Նախաձեռնողը Հաագայում գործող «Թուրքերի նկատմամբ իրագործված ցեղասպանությունների ուսումնասիրման» հիմնադրամն է
«Ազգը» նախորդ համարում «Պաշտոնական Անկարան աշխատանքային խմբեր է գործուղում Վաշինգտոն» վերնագրով անդրադարձել էր ամերիկացի կոնգրեսականների հետ Ամերիկայի թուրքական եւ ադրբեջանական կազմակերպությունների ղեկավարների հանդիպմանը, որի գլխավոր թեման եղել է Հայոց ցեղասպանության հարցը, իսկ առաջադրանքըՙ թուրքական ժխտողականության հիմնավորումը:
Անդրադարձի համար հիմք էին ծառայել թուրքական մամուլի հրապարակումները: Թեեւ ինֆորմացիան մեծ արժեք չէր ներկայացնում, որովհետեւ ենթադրել էր Ցեղասպանության ճանաչման նախաձեռնությունները կանխարգելելու Թուրքիայի պետական առաջադրանքը, հրապարակումները, սակայն, պատեհ առիթ էին ստեղծում անդրադառնալու ԱՄն-ում գործող թուրքական կազմակերպությունների, մասնավորապեսՙ Ամերիկայի թուրքական միությունների ֆեդերացիայի եւ դրա ենթակայությամբ գործող Արտերկրում բնակվող քաղաքացիների խորհրդի գործունեությանը:
Հիշեցման կարգով նշենք, որ Ամերիկայի թուրքական միությունների ֆեդերացիան ներկայումս համակարգում է ԱՄՆ-ում գործող ավելի քան 40 թուրքական կազմակերպությունների գործունեությունը, իսկ Արտերկրում բնակվող քաղաքացիների խորհուրդը, որը 1998-ին Նյու Յորքում է ստեղծվել Թուրքիայի վարչապետի հրամանագրով եւ գործում է պետնախարարությանն առընթեր, մասնաճյուղեր ունի նաեւ Ավստրալիայում եւ եվրոպական երկրներում:
Արտերկրում Թուրքիայի քաղաքացիներին խորհրդատվական ծառայություն մատուցելու նպատակով հիմնադրված այդ խորհուրդն իրականում զբաղվում է հակահայկական քարոզչության մեջ թուրքերի ներգրավմամբ, որպեսզի բարձրացնի Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի արդյունավետությունը: Դա ենթադրում է Թուրքիայի պաշտոնական թեզիՙ ժխտողականության հիմնավորումը:
Սակայն, չնայած հիմնավորման ջանքերին, ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն անընդհատ ծավալվում է: Ծավալման պայմաններում սպառվում են ժխտողականության դիրքերը, դրա հիմնավորումն արդեն անիմաստ է դառնում: Գործընթացի ծավալումը կասեցնելու հրամայականով Թուրքիան այլ ելք չի գտնում, քան դիմել կանխարգելիչ նախահարձակ միջոցների: Այսպիսով, հայերի զոհը դարձած թուրքերի հիշատակը հարգելու կոչով ասպարեզ է իջնում «Թուրքերի նկատմամբ իրագործված ցեղասպանությունների ուսումնասիրման» հիմնադրամըՙ TGRF-ը:
Կոչի մասին դեռեւս փետրվարի 20-ին տեղեկացրել էր Անկարայում գործող Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հայկական ուսումնասիրությունների կենտրոնի ինստիտուտըՙ ամբողջական տեքստի հրապարակմամբ: Մինչ կոչի տեքստին անդրադառնալը նշենք, որ հիմնադրամը 2007-ի մարտի 17-ին ստեղծվել է Հոլանդիայի կառավարության նստավայր Հաագայում, մասնաճյուղեր ունի Նորվեգիայի եւ Ադրբեջանի մայրաքաղաքներում: Կազմակերպության հիմնադիր նախագահն է Օսլոյում գործող Թուրքերեն լեզվի եւ հարեւան երկրների ուսումնասիրության սկանդինավյան ինստիտուտի տնօրեն Սեֆա Մարտին Յուրուքելը:
