«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2009-03-04 | #38, 2009-03-05 | #39, 2009-03-06


ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԻՌԼԱՆԴԻԱՆ ՇԱՏ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ՄԻՄՅԱՆՑԻՑ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՇԱՏ ԲԱՆ ՈՒՆԵՆ

Իռլանդիայի Metro Eireann թերթն իր վերջին համարում հրատարակել է Հայաստանին նվիրված հավելված, որում տպագրվել է Իռլանդիայում ՀՀ դեսպան Վահե Գաբրիելյանի ընդարձակ հարցազրույցը: «Ազգն» այս մասին տեղեկացրել է իր ընթերցողներին` փոխանցելով դեսպանի հարցազրույցի առնչությամբ Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրությունը:

Հարցազրույցում ամենից առաջ նշվում է, որ 2005 թ. դեկտեմբերին Միացյալ թագավորությունում արդեն իսկ դեսպան Վահե Գաբրիելյանը առաջին դիվանագետն էր, որ նշանակվեց նաեւ Իռլանդիայում ՀՀ դեսպան:

Գաբրիելյանն անդրադառնում է հայ-իռլանդական երկկողմ հարաբերությունների զարգացման առավել խոստումնալից ոլորտներին ու հնարավորություններին, ընդգծելով, որ այդպիսիք թեեւ եղել են, բայց զարգացման նոր իրականություն ունեն: Մասնավորապես, դեսպանի խոսքերով, Հայաստանը հետաքրքրված է Իռլանդիայի փորձով այնպիսի հարցերում, ինչպիսիք են եվրոպական ինտեգրումը, տնտեսական հաջողություններն ու հակամարտության կարգավորումը, հարաբերությունների կարգավորումը լայն սփյուռքի հետ եւ այլն:

Հետաքրքրական է, որ դեսպան Գաբրիելյանն առանձնահատուկ նշել է երկու երկրների միջեւ կրկնակի հարկումից խուսափելուն վերաբերող համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը` որպես փոխադարձ գործարար հետաքրքրությունը խթանելու առաջին կարեւոր քայլերից մեկը:

Որպես հայ-իռլանդական համագործակցության հեռանկարային ոլորտներ դեսպանը թերթին տված հարցազրույցում առանձնացրել է մարդկային ռեսուրսների օգտագործման հնարավորություններն ու բարձր տեխնոլոգիաները, կրթական ու ոսկերչաադամանդագործական ոլորտները այն դիտարկմամբ, որ դրանք, ինչպես եւ Իռլանդիայի տնտեսության շատ ճյուղերի դեպքում, տրանսպորտային ծախսեր կատարող ու աշխարհաքաղաքական սահմանափակումների խնդիրներ ունեցող փոքր երկրների առավելությունն են:

Թերթը, դեսպանի խոսքով, պատմում է Իռլանդիայում սակավաթիվ հայ համայնքի գործունեության մասին: Հատուկ հիշատակվում են Դուբլինի Չեստեր Բեթի գրադարանում պահվող հայկական միջնադարյան ձեռագրերը:

Վահե Գաբրիելյանը հանգամանալից անդրադառնում է նաեւ արցախյան հիմնահարցի արմատներին եւ բանակցային գործընթացին: Հետաքրքրական է, որ հարցին, թե Հյուսիսային Իռլանդիայի խնդրի կարգավորման մեջ ներգրավված կողմերը արդյոք Հայաստանի կառավարությանը հակամարտության լուծման որեւէ խորհո՞ւրդ են առաջարկել, դեսպան Գաբրիելյանը պատասխանել է, որ Հայաստանը լրջորեն ուսումնասիրում է հակամարտությունների լուծման փորձն ու մատչելի ռեսուրսները:

Հարցազրույցն անդրադառնում է նաեւ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությանը եւ դրա հետեւանքով ձեւավորված սփյուռքի ու Հայաստանի հարաբերություններին, ի պարզաբանում թերթի այն հարցի, թե երկու երկրների մեծ սփյուռք ունենալու նմանության պարագայում ինչ եւ ինչպես է իրագործում Հայաստանը:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4