Սյունիքի մարզը լեռնային է, ճանապարհների բազմաթիվ ոլորաններով ու սփռված բնակավայրերի սակավաթիվ բնակչությամբ: Հայաստանի հարավային այս հատվածի համար խնդիրների ուրույն շրջանակն է դարձել առաջնահերթ, բայց եւ կան ընդհանրական հարցեր, որ, սակայն, լեռնային ռելիեֆի պարագայում առանձնացած այս մարզում ավելի մեծ սրություն են ձեռք բերում:
Մարզի առողջապահության համակարգում առկա հիմնախնդիրներից է կադրային ապահովվածության հարցը: «Այսօր ունենք ավելի քան 65 բժիշկ մասնագետների կարիք: Մարզում 19 բժշկական փակ բաժնետիրական ընկերություններ են, որոնցից վեցը բժշկական կենտրոններ են, այսինքն` իրականացնում են ե՛ւ ստացիոնար, ե՛ւ ամբուլատոր պոլիկլինիկական ծառայություններ: Կան առողջության առաջնային պահպանման 11 կենտրոններ, որոնք հիմնականում ապահովում են գյուղական բնակչության բուժսպասարկումը: Ունենք մեկ նյարդահոգեբուժական դիսպանսեր եւ մեկ մարզային արյան փոխներարկման կայան», ոլորտում տիրող իրավիճակը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Աշոտ Ծատրյանը :
Մարզը տարբեր մասնագիտությունների գծով նեղ մասնագետների կարիք ունի: Ըստ Ծատրյանի պարզաբանման, «Բուժանձնակազմում 297 բժիշկ ունենք` 1400-ից ավելի աշխատակցից: Ունենք 37 կենսաթոշակային տարիքի բժիշկներ, բայց հաշվի առնելով մեր կադրային սղությունը` նրանք ստիպված դեռեւս շարունակում են աշխատել: Ունենք նաեւ շտապօգնության ծառայության բժիշկների կարիք»:
Վերջին տարիներին եզակի թվով երիտասարդ մանսագետներ են եկել մարզում աշխատելու, սերնդափոխության խնդիրը մնում է հրատապ: Յուրաքանչյուր տարի մարզպետը առողջապահության նախարարին միջնորդագիր է ուղարկում, որ բժշկական համալսարանն ավարտած որոշ ուսանողներ, տարվա մեջ հինգ-վեց հոգու համար, ուսուցումը օրդինատուրայում անցնեն պետպատվերի շրջանակներում: Ծատրյանի խոսքերով, «Այդ շրջանավարտների հետ կնքում ենք պայմանագիր, որպեսզի վերադառնան, բայց դա իրավաբանական ուժ չունի, ամեն պահի կարող են մարզ չվերադառնալ, բայց վեցից երեքը գոնե վերադառնում են, մյուսները տարբեր խնդիրների առաջացման պատճառով չեն վերադառնում»:
Նեղ մասնագետի աշխատավարձը 80-90 հազար է, բայց գինեկոլոգների, ծննդօգնության ոլորտում աշխատողների աշխատավարձը պետպատվերի պայմաններում բավականին բարձրացել է: Ինչ վերաբերում է շտապօգնությանը, ապա, թեկուզ ավտոպարկի առումով` 25 մեքենայից 18-ն են շահագործվում: Ըստ մարզպետարանի առողջապահության վարչության պետի, նախարարությունն այս տարի նոր մեքենաներ է գնելու, հանրապետության համար այդպիսիք կգնվեն մոտ 80-ը:
Հիմնախնդիր է նաեւ գյուղական բնակավայրերում բուժսպասարկումը: Մարզի 136 համայնքներից 101-ում կան բուժկետեր: Մարզում ստեղծվել է առողջության առաջնային պահպանման 11 կենտրոն: Մարզի գյուղական բնակավայրերում բնակչությունը սակավաթիվ է, ստիպված հարակից մի քանի գյուղերի բուժկետեր միացվել են, որ որոշակի թվաքանակ ապահովվի սպասարկվող բնակչության առումով, քանի որ ֆինանսավորումը կատարվում է ըստ բնակչության թվաքանակի:
Օրինակ, մարզում կա գյուղական ամբուլատորիա, որ սպասարկում է 19 գյուղերի բնակչությանը, մոտ 40 կմ շառավղով` ընդհանուր 3,5 հազար բնակչությամբ: Այս դեպքում էլ առկա է վառելիքի, տրանսպորտային միջոցի խնդիր, քանի որ այդ 19 համայնքներից միայն չորսն ունեն տրանսպորտային միջոց:
Բնակչության շրջանում, ինչպես եւ ողջ հանրապետությունում, առաջին տեղում սրտանոթային հիվանդույթուններն են, այնուհետեւ չարորակ ուռուցքներով, շաքարախտով հիվանդները եւ այլն: Մարզի կտրվածքով առանձին տարբերակում չկա, թե որեւէ հիվանդություն ավելի տարածված է:
Կադրային ապահովվածության խնդիրներից բացի, անհրաժեշտոթյուն կա ավելի ժամանակակից գործիքներով արդիականացնելու բուժհաստատությունները: Նաեւ օպտիմալացման ծրագրով ներքին կառուցվածքային փոփոխության պետք է ենթարկվեն մարզային հիվանդանոցները, այսինքն` միաձուլվեն միանման, կրկնվող ստորաբաժանումները, ազատվեն չօգտագործվող տարածքները եւ այլն: Այդ իմաստով այս տարի Գորիսի բժշկական կենտրոնի վերանորոգման աշխատանքներ իրականացնելու արդիականացման ծրագիր կա: Նման փոփոխություններ նախատեսված են նաեւ Մեղրու, Քաջարանի հիվանդանոցներում: Մեղրիում կա հիվանդանոց, բժշկական կենտրոն, որն ունի ստացիոնար ծառայություն եւ պոլիկլինիկա: Կառավարության օպտիմալացման ծրագրով նախատեսվում է, որ պոլիկլինիկական ծառայություններն ամբողջովին տեղափոխվեն Մեղրու հիվանդանոցի մասնաշենք, որի համար հատկացվելու է 64 մլն դրամ:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Կապան-Երեւան
Հ.Գ. Նյութը պատրաստվել է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ Սյունիք լրագրողական այցելության շրջանակներում: