Երեկ «7-ի գործով» դատավարությունը մեկնարկեց 30 րոպե ուշացումով:
«Բարի օր, ընկեր Փիլոյան», ասաց Հակոբ Հակոբյանը. դատախազ Կորյուն Փիլոյանը պատասխանեց արհամարհական ժպիտով: Ամբաստանյալները ավանդույթի համաձայն, նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանի մուտքը դահլիճ դիմավորեցին կանգնած: Մարտիրոսյանը բացատրեց, որ դատական նիստի ուշ սկսվելու պատճառը Սուրեն Սիրունյանի ուշ ներկայանալն էր: Հետագայում պարզվեց, որ Սիրունյանը վատառողջ էր ու ջերմում էր: Մինչ դատական նիստը վերսկսելը` Մարտիրոսյանը ներկայացրեց քրեական օրենսգրքում կատարված լրացումները: Դատավորը նաեւ հավելեց, որ համաձայն լրամշակված հոդվածների` այսուհետեւ դատական նիստերի ժամանակ հետաձգված ժամանակը մտնում է պատժի ժամկետի մեջ: Հայտարարության ժամանակ Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ օրենսգրքում մի շարք հոդվածներ միմյանց հակասում են: Մարտիրոսյանը Արզումանյանի հետ չհամաձայնեց` նշելով, որ օրենքը բարելավում է անձի վիճակը: «Այսինքն` դուք թքած ունեք օրենքի վրա», ասաց Ալեքսանդր Արզումանյանն ու խոսքը փոխանցեց իր փաստաբան Լիպարիտ Սիմոնյանին: «Տեղի է ունեցել դատավարության մասնակիցների իրավունքների ոտնահարում», ասաց փաստաբանն ու դատավորից ստացավ նախազգուշացում, որովհետեւ հնչեց վերջինիս բջջային հեռախոսի ձայնը:
Այնուհետեւ Լիպարիտ Սիմոնյանը ներկայացրեց ինքնաբացարկի միջնորդություն` համաձայն որի դատավարությունը տեղափոխվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարան, սակայն գործը քննում է միեւնույն կազմը:
Այնուհետեւ դատավորը հայտարարեց 10 րոպեանոց ընդմիջում: Երեւում է Շանթ Հարությունյանի քունն իսկապես տանում էր: Վերջինս ընդմիջումից հետո նստեց, ձեռքերը դրեց գլխի տակ ու քնեց:
Ընդմիջումից հետո Ալեքսանդր Արզումանյանի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությանը միացան մնացած փաստաբանները, ամբաստանյալներն ու մարտյան իրադարձությունների ժամանակ զոհվածների ներկայացուցիչները: «Էս դատավարությունը դառնում է անեկդոտների թեմա: Եթե մի բրոշյուր հրապարակենք, թե քանի խախտում է տեղի ունեցել` գիրքը կհայտնվի Գինեսի ռեկորդների ցուցակում: Օրենքում լրացումներ կատարողներն անգամ տառաճանաչ չեն, մտել են իրավագիտութան բոստանը, ձեզ էլ գցել են կրակը: Շատ եք օրենքներ խախտում: Ձեզ հնարավորություն ենք տալիս մի քանի օրենք քիչ խախտել», ասաց ՀՀ նախկին արտգործնախարարն ու միացավ ինքնաբացարկի միջնորդությանը: Այնուհետեւ հայտարարությամբ հանդես եկան մնացյալ ամբաստանյալները` նույնպես միանալով միջնորդությանը: Դատախազ Կորյուն Փիլոյանն էլ ասաց, որ ինքնաբացարկի միջնորդությունն անհիմն է: «Ամբաստանյալներն այդ կերպ ժամանակ են ձգում», նկատեց դատախազը: Մնացական Մարտիրոսյանը ինքնաբացարկի միջնորդությունը քննելու նպատակով հայտարարեց երկուժամանոց ընդմիջում: Խորհրդակցական սենյակից վերադառնալով, Մարտիրոսյանն արդեն հինգերորդ անգամ մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը: Սակայն այս անգամ միջնորդությամբ ներկայացավ ամբաստանյալ Սուրեն Սիրունյանը: Հերթական անգամ խորհրդակցական սենյակ հեռանալով` Մարտիրոսյանը հայտարարեց ընդմիջում: Այնուհետեւ դատավարությունը վերսկսելով, Մարտիրոսյանը խոսքը փոխանցեց մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով տուժած Ռոբերտ Բաղդասարյանին: Վերջինս բավականին հետաքրքրական քայլ կատարեց ու դատարանի դահլիճում փոխեց նախապես տված իր ցուցմունքը: Բաղդասարյանը պատմեց, որ երբ ոստիկանության աշխատակիցներն այցելել են իրենց տուն` վերջինիս ցուցմունքը գրառելու նպատակով, ինքը եղել է շոկի մեջ: Երեկ նա հայտարարեց, որ իր վրա մարտի մեկին կրակել է ոստիկանը, եւ հրաժարվեց որպես մեղադրյալ ճանաչել յոթ բանտարկյալներին: Բաղդասարյանը վստահեցրեց, որ մեղադրյալներին մարտյան իրադարձությունների ժամանակ դեպքի վայրում չի տեսել: Նկատել է միայն Սասուն Միքայելյանին, ում անվանեց «հերոս»: Բաղդասարյանի խոսքերի ժամանակ դահլիճում ինչ-որ մեկը խոսեց, ինչին հակադրվեց Շանթ Հարությունյանը` հայտարարելով, թե թույլ չի տա, որ դատարանի վրա ճնշում գործադրվի: Դատավորը նրա նկատմամբ սանկցիա կիրառեց` հեռացնելով դահլիճից: Հավանաբար Մնացական Մարտիրոսյանի որոշումը զայրացրեց Ալեքսանդր Արզումանյանին: Վերջինս նրան անվանեց «ապուշ»: Ի նշան բողոքի` ամբաստանյալները նույնպես հեռացան դահլիճից: Դատական նիստը հետաձգվեց մինչեւ մարտի 9-ը:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