«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2009-03-03 | #37, 2009-03-04 | #38, 2009-03-05


ՔԻՔԲՈՔՍԻՆԳԻ ՀԱՅ ՎԱՐՊԵՏՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Քիշինեւում անցկացված քիքբոքսինգի ԱՊՀ առաջնությանը մասնակցեց նաեւ մարզաձեւի Հայաստանի հավաքականը: Ինչպես եւ նախորդ տարիներին, այս անգամ էլ հայ մարզիկները հաջող մրցելույթներ ունեցան: Մրցումներին մասնակցած 7 մարզիկներից 4-ն արժանացան ոսկե մեդալների, մեկը դարձավ արծաթե մրցանակակիր: Իրենց լավագույն կողմերով դրսեւորեցին մեծահասակների մրցաշարում հաղթող ճանաչված Գարիկ Ծատուրյանը (60 կգ) եւ Խաչիկ Բարիկյանը (81 կգ): Երիտասարդների մրցավեճում ոսկե մեդալի արժանացան Հրանտ Հայրապետյանը (56,5 կգ) եւ Մելսիկ Բաղդասարյանը (60 կգ), իսկ Գոռ Ումրիկյանը (45 կգ) դարձավ արծաթե մեդալակիր:

Նշենք, որ պետբյուջեից այս տարի առաջին անգամ որոշակի գումար է հատկացվել քիքբոքսինգի ազգային ֆեդերացիային (նախագահՙ Գառնիկ Հայրապետյան): Ըստ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանի, ֆինանսական այդ աջակցությունը ֆեդերացիայի բեղմնավոր աշխատանքը խրախուսելու նպատակ է հետապնդում: Եվ եթե այս տարի էլ քիքբոքսինգի ներկայացուցիչները հաջող մրցելույթներ ունենան, ապա հաջորդ տարի եւս ֆինանսական աջակցություն կստանան:

Առջեւում մեր մարզիկներին նոր փորձություն է սպասում: Ապրիլի 12-17-ը նրանք կմասնակցեն Խարկովում կայանալիք քիքբոքսինգի աշխարհի գավաթի խաղարկությանը: Ֆեդերացիայի նախագահը վստահ է, որ այդ մրցումներում էլ հայ մարզիկները բարձր կպահեն Հայաստանի մարզական պատիվը:

Ընդհանրապես վերջին տարիներին քիքբոքսինգի հայ վարպետները բավական հաջող մրցելույթներ են ունենում միջազգային տարբեր մրցաշարերումՙ տուն վերադառնալով մեդալների հարուստ ավարով: Այդ հաջողությունների հիմքը դրվեց 2005-ի նոյեմբերին, երբ մեր մարզիկներն իրենց վարպետությունը դրսեւորեցին Հունաստանի Լուտրակի քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում, որին մասնակցեցին 30 երկրների շուրջ 6 հազար մարզիկներ: Մրցումների մասնակցած 9 հայ մարզիկներ դարձան մրցանակակիրներ: Էլ ավելի ծանրակշիռ էր հաղթանակը 2006-ի փետրվարին Խարկովում տեղի ունեցած ԱՊՀ առաջնությունում, որտեղ մեր մարզիկները նվաճեցին 9 ոսկե մեդալՙ նվաճելով աշխարհի առաջնության ուղեգիր: Մայիսին Հունաստանում կայացած աշխարհի առաջնությունից Հայաստանի հավաքականը տուն վերադարձավ 3 ոսկե, 3 արծաթե եւ 4 բրոնզե մեդալներով: 2007-ին կայացած աշխարհի առաջնությունում մեր 14 մարզիկներից 9-ը դարձան մրցանակակիրներ տարիքային տարբեր կարգերում:

Անցած մրցաշրջանն էլ արգասաբեր էր քիքբոքսինգի հայ վարպետների համար: Փետրվարին Ուկրաինայի Բրովարի քաղաքում կայացած աշխարհի առաջնության ընտրական փուլում մեր մարզիկները նվաճեցին 4 ոսկե, 3 արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ: Մեր մարզիկները մեդալների հարուստ ավարով տուն վերադարձան նաեւ միջազգային այլ մրցաշարերից:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4