«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2009-03-04 | #38, 2009-03-05 | #39, 2009-03-06


ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՃԱԽԱԿԻ ԱՅՑԵՐԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ ՀԵՂԻՆԱԿԱԶՐԿՈՒՄ ԵՆ ԽՄԲԻ ՁԵՎԱՉԱՓԸ

Երեկ «Նորավանք» կրթական հիմնադրամում «Առանցք» վերլուծական կենտրոնը ԼՂՀ հիմնահարցի քննարկում էր կազմակերպել: Քննարկման բանախոսներն էին գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանը , պատմաբան Սամվել Կարապետյանը եւ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը :

Քննարկման առիթը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան հաճախակի այցերն ու նրանց կարծիքներն էին:

Գլոբալացման եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը անընդունելի է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նման աշխատաոճը, նշելով, որ մեկ ամսվա ընթացքում երկու անգամ տարածաշրջան այցելելը վարկաբեկում է Մինսկի խմբի աշխատանքը: Քաղաքագետն այստեղից ենթադրում է, որ մոտ ժամանակներում հիմքեր էլ չկան առաջընթաց ակնկալելու բանակցային գործընթացներից: Պատճառներից մեկն, ըստ քաղաքագետի, Ղարաբաղի չմասնակցելն է բանակցային գործընթացներին. «Մինսկի խումբը այն ձեւաչափն է, որ բխում է հայ ժողովրդի շահերից: Առաջարկում եմ` Մինսկի խմբի համանախագահներին հաճախ չգալ տարածաշրջան, քանի որ շփոթության մեջ են գցում ե՛ւ Ադրբեջանին, ե՛ւ Հայաստանին, ե՛ւ ԼՂՀ հասարակությանը»:

«Հակամարտության ելքը կախված կլինի նաեւ Ռուսաստան-Թուրքիա փոխհարաբերություններից: Պատմությունը ցույց է տալիս, որ ռուս-թուրքական մտերմացումը երբեք չի ծառայել հայ ժողովրդի շահերին», ընդգծեց փորձագետը:

Այս առնչությամբ, նրա կարծիքով, Հայաստանը պետք է ձգտի ղարաբաղյան կարգավորման գործընթացում ներգրավել որքան հնարավոր է շատ սուբյեկտների, այդ թվումՙ Իրանին:

«Բացի այդ, հակամարտության կարգավորումը կախված կլինի այն բանից, թե Ադրբեջանն ու Հայաստանը, ինչպես նաեւ Ռուսաստանն ու այլ երկրներ ինչպես կհաղթահարեն գլոբալ տնտեսական ճգնաժամը», ասաց Գրիգորյանը:

Արկադի Տեր-Թադեւոսյանի խոսքով, սահմանի ամենափոքր փոփոխությունն իսկ կհանգեցնի բացասական արդյունքների. «Ոչ մի փոխզիջման գնալ չի կարելի, քանի որ Մարտունու մի մասը, Շահումյանը, Արծվաշենը եւ շատ այլ հողեր արդեն կորցրել ենք մեր իսկ մեղքով, մեր փոխզիջումն արդեն մեր թշնամու ձեռքերում է գտնվում»:

Արկադի Տեր-Թադեւոսյանը նշում է, որ որոշ հարցերում երբեմն մեղադրում ենք Ռուսաստանին, սակայն, ըստ նրա, պետք է նկատել, որ Ռուսաստանն էլ իր շահերն ունի տարածաշրջանում: Իսկ ղարաբաղյան հարցի լուծումը ռազմական ճանապարհով գեներալ Տեր-Թադեւոսյանն անիմաստ է համարում` նշելով, որ այս անգամ էլ, եթե նման փորձ կատարվի Ադրբեջանի կողմից, ապա վերջինս նորից պարտվելու է. «Միջազգային ռազմական փորձագետները վերլուծություններ են կատարել եւ պարզել, որ Ադրբեջանի կարողությունները չեն համապատասխանում այն չափանիշներին, որ հարձակում իրականացնի»:

Պատմաբան, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի խոսքովՙ մեր սխալը մեր հայրենիքը լավ չճանաչելն է: «Սրանք մեր տունը քանդող, մեր դիրքերը թուլացնող բաներ են, պետք է ջնջենք մեր ուղեղից փոխզիջում բառը»: Հայրենիքը վերջինիս համար տարածք չէ, քանի որ միայն տարածքն են փոխզիջումների ենթարկում. «Իմ կարծիքով, հայրենիքի նկատմամբ ճանաչողության բացակայությունն է, որ ոմանց թույլ է տալիս նման կարծիք արտահայտել: Մենք տանտիրոջ կեցվածք պետք է ունենանք, էլ ուր մնաց փոխզիջումների մասին խոսենք: Ի՞նչ է նշանակում Ադրբեջանի ամբողջականություն: Այն երկիրը, որ ոչ անուն ուներ, ոչ էլ հող. անունն էլ Ատրպատականից գողացավ ու մեր հողերի վրա այսօր խոսում է տարածքային ամբողջականությունից»:

Պատմաբանը հիշեցնում է, որ Հյուսիսային Արցախն ենք կորցրել, հազարամյա մեր հինավուրց գյուղերը. Շամխորի շրջանից` Չարդախլուն, Կաթնակերը, Ջագիրը, Դաշկեսանի շրջանից` Բանանցը, Խաչակապը, մոտ 15 գյուղ` վերջացրած Գետաշենի ենթաշրջանով, Շահումյանով ու Արծվաշենով. «Սրանք գերեվարված են եւ եթե փոխզիջումից ենք խոսում, ուրեմն ի վնաս հայկական կողմի է դա: Եթե, օրինակ, Քարվաճառը վերադարձվի Ադրբեջանին, ապա Դադիվանքը նույնպես կմատնվի Ջուղայի գերեզմանոցների ճակատագրին»:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4