«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2009-03-04 | #38, 2009-03-05 | #39, 2009-03-06


Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ ՃԳՆԱԺԱՄ, Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ` ԳԵՐՇԱՀՈՒՅԹ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մինչ հայրենի կառավարությունը տեղեկատվական լծակներն օգտագործելով` փորձում է մեղմել դոլարը լողացնելու պատճառով առաջ եկած խառնաշփոթը, լրագրողի առաջին խնդիրն է դիտարկել խառնաշփոթի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններից աննկատ մնացածները եւ այդ մասին բարձրաձայնել: Մեր սուբյեկտիվ կարծիքով, պահի անորոշությունն ու մեկ-երկու շաբաթից հետո «ինչ լինելու» առեղծվածն այս իրավիճակում դեռ կարող են անել իրենց սեւ գործը: Այս իրավիճակում, կարծում ենք, կառավարություն կազմած մեր կոալիցիոն կուսակցությունները եւս իրենց խորհուրդներում պետք է քննարկեն վիճակը, անգամ հրատապ միջոցառումների փաթեթներ առաջարկեն` որպես մեթոդական օգնություն իրենց կազմած կառավարությանը: Բայց ումո՞վ: Մի պահ խորհրդարանը մտքով քրքրելով` հասկացանք, որ պատգամավորների մեջ տնտեսագետները շատ քիչ են. մի Վարդան Բոստանջյան է, մի Գագիկ Մինասյան, մի Արա Նռանյան, մի Արծվիկ Մինասյան` նրանց տեսակետներն արդեն մամուլը ոչ մեկ անգամ հասցրել է ընթերցողին: Էստեղ են ասել` որ կուսակցական ցուցակ եք կազմում, նախ տնտեսագետ ու իրավաբան մասնագետների ընդգրկեք, քանզի կառավարող կուսակցություն եք, երկիր ու տնտեսություն եք ղեկավարելու. բայց դե ցուցակ կազմելիս ո՞վ է խորհուրդ լսում` ճխտում են փողի ու այլ լծակների «գյորա», այդ ցուցակներում ով ասես ընդգրկվեց եւ ով ասես խորհրդարան մտավ, ու հիմա ունենք այն, ինչ ունենք: Ու շոկային վիճակում որ խորհրդարանականներից ուզում ես կարծիք հարցնել, մարդ չես գտնում, որ տնտեսագիտության «այբֆե»-ից տեղյակ լինի: Վարդան Բոստանջյանն, օրինակ, կանխատեսում է, որ կառավարումը նույն կերպ շարունակելու դեպքում տեղի ունեցածը կկրկնվի եւ այդ բացառելու համար որակյալ ու ճիշտ կառավարում է պետք: Արա Նռանյանն էլ է ամեն ինչ պայմանավորում կառավարության օպերատիվ եւ ճկուն քայլերով, հատկապես` արտադրողի թիկունքին կանգնելով, հակառակ դեպքում վիճակը չի կարող լավանալ: Գագիկ Մինասյանն ավելի հանգիստ է եւ հակված է մտածելու, որ ամեն ինչ կմեղմվի-կկարգավորվի, դոլարն էլ կլողա մինչեւ 360 դրամ (այդպիսի միտումներ երեկվա դրությամբ, իրոք, նկատելի էին): Աստված գիտե` արդյո՞ք հենց այդպես կլինի, թե ինչպես որոշ մասնագետ շրջանակներ են կանխատեսում` դրամ-դոլարի այսպիսի ցնցումային տատանումները դեռ մի քանի անգամ կկրկնվեն, այդպիսով խուճապ ստեղծելու միջոցով մի քանի հանգրվանով հավաքելով դրամն ու դոլարը բնակչության գնողունակ մասի ձեռքից եւ իրենց բիզնեսն այդ ակամա ֆինանսավորողի դրամական միջոցներով եռապատկելով ու քառապատկելով, սա կարող է ծառայել միայն ու միայն գերհարուստ մի քանի հոգու, եւ ոչ երկրին ու նրա բյուջեին, առավել եւս բնակչության գերակշիռ մասին: Մեր գործադիրն առավել, քան երբեւէ, հիմա պետք է իրադարձություններից եւ մի քանի օլիգարխից առաջ անցնի իր մտածված գործողություններով, այլապես ձեռքից բաց կթողնի իրադարձությունների վերահսկելիությունը:

Նկատենք, որ մարտի 3-ի շոկի մեջ մի կարեւոր հանգամանք, այնուամենայնիվ, աչքաթող արինք` փոխարժեքի գնման եւ վաճառքի մեծ տարբերությունը: Սա մի քանի ենթադրությունների տեղիք է տալիս. նախ այդպիսի մեծ տարբերությունը հազիվ թե հնարավորություն տար առաջարկ-պահանջարկ ձեւավորելու, այդպիսով կուրսն արագ կարգավորելով: Ավելի շուտ այդպիսի մեծ տարբերությունը պարզ սպեկուլյացիայի արդյունք է եղել, որը թույլ է տվել նույն դրամատերերին մեծ տարբերության շնորհիվ ահռելի միջոցների տեր դառնալ, քանի որ ադ օրվա միջին փոխարժեքը 370 դրամի սահմաններում է եղել հենց ԿԲ-ի երեկոյան հաղորդագրությամբ: Սա աչքաթող է արվել, մինչդեռ հարկ կա, որ հենց սրանով զբաղվեն համապատասխան պատասխանատուները` ստացված գերշահույթները լրացուցիչ հարկելով:

