք, շռայլ է գտնվել` նույն անձի մեջ հրաշալիորեն համատեղելով մարդու ու քաղաքացու, ռազմիկի ու զորականի, ընկերոջ ու պետական այրի եւ կազմակերպչի անգնահատելի որակները: Սերունդներն ու պատմությունը դեռեւս հանգամանորեն կանդրադառնան նրա կյանքին ու գործունեությանը, նրա դերին ու առաքելությանը:

Նա հզոր անհատականություն էր եւ նրա մեծությունը զգացվեց ոչ միայն պատերազմի տարիներին, այլեւ պատերազմից հետո հանրապետության կայացման գործընթացում, աշխարհի երկրների հետ հարաբերությունները կարգավորելու ժամանակ եւ նրա ներկայությունը բավական էր, որ մեր պետության հետ հարաբերվելիս բոլորը զգաստանան:

Բրյուսելում տարբեր երկրների ղեկավարների եւ պաշտպանության նախարարների մի հավաքի ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւն իր ելույթում մեղադրեց ռուսներին, որ ՄԻԳ ինքնաթիռներով եւ ծանր տեխնիկայով աջակցում են հայերին: Նրա այս արտահայտությունների ժամանակ Վազգենը գլուխը առաջ տանելով թեքվեց եւ նայեց Ադրբեջանի նախարարին:

Վազգենի հայացքը բավական էր, որ նախարարը զգաստանա, անգամ շփոթվի: Հավաքի ավարտից հետո, երբ դուրս էինք գալիս դահլիճից, Սաֆար Աբիեւը գրեթե վազեվազ մոտեցավ Վազգենին եւ մեղայականով ասաց`Вазген, Вазген, я против тебя ничего не имею, я против русских говорил:

Վազգենը լոկ իրեն հատուկ հայացքով նայեց Աբիեւին ու ինձ ծանոթացրեց նրա հետ, ներկայացնելով, թե ով եմ ես եւ որ ուղղության վրա ինչ մարտական գործողություններ եմ արել:

Վազգենի կեցվածքն ու ինքնավստահությունը Եվրոպայի կենտրոնում, տարբեր երկրների, խոշոր պետությունների նախարարների վերաբերմունքը նրա հանդեպ հաստատում էին նրա հզոր անհատականությունն ու մեր ժողովրդի հպարտությունը:

Վազգեն Սարգսյանն այն հազվագյուտ հայերից մեկն էր, որ փորձում էր իր ազգին էլ տեր դարձնել այն լավագույնին, ինչին, ուրիշ ժողովուրդներն արդեն հասել են: Մտահոգված էր, թե ինչու ուրիշ ժողովուրդները բանակ ունեն, մենք` ոչ: Եվ ամեն ինչ արեց ու կարճ ժամանակահատվածում, պատերազմին զուգահեռ, մենք բանակ ունեցանք: Եթե բանակին մի կարեւոր բան էր պետք, աշխարհի որ ծայրում էլ այն լիներ, ամեն ինչ կաներ, որ բանակն ունենարր: Այսպիսին էր նա բոլոր հարցերում:

Միասին Փարիզում էինք: Հիանում էր Շանզելիզե փողոցի գեղեցկությամբ, աչքերը փայլում էին, դարձավ ինձ. «Գիտե՞ս, Մանվել, կյանքս կտայի, միայն թե Հայաստանում, Երեւանում այսպիսի մի փողոց ունենայինք, ախր մեր ժողովուրդն այս գեղեցկությանը արժանի է»:

Ես հպարտ եմ, որ եղել եմ Սպարապետի ժամանակակիցը, նրա հետ մարտնչել ժողովրդիս անկախության ու մեր պապենական հողերի ազատագրման համար:

Սպարապետի գործը շարունակելու է նոր սերունդը: Արդեն բոլորը զգում են, որ Սպարապետի ծննդյան տարեդարձը տարեցտարի դառնում է հայ ժողովրդի տոնական օրերից մեկը, իսկ 50-ամյակը կդառնա համաժողովրդական տոն: Տոն, որ ամրապնդելու է մեր ինքնությունը, էս երկրին տեր կանգնելու` մեր Սպարապետի պատգամը եւ երիտասարդ սերնդին, երիտասարդ ու պատանի երկրապահներին կոչելու է հայրենապաշտության:

Իմ, Երկրապահ կամավորների միության ու հանրապետության բոլոր ազատամարտիկների, հատկապես մեր զոհված մարտընկերների անունից, շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին, իր մեծ զավակի` Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 50-ամյակի առթիվ:

Սպարապետի ծննդյան 50-ամյակի հոբելյանը համաժողովրդական տոն է, որովհետեւ նա այսօր էլ եւ հարյուրամյակներ շարունակ դեռ քայլելու է սերունդների առջեւից: Մենք պարտավոր ենք շարունակել Սպարապետի գործը, շենացնել եւ հզորացնել մեր երկիրը:

Մենք` երկրապահներս, տարին սկսել ենք Սպարապետով եւ շարունակում ենք ու ամբողջ տարին անցկացնելու ենք Սպարապետի ծննդյան 50-ամյակի ոգեւորության ներքո: Հանրապետության ամբողջ տարածքում ԵԿՄ մարզխորհուրդները, տարածքային բաժանմունքները, տեղական իշխանությունների, ուսումնական հաստատությունների եւ հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ծրագրել են Սպարապետի 50-ամյակին նվիրված տարաբնույթ միջոցառումներ: Մենք ամռանը կազմակերպվող մեր ամենամյա ուխտագնացությունն ազատագրված Արցախ աշխարհ այս տարի նվիրելու ենք Սպարապետի 50-ամյակին: Մեզ համար 2009 հռչակված է որպես Սպարապետի տարի ու հարուստ է լինելու նոր նվաճումներով, որոնք կամփոփենք տարեվերջին:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 50-ամյակի առթիվ: Շնորհավորում եմ հատկապես Գրետա մայրիկին ու հերոսներ ծնող հայոց բոլոր մայրերին եւ խոնարհվում նրանց առաջ:

ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4