«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2009-03-04 | #38, 2009-03-05 | #39, 2009-03-06


ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ

Կարեւոր քայլ հայ-արաբական հարաբերությունների զարգացման ու հայկական գաղթօջախներին հայրենի պետական նեցուկ ապահովելու ճանապարհին

Իր դիվանագիտական կենսագրության առաջին տարիները որպես խորհրդային արտաքին գործերի նախարարության երիտասարդ աշխատակիցՙ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սկսել է Լիբանանից: Երկար տարիներ նա որպես տաղանդաշատ դիվանագետ, ապա եւ Եգիպտոսում ՀՀ դեսպան, մեծ աշխատանք է կատարել հայ-արաբական հարաբերությունների զարգացման գործում, իր բարձր հեղինակությամբ եւ արաբական աշխարհի քաղաքական դեմքերի հետ անձնական կապերի շնորհիվ: Հետեւաբար նրա վերջին այցը Եգիպտոս, Հորդանան, Լիբանան եւ Սիրիա բավականին արդյունավետ էր: Մանավանդ որ Մերձավոր Արեւելքն այսօր անցնում է քաղաքական բուռն գործընթացների միջով, Գազայի թե Պաղեստինի, Լիբանանում գալիք խորհրդարանական ընտրությունների, արեւմտյան տերությունների եւ ԱՄՆ-իՙ Սիրիայի հանդեպ քաղաքական մերձեցումների նոր ուղեգծի պատճառով:

Արաբական երկրները միշտ էլ լավ են վերաբերվել հայերին եւ Հայաստանին եւ անհրաժեշտ է, որ այս բարեկամական ջերմ հարաբերությունները ժամանակ առ ժամանակ ամրապնդվեն Հայաստանի պետական բարձրաստիճան դեմքերի այցելությամբ:

Բեյրութում, աշխատանքային հանդիպումների ծանրաբեռնված օրվա երեկոյին, նախարար Է. Նալբանդյանը, Սիրիայում ՀՀ նախկին դեսպան Լեւոն Սարգսյանը Հայաստանի դեսպանության հավատարմատար Խարազյանի հետ, հայաշատ Բուրջ-Համուդի «Հ. Պողոսյան» հանդիսասրահում հանդիպեցին լիբանանահայ հասարակության հետ: Ներկա էին Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավորներ, կուսակցական, քաղաքական ղեկավարներ, մշակույթի, կրոնական եւ ազգային գործիչներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, ժողովուրդ:

Լիբանանահայոց հոգեւոր առաջնորդ Գեղամ արք. Խաչերյանի բացման եւ ողջույնի խոսքից հետո առիթ տրվեց ներկաներին, նաեւ «Ազգի» հատուկ թղթակցին` հարցեր ուղղելու նախարար Նալբանդյանին: Լիբանանահայերի գլխավոր մտահոգությունները հայ-թուրքական հարաբերությունների, թուրքական «պոտենցիալ վտանգավոր» ներթափանցման մասին էինՙ սահմանները բացվելու պարագայում: Նաեւ արցախյան հիմնահարցի, Հայաստանի ընդդիմության եւ «քաղբանտարկյալների», կրկնակի քաղաքացիության, արտագաղթի եւ այլ հուզող հարցերի մասին էին:

Իրեն հատուկ պրոֆեսիոնալ «չոր» ոճով (ինչպես նշել էին լիբանանահայ մամուլի ներկայացուցիչները), Նալբանդյանը հարցերին պատասխան տվեց, որոնցից շատերը, իր իսկ ակնարկով, ելույթներ էին... Նա հայտնեց, թե թուրքերը նույնպես շատ հետաքրքրված են Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմամբ, վկայակոչելով, որ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղից հետո իր իսկ առաջարկով Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ մինչեւ հաջորդ առավոտյան վաղ ժամերը բանակցություններ են կայացել Երեւանում... Թուրքերը նույնպես շահագրգռված են սահմանների վերաբացմամբ, որի դիմաց հայերը որեւէ «բան չունեն տալու...»:

Ընդհանրապես նախարարը լավատեսությամբ արտահայտվեց օտարերկրյա ներդրումների վերաբերյալ, հիշեցնելով, որ 50 լիբանանյան ձեռնարկություն արդեն գործում է Հայաստանում:

«Ռադիո Սեւանի»` ընդդիմությանը ցույց անելու իրավունքի մասին հարցի կապակցությամբ նա նշեց, որ ընդդիմությունը ցույց է անում, երբ ուզում եւ ցանկանում է... Որոշումը պատկանում է Երեւանի քաղաքապետարանին եւ նրա հետ համաձայնության գալուն:

Նախարար Նալբանդյանը հայտնեց, թե համաշխարհային տնտեսական դժվարին իրավիճակի պատճառով բազմաթիվ հայեր վերադառնում, ուրիշներն էլ ցանկանում են վերադառնալ հայրենիք:

Նույն գիշերը հրաժեշտ տալով Բեյրութին, կարեւոր այցով լինելով Հայաստանի եւ հայ ժողովրդի վաղեմի բարեկամ երկրումՙ Սիրիայում, հանդիպելով ղեկավարության հետՙ գլխավորությամբ նախագահ Բաշար Ասադի, այս կարեւոր դիվանագիտական այցը հասավ ավարտին:

ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆ, Բեյրութ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4