Երբ օրեր շարունակ ԿԲ-ն վաճառում էր իր պահուստային դոլարը, որ կայուն պահի դրամի փոխարժեքը` սրա եւ վերջին երեքօրյա այս արժեզրկման հակասությունն այն է, որ դոլարը շարունակ այդպիսի թանկ գնով կայուն պահողները հավանաբար մասնագիտական հաշվարկ կանեին, թե ինչպե՞ս են մի քանի օրում ի դերեւ ելնելու իրենց ջանքերը ու առավել մտածված կմատուցեին «լողացնելու» պահն ու կերպը: Չգիտենք` արդյո՞ք քաղաքական պատճառներով դոլարի կուրսը լողացող դարձավ մարտի 1-ից հետո միայն. այդպիսով ստեղծված խուճապը հարվածի տակ դրեց նախ գործադիրին, ու այստեղ չենք կարող հստակ ասել` դոլարի կուրսը զոռով պահելու օգո՞ւտն է շատ, թե լողալուց հետո գործադիրին ու մարդկանց հոգեբանությանը տված վնասները` նախ շատ էժան դոլար կորցրեց պետությունը, իսկ խանութների բաբելոնյան խառնաշփոթը շատ որոշակի սոցիալական դժգոհության առիթ դարձավ` քաղաքական ուղերձներով: Համենայն դեպս` անընդհատ կարելի էր լսել. «Էս ի՞նչ են անում ժողովրդի գլխին, մնաց սպանեք, էլի»:

Այլ ենթադրություն էլ կարելի է անել, եթե մարդ ընդդիմադիր լինի: Օրինակ, այսպիսի խելքից դուրս առեւտուրը մի քանի` ձեթ, ալյուր, կարագ, շաքարավազ ներկրող օլիգարխի այս երկու օրը դարձրին մեր պետության բյուջեից շատ ավելի մեծ գերշահույթների տեր, որոնց խանութներում հենց գործող փոխանակման կետերը զբաղվում էին նրանց վաստակած գումարները դոլարի վերածելով: Շահեցին նրանք, այդ մի քանի ներմուծողը` ոչ պետությունը, ոչ հասարակության լայն շերտերը: Եթե լավ մտածենք` անուններն ինքներդ գիտեք, այդ մի քանի օլիգարխը իշխող կուսակցությունների շրջապատից են, եւ արի ու ընդդիմադիրի պատուհանը բացելով` մի մտածի, որ այդ գումարներից մասհանումներ չեն լինելու քաղաքապետի ընտրությունների քարոզարշավին, Հանրապետականի ունեցած թեկնածուի վարչական ռեսուրսին գումարած: Այսինքն` անխուսափելի լողացող կուրսը, որ երկար ու մի կերպ պահում էին, ախր շատ հարմար ժամանակ բաց թողեցին, որի շնորհիվ հաստատ խելքից դուրս դրամական ազատ միջոցներ գոյացան, լույս` օգտագործողին:

Մյուս կողմից էլ մեր ժողովրդի` ձեռքին փող ունեցող հատվածին էլ «մալադեց», նա էլ իրեն շատ «լավ» պահեց` էս մի քանի օլիգարխի ջրաղացին ջուր լցնելով. այնպիսի հարայհրոցով էր (եւ` է՛) ձեթը, կարագն ու շաքարավազը կրում, կարծես աշխարհի վերջն է, ու եթե ունեցողն ուտի, չունեցողը մեռնի, դա է գերնպատակ: Այդպես էլ ստեղծեցին խուճապը, իսկ մեր կուրսը լողացնողները ալարեցին այդ լողացնելու պահից քիչ առաջ ուղիղ եթեր ուզել, ու հենց հեռուստատեսությամբ ժողովրդին բացատրել` որքա՞ն դոլար կա պահուստում, որքան են ժողովրդին կերակրելու հնարավորությունները, մի խոսքով` թվերով ապացուցեր, որ երկրում առկա է այս ու այսքան, եւ մարդկանց սովամահություն չի սպասում: Իսկ խուճապը ոչ միայն լավ խորհրդատու չէ, այլեւ երկրորդվելու սովորություն ունի: Այս պահին դոլարը կանգնած է 375-380-ի վրա: Բայց հենց կրկին բարձրանա ու դառնա 390 (ինչը գերշահույթ ստացողների ախորժակներին նայելով եւ Աշոտ Շահնազարյանի խոստացած վարույթներից անկախ կարող է լինել), շոկը կարող է եւ ավերներ գործել: Սակայն վտանգը փոխարժեքի թանկացման հետեւանքով ներմուծվող ապրանքների թանկացումների հետ էլ է կապվում, եւ այն, որ ապրիլի 1-ից թանկանալու են էներգիայի, գազի, եւ այլ սակագներ, ներմուծվող վառելիքի գինը (այն հիմա արդեն թանկացել է), սա նույնպես ապագայի հանդեպ անվստահություն է ստեղծում: Մեր համատիրության աշխատակիցն, օրինակ, ամեն ամիս աղբահանության եւ սպասարկման վարձի 1200 դրամի դիմաց (3 հոգու) հայտարարեց (ով սարսափ), որ ապրիլի 1-ից գանձելու է 2 հազար դրամ: Այդ բոլորը կարող է բարդանալ մեր արդյունաբերական հատվածի կաթվածահար լինելու, գործազրկության ավելացման, ներմուծման եւ սպառման ծավալների հնարավոր կրճատման պատճառով, ե՛ւ այստեղ, ե՛ւ ռուսական 500 մլն-ը, ե՛ւ ԱՄՀ 540 մլն-ը ընդամենը կարող են կոսմետիկ նշանակություն ունենալ:

Ասենք` դա նաեւ կախված է Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարության քայլերից, որը եթե կարողանա գոնե համաչափ քայլել տեղի ունեցողի համեմատ, գուցե եւ ամեն ինչ տեսած հայերս այս մի ճգնաժամն էլ առայժմ հաղթահարենք` մինչեւ տեսնենք...


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4