Բրիտանացի պատմաբան Օրլանդո Ֆայգսի «Շշնջացողները. մասնավոր կյանքը ստալինյան Ռուսաստանում» գիրքը, որ հիմնված է ժամանակակիցների հետ «Մեմորիալ» ընկերության կազմակերպած զրույցների եւ արխիվային նյութերի վրա, Ռուսաստանում չի հրատարակվի: Հեղինակի կարծիքով չհրատարակելու պատճառը քաղաքական է, իսկ հրատարակչիՙ «Ատտիկուս» ընկերության բացատրությամբ, որ տրվել է Օրլանդո Ֆայգսին, պայմանագիրը չեղյալ համարելը պայմանավորված է միմիայն գրքի շուկայում տիրող իրավիճակով. «Ստիպված էինք գիրքը հրատարակելու մտադրությունից հրաժարվել: Տնտեսական ներկա պայմաններում գրքերն այլեւս չեն վաճառվում մեծ տպաքանակներով, այդ պատճառով էլ պետք է մեր գործունեությունը կենտրոնացնենք բեստսելերներ տպագրելու ծրագրերի իրականացմանը»:
Չբացառելով տնտեսական ճգնաժամի ազդեցությունը, պատմաբանն, այնուամենայնիվ իր վեբ էջում կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի իշխանություններին պարզապես հարմար չէ խորհրդային երկրի պատմությանն անդրադարձը: Ի վերջո Ֆայգսը նույն աղբյուրում տեղեկացրել է, որ «Շշնջացողները. մասնավոր կյանքը ստալինյան Ռուսաստանում» գիրքը կհրատարակվի 2010 թվականին:
Ն. Պ.