«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2009-03-04 | #38, 2009-03-05 | #39, 2009-03-06


ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՆԱՃԻ ՄԵՂՄԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐ, ՍԱԿԱՅՆ ԴԵՂԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ՆՈՐ Է ՍԿՍՎՈՒՄ

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ

  «Ազգը» շարունակելով նոր գնագոյացման իր մոնիտորինգը, երեկ երեկոյան կրկին այցելեց Տիգրան Մեծի փողոցում գործող «Երեւան սիթի» սուպերմարկետ, համեմատելու, թե նախորդ օրվա համեմատ ինչ փոփոխություններ են եղել: Նկատելի էր, որ նախորդ երկու օրերի խուճապային իրավիճակը քիչ թե շատ հանդարտվել էր, սակայն առեւտուրն առաջվա հետ համեմատած մի քանի անգամ ավելացել էր: Մենք կարողացանք տեղեկանալ, որ վերջին երկու օրերին գնումներ է կատարել շուրջ 19.000 գնորդ: Իսկ գները 10-20 դրամով նվազելով փոխվել էին նրբերշիկների ու պահածոների ցուցափեղկերում: Տարօրինակ էր, որ հենց այդ սուպերմարկետի տնտեսական ապրանքների բաժնի բոլոր ապրանքների գները բարձրացել էին 100-3.500 դրամովՙ կախված ապրանքների գներից: Խանութպանն օգտվելով առիթից, որ առջեւում կանանց տոնն է ու այդ առիթով առեւտուրը շատ կլինի, ինքն էլ իր գներն էր մշակել ու հաշվի չէր առնում հաճախորդների հորդորները. «Այ մարդ, սրանք էլ հո սնունդ չեն, որ թանկացրիր, բա դու խիղճ ունե՞ս, գոնե թողնեիր մեր կանանց սիրտը շահեինք»:

Իսկ քիչ հեռու դեղատան աշխատակիցը (ի դեպ, երեկ նրանք փակել էինՙ նոր գնապիտակներ ամրացնելու համար) չցանկացավ տեղեկություններ տալ, բայց գնորդի աչքից չէր վրիպում հին գնի վրա նոր կպցրածը: Նշեմ մի քանիսըՙ «պենտալգինը» 1450 դրամից դարձել էր 1750, «անալգինի» 1 հաբը 50-ից դարձել էր 65 դրամ, «կոլդրեքսի» 1 հաբը 210-ից դարձել էր 250, վալերիանայի հաբըՙ 100-ից 110

դրամ եւ այլն: Ագաթանգեղոսի փողոցում գտնվող դեղատան աշխատակցուհին տեղեկացրեց, որ արդեն իրենց դեղ մատակարարող «Ալֆա-ֆարմ» ընկերությունը պահանջել է 22 տոկոսով դեղորայքի գները թանկացնել: Սակայն սրտացավ ու բարեխիղճ տնօրենությունը, որպեսզի չկորցնի իր հաճախորդներին, հաշվի է առել նաեւ գնային նոր թանկացումներն ու դեղերի գները բարձրացրել է 15 տոկոսով: Այժմ նշեմ, թե ամենաանհրաժեշտ ու պահանջարկ ունեցող դեղերը ի՞նչ գնով կարելի է գնել միայն այդ դեղատանը: Արյան ճնշման եւ սիրտ-անոթային հիվանդությունների համար օգտագործվող «Պրեդուկտալ ՄՌ»ՙ 4.600-ից դարձել է 5.600 դրամ, «Նոլիպրիլ ֆորտե»ՙ 4.600-ից 5.600, «Էնապ-H»ՙ 1.900-2200 դրամ: Ցավազրկող դեղորայքից «Կաֆետին»ՙ 600-700 դրամ, ասկոֆենի մեկ հաբըՙ 100-120 դրամ, հոդացավերի համար դեղորայքիցՙ կալցեմինՙ 2.700-3.350 դրամ, «Բուրդոն» քսուքըՙ փոքր չափիՙ 700-900, մանկական ջերմ իջեցնող «Պանադոլ» օշարակըՙ 1.100-1.450, գրիպի համար տրվող «Տերաֆլուի» 1 հաբըՙ 210-260 դրամ եւ այսպես շարունակ դեռ 15 տոկոսի դեպքում: Ի դեպ, այդ դեղատանը հին արտադրված դեղերի գները մնացել էին նույնը: Մնում է դուք հաշվեք, թե որքան կբարձրանան գները 20-30 տոկոսի ժամանակ, որը տեղի կունենա առաջիկայումՙ ըստ դեղատան աշխատակիցների, որոնցից շատերն արդեն փակել են կրպակներն ու սպասում են...

Տարօրինակ էր, որ բջջային հեռախոսները երեկվանից թանկացան 30 եւ ավելի տոկոսով: Իսկ երբ հարցրինք, թե ինչո՞ւ, պատասխանեցին. «Մեկ ամիս առաջ 20 տոկոսով էժանացրել էինք ու տուժել, եւ հիմա ամեն ինչը թանկանում է, հո մենք սպիտակ ագռավ չենք դառնալու եւ որոշեցինք 30 տոկոսով թանկացնել: Գնողը կգնի, չգնողն էլՙ կնայի ու կգնա»:

  «Ազգը» կփորձի հետեւողական լինել, քանզի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը վստահեցնում է, որ «աժիոտաժ չկա, դեֆիցիտ չի լինելու եւ չկա», ու գների աճ կանխատեսվում է 15 տոկոսի չափով, սակայն փաստերն ավելի խոսուն են, քան հանձնաժողովի մոնիտորինգի արդյունքները, որից հետո գները կրկին բարձրացվել էին եւ, օրինակ, կլոր բրինձի գինը հասել էր 1020 դրամիՙ 1 կգ-ի համար:

  «Ազգը» կփորձի հաջորդ օրերին դիտարկումներ անել կենցաղ սպասարկման վայրերում, իսկ թե ինչի՞ ականատեսը կլինենք, այդ մասին հաջորդիվ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4