«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2009-03-03 | #37, 2009-03-04 | #38, 2009-03-05


ԴԵՌԵՎՍ Ի ՀԱՄԱԼՐՈՒՄ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ

«Եվրատեսիլ 2009-ի» հայաստանյան նախընտրական փուլի մրցույթում նկատելի մասնակցություն ունեցան ռոք խմբեր, որոնցից եռյակում հայտնվեց «Dorians»-ը, որի մեներգիչ Գոռ Սուջյանի հետ զրուցեցինք խմբի եւ ստեղծման, գործունեության ու ծրագրերի մասին:

- Ինչպե՞ս ստեղծվեց խումբը:

- Ընկերս «Down town» ակումբում էր աշխատում ու ինձ կանչեց «party»-ի, որտեղ բոլորը երգում էին: Ես էլ որոշեցի երգել ու ակումբի մենեջերը հավանեց: Նույն օրն էլ առաջարկեց ակումբում երգել: Հրաժարվեցի` երգիչ չեմ, երգում եմ միայն դպրոցի կամ համալսարանի միջոցառումների ժամանակ: Մենեջերը պնդեց ու սկսեցի «Նոտերդամ»-ում երգել: Այնտեղ էլ ծանոթացա տղաների հետ, ովքեր աշխատում էին Յոհանի հետ: Ի դեպ առաջին ռոք երգիչը ում ես լսել եմ Յոհանն է եղել: Նրան լսեցի ու մեջս ինչ-որ բան արթնացավ, անբացատրելի էր: Որոշեցի տղաների հետ աշխատել: Այդ ժամանակ ստեղծվեց «Gor & friends» project-ը, կատարում էինք ուրիշի երգերը: Հետո ծանոթացանք Արտաշի, Էդգարի հետ, ստեղծվեց խումբ, որով արդեն փորձում էինք լուրջ աշխատանքներ տանել, բայց ոճային առումով համաձայնության չեկանք: Եվ հետո ընդամենը 7-8 ամիս առաջ ստեղծվեց «Dorians» խումբը: Սկզբում կատարում էինք ոչ մեր երգերը: Շատերը ասում էին մեր խմբի անվանումը Դորեան Գրեյի հետ կապ ունի, բայց ոչ, բացարձակ կապ չունի: Դորիանս երաժշտական լադ կա, մերը դորեական լադի մեջ: Բացի այդ լեգենդով ասվում է, որ մեր նախնիները եղել են դորեական ցեղի մեջ, այսինքնՙ մենք եւ հույները եղել ենք միասին դորեական ցեղի մեջ:

- Ո՞վ է գրում ձեր երաժշտությունը եւ երգերի խոսքերը:

- Երգերը հիմնականում գրում եմ ես, լինում է որ միասին էլ ենք գրում: Մի երգի խոսքերի հեղինակը Վարդան Զադոյանն է, կարծում եմ էլի կգրի մեզ համար:

- Երաժշտական կրթություն ունե՞ք: Ծնողները երգարվեստի հետ կապ ունե՞ն:

- Հայրս կիթառահար է, բայց այստեղ չէ` Մոսկվայում է, քույրս երգչուհի է, մայրս նույնպես երգչուհի է, բայց ունի ուրիշ մասնագիտություն: Ես էլ պետք է տնտեսագետ լինեի, բայց որոշեցի երգել: Երաժշտական կրթություն ունեն Արմանը` ստեղնաշարային գործիք նվագողը, Գագիկը` կիթառահարը, կիսով չափ էլ մեր թմբկահարը:

- Ի՞նչ ծրագրեր ունեք:

- Նոր ենք սկսել, ապագայում հյուրախաղային համերգներ կլինեն: Առաջին մեր շրջագայությունը եղել է Բաթումիումՙ Կովկասյան մրցույթ էր, որտեղ մենք ամենաերիտասարդ խումբն էինք:

Տեսահոլովակ կլինի հենց Եվրատեսիլի երգի հիման վրա, ուզում ենք դիսկ թողարկել, երգեր ունենք պատրաստ: Համերգներ կլինեն դեռ ակումբային, օրինակՙ «՛Stop»-ում ու մի քանի այլ ակումբներում, մեր առաջին մենահամերգը երեւի կլինի Տիկնիկային թատրոնում:

- Ձեր համար կարեւորը մասնակցությու՞նն էր, թե հաղթանակը «Եվրատեսիլ 2009» հայաստանյան նախընտրական մրցույթում:

- Կարեւորը անկեղծությունն էր: Մասնակցությունը թե՛ Հայաստանում, թե՛ Եվրատեսիլում ինձ համար տոն է, ոչ թե մրցույթ: Երգիչները չպետք է մրցեն, այլ պետք է պայքարեն, մենք պայքարեցինք այդ օրը ու ինչ-որ բան ստացվեց կարծես: Առաջին մեր ելույթն էր համալիրում ու ընդհանրապես մեծ բեմում, շատ հուզված էինք:

ՌՈՒԲԻՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4