Այս հիմնադրամը, ինչպես այդ մասին 2008-ի մարտի 27-ին Բեռլինում հրավիրված թուրք եւ ադրբեջանական արտերկրյա կազմակերպությունների համագումարում նշել է Յուրուքելը, 14-ը հուլիսի 1959-ը հռչակել է Իրաքի թուրքմենների, 22-ը նոյեմբերի 1963-ըՙ Կիպրոսի թուրքերի, իսկ 22-ը փետրվարի 1992-ըՙ Խոջալուի ցեղասպանության հիշատակման օրեր: Ըստ երեւույթին մարտի 15-ն էլ կհռչակվի Թուրքիայի թուրքերի ցեղասպանության օր:
Դրա համար հիմք է տալիս հիմնադրամի կոչը, որտեղ մասնավորապես ասված է. «Կոչ ենք անում 2009-ի մարտի 15-ին Թուրքիայի ժամանակով ժամը 12.00-ին մեկ րոպե լռությամբ հարգել թուրք պետական գործիչներ մեծ վեզիր Սաիդ Հալիմ փաշայի, ներքին գործերի նախարար Մեհմեդ Թալեաթ փաշայի, բանակի հրամանատար Ջեմալ փաշայի, «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաետտին Շաքիրի եւ Տրապիզոնի կուսակալ Ազմի բեյի հիշատակը, որոնց սպանել են Արեւմուտքի եւ Ռուսաստանի աջակցությունը վայելող հայերը:
1915-ին հայրենիքի պաշտպանության համար որպես նախազգուշական միջոց տեղահանության որոշում ընդունելու եւ որոշումը կիրառելու պատճառով հայ ահաբեկիչների կողմից նահատակված, այսպիսով քաղաքական ցեղասպանության զոհը դարձած մեր մեծամեծերիՙ Մեհմեդ Թալեաթ փաշայի, Սաիդ Հալիմ փաշայի, Ջեմալ փաշայի, Բեհաետտին Շաքիրի, Ազմի բեյի հիշատակին հարգանքի տուրք մատուցելովՙ մենք վերստին կփառաբանենք նրանց ծառայությունները, տեղահանության հարցում մեր իրավացիությունը հաստատելու եւ սեփական պատմությանը տեր կանգնելու ուղերձ կհաղորդենք երկրին ու արտերկրին: Ուստի, մարտի 15-ին Բեռլինումՙ Թալեաթ փաշայի նահատակման օրը, մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելու կոչ ենք անում աշխարհի տարբեր վայրերում բնակվող բոլոր նրանց, ովքեր իրենց համարում են թուրք եւ թուրքերի բարեկամ»:
Հայերի զոհը դարձած թուրք պետական գործիչների հիշատակը հարգելու «Թուրքերի նկատմամբ իրագործված ցեղասպանությունների ուսումնասիրման» հիմնադրամի կոչը մեկնաբանության կարիք չի զգում: Պարզապես ի գիտություն հիմնադրամի տնօրեն Սեֆա Մարտին Յուրուքելին հիշեցնենք, որ օսմանյան ռազմական ատյանը հայկական կոտորածները կազմակերպելու համար իթթիհատական այս արյունարբու դահիճներին հեռակա կարգով դատապարտել էր մահապատժի: Եթե այդ իթթիհատականների արժանիքը սպանված լինելն է, ապա նրանցից 17-ը 1926-ին Իզմիրում Աթաթուրքի դեմ մահափորձ կազմակերպելու համար կախաղան էին բարձրացվել, այդ թվում Իթթիհատ վե Թերաքքի կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ, «Հատուկ կազմակերպության» ղեկավար, դոկտոր Նազիմը: Որքան էլ նրանք սպանված լինեն ոչ թե հայ վրիժառուների ձեռքով, այլՙ Քեմալ Աթաթուրքի հրամանով, այնուամենայնիվ հայ ազգի դահիճներն էին: Հետեւաբար արժանիՙ թուրքական հարգանքի տուրքի: Չի կարելի խտրականություն դնել մարդասպանների մեջ:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